
Տիգրան Ավինյան․ «Ոստիկանությունը մտադիր է խիստ պատժաչափ սահմանել պետհամարանիշների գողության համար»
Ոստիկանությունը քայլեր է ձեռնարկում ավտոմեքենաների զույգ պետհամարանիշների գողությունների դեպքերով խիստ պատժաչափեր սահմանելու համար: Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ասաց փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը` արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցին: Պատգամավորը հարցրեց այն մասին, որ վերջին շրջանում նման գողության դեպքերը շատացել են, և քաղաքացիները խնդրի մասին ահազանգել են պատգամավորներից շատերին:
Ավինյանը տեղեկացրեց, որ ոստիկանությունը ակտիվ աշխատում է այս խնդրի լուծման համար, մի քանի ուղղությամբ քննարկումներ են ընթանում, որոնցից մեկն այն է, որ պետհամարանիշերի տրամադրումը լինեն չիպերով, որպեսզի դրանց գտնվելու վայրը պարզվի: Քննարկվում է նաև գողության դեպքերի համար պատասխանատվության խստացման հարցը:
«Նաև ռեգիստրներից կախված, որ հնարավոր լինի վերականգնել այդ համարանիշները: Կարծում եմ` ոստիկանությունը սեղմ ժամկետում տվյալ հարցի լուծման համար նախաձեռնությամբ հանդես կգա, մենք էլ հրատապ ռեժիմով կուղարկենք ԱԺ»,- ասաց Ավինյանը:
Մեկնաբանել