HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Զորակոչից խուսափած և հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ համաներում կկիրառվի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Խորհրդարանը միաձայն` 83 կողմ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:

Նախագիծը կարգավորում է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ՝ 27 տարին լրացած, (պահեստազորի դեպքում` 35) պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև հայտարարված վարժական հավաքից և (կամ) զորահավաքային զորակոչից խուսափած և Քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ համաներում հայտարարելու հետ կապված հարաբերությունները:

Համաներում կհայտարարվի (քրեական գործի հարուցումը կմերժվի, հարուցված քրեական գործի վարույթը կկարճվի, ինչպես նաև չի իրականացվի քրեական հետապնդում կամ կդադարեցվի քրեական հետապնդումը) այն անձանց նկատմամբ, որոնք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով` զինծառայության զորակոչից, վարչական հավաքից խուսափելու հատկանիշներով:

Օրենքի շահառու են համարվելու ոչ միայն մինչ 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ, այլ նաև մինչև օրենքի ուժի մեջ մտնելը պարտադիր զինծառայության զորակոչից խուսափած անձինք, սակայն պատերազմի ընթացքում զորահավաքային զորակոչից կամ վարժական հավաքից խուսափած անձինք ենթակա են քրեական պատասխանատվության:

Ըստ ոստիկանության տվյալների` մայիսի 4-ի դրությամբ Քրեական օրենսգրքի 327 հոդվածի առաջին մասի հատկանիշներով հետախուզվում է 5433 անձ:

Համաներում կհայտարարվի այն անձանց նկատմամբ`

  • որոնք դատապարտվել են ազատությունից զրկվելու պատժի,
  • որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է,
  • որոնք դատապարտվել են ազատությունից զրկելու հետ չկապված պատժի

 Համաներում չի կիրառվի`

  • այն անձանց նկատմամբ, որոնց դեպքում վերջին տասը տարվա ընթացքում` նշանակված պատժաչափը կրճատվել է Հայաստանի Հանրապետության նախագահի` ներում շնորհելու մասին հրամանագրի կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համաներման ակտի հիման վրա, կամ որոնց պատիժը կրելուց ազատել են Հայաստանի Հանրապետության նախագահի` ներում շնորհելու մասին հրամանագրի կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համաներման ակտի հիման վրա,
  • կամ որոնց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համաներման ակտի հիման վրա,
  • նաև այն անձանց նկատմամբ, որոնք Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքը կատարել են մեկ այլ գործով նշանակված՝ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում սահմանված փորձաշրջանի ընթացքում:

Օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

Ուժի մեջ մտնելուց հետո նման անձինք պետք է կամովին ներկայանան քրեական հետապնդման մարմիններ կամ դատարան, եթե գործը դատարանի վարույթում է, որտեղ էլ համաներման կիրառման հարցը կքննարկվի իրավասու մարմնի կողմից, և համապատասխան որոշում կկայացվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter