HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում բացվել է լրագրող ազատամարտիկների լսարանը

Մայիսի 5-ին Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում տեղի ունեցավ լրագրող ազատամարտիկներին նվիրված լսարանի բացումը։ Լսարանում կողք կողքի են ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներ Նորայր Մարությանի (Արցախյան 1-ին պատերազմի մասնակից), Վաչագան Մանուկյանի, Սլավա Բադալյանի և Աշոտ Խաչատրյանի լուսանկարները (Արցախյան 2-րդ պատերազմի մասնակիցներ):

Միջոցառմանը ներկա էին զոհված հերոսների ծնողները, հարազատները, ֆակուլտետի  պրոֆեսորադասախոսական կազմը, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանի խոսքով ՝ այս օրը յուրաքանչյուրի համար յուրահատուկ խորհուրդ ունի:

«Նորայրը, Վաչագանը, Սլավան և Աշոտը տարբեր էին իրենց էությամբ, բնույթով և բնավորությամբ, բայց նույնն էր նրանց երազանքը՝ կառուցել հզոր երկիր, ունենալ հզոր բանակ և երջանիկ ժողովուրդ»,- ասաց Նաղաշ Մարտիրոսյանը:

«Սլավայի աշխատասիրությունը, սերը դեպի իր մասնագիտությունը ինձ ոգևորեց, և եթե հնարավորություն ունենամ, մագիստրատուրայում լրագրության ֆակուլտետ կընդունվեմ»,- այսպես է եղբոր մասին խոսում Վիկտորյա Բադալյանը՝ 44-օրյա պատերազմում զոհված Սլավա Բադալյանի քույրը:

Վիկտորյայի խոսքով՝ Սլավան երբեք հայրենասիրությունից չի խոսել, մինչդեռ իր գործով ամեն օր ապացուցում էր սերը դեպի հայրենիքը: Սլավայի խոսքերն են՝ «հայրենիքը մարդիկ են, հայրենասիրությունը՝ քեզ տրված առաքելությունը»:

«Եվ գիտեմ, որ ամեն մեկը գալու է այս լսարան և փորձելու է ճանաչել այս հերոսներին, փորձելու է ամեն մեկի կենսագրության մեջ փնտրել իր հայրենիքի հավերժությունը»,-ասաց Վաչագան Մանուկյանի հայրը՝ Խաչիկ Մանուկյանը:

Աշոտ Խաչատրյանը 2020թ․ էր ընդունվել լրագրության ֆակուլտետ, սակայն նա ոչ մի օր չհասցրեց գնալ համալսարան: Աշոտն ընդունվեց և զորակոչվեց բանակ: Մայրը՝ տիկին Անժելան, ելույթի ընթացքում պատմում էր Աշոտի՝ իր հայրենիքը կորցնելու մտքերի մասին: Նաև նշեց, որ երբ Աշոտը ընդունելության քննության համար շարադրություն էր գրել, ընտրել էր «Իմ կյանքի շրջադարձային օրը» թեման և պատմել Եռաբլուր իր այցելության մասին. «Նա ինձնից թաքուն էր գնացել: Եվ շարադրության մեջ ներկայացրել էր իր ապրումները: Յուրաքանչյուրի շիրմաքարին խոստում էր տվել, որ իրենց կիսատ թողածն անպայման ավարտին է հասցնելու»,-ասաց տիկին Անժելան:

Միջոցառման ընթացքում ներկաները հիշեցին զոհված հերոսների կյանքից դրվագներ և հույս հայտնեցին, որ այս չորս հերոսների կողքին չեն ավելանա նոր անուններ:

Լսարանի բոլոր հնարավորություններից կօգտվեն և´ Ժուռնալիստիկայի, և´ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետների ուսանողները:

Էլիզա Գրիգորյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 3-րդ կուրս

Լուսանկարները՝ journalist.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter