HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ն. Փաշինյան. բյուջեի եկամտային մասն առաջին եռամսյակում գերակատարվել է 22 մլրդ դրամով

Կառավարության մայիսի 6-ի հերթական նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը, խոսեց ապրիլ ամսվա հարկային եկամուտների մասին:

«Ապրիլի հարկային եկամուտները, ներառյալ՝ դրոշմանիշային վճարները, կազմել են շուրջ 180 մլրդ դրամ: Սա մեկ ամսվա ընթացքում հարկային եկամուտների պատմական ռեկորդ է Հայաստանի համար»,- ասաց նա:

Վերջինս հիշեցրեց, որ անցյալ տարի կորոնավիրուսի համավարակի հետ կապված կարգավորումներով հնարավորություն տվեցին շահութահարկի կանխավճար չվճարել։ «Այս որոշումը նույնպես որոշակի ազդեցություն ունեցել է հավաքագրումների վրա, ինչը ոչ թե վատ է, այլ լավ: Ըստ էության, նախկինում կայացրած մեր որոշումն արդարացվել է, և դժվար ժամանակներում հնարավորություն ենք տվել, որպեսզի այն գումարները, որոնք պետք է բիզնեսը վճարեր, մնան շրջանառության մեջ և օգնեն ճգնաժամի պայմաններում ավելի բարենպաստ վիճակում գտնվել»,- պարզաբանեց վարչապետը:

Փաշինյանը հիշեցրեց նաև, որ բյուջեի եկամտային մասն առաջին եռամսյակում գերակատարել են շուրջ 22 մլրդ դրամով, նաև հույս հայտնեց, որ այս տեմպը կկարողանան ոչ միայն պահպանել, այլև ավելացնել:

Հաջորդ ցուցանիշը, որին վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ, ավելացված արժեքի հարկի վերադարձին էր վերաբերում:

«Հարյուր միլիարդավոր դրամների անհույս պարտքեր են կուտակած եղել: Ապրիլի դրությամբ մենք բիզնեսին հարկերի վերադարձման գծով ունենք պարտքերի պատմական մինիմում: Ապրիլի արդյունքներով՝ պարտքը կազմել է 67.4 մլրդ դրամ, ընդ որում՝ գերազանցել ենք մեր իսկ ռեկորդը: 2020 թվականի օգոստոսի պարտքը եղել է էլի պատմական մինիմում՝ 69.4 մլրդ դրամ: 2018 թվականի դրությամբ մոտ 276 մլրդ դրամի պարտք ունեինք բիզնեսին: 3 տարվա ընթացքում 200 մլրդի չափ գումար ենք վերադարձրել բիզնեսին: 2019 թվականին պետբյուջեի եկամտային մասի գերակատարման արդյունքներով մոտ 50 մլրդ-ին մոտ վերադարձրինք բիզնեսին: Սրանք այն գումարներն էին, որոնք կուտակվել էին շատ երկար ժամանակներում, և վարադարձի հույս որևէ մեկը չուներ»,- հայտնեց Փաշինյանը:

Ըստ նրա՝ 2021 թվականի ապրիլին կատարված գործարքները 8.8 մլն հատով կամ 24 տոկոսով ավելի են 2019 թվականի ապրիլից, իսկ դրանով արձանագրված շրջանառության ծավալները՝ մոտ 130 մլրդ դրամով կամ 26.6 տոկոսով ավելի են 2019 թվականից:

ՊԵԿ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Հովհաննիսյանը հավելեց, որ ապրիլի եկամուտներով հանդերձ՝ 4 ամիսների հարկային հավաքագրումները կազմում են 513 մլրդ դրամ, որը նախորդ տարվանից ավելի է 12.3 մլրդ դրամով, իսկ 2019 թվականի 4 ամիսներից՝ 46.5 մլրդ դրամով:

«2021 թվականը 4 ամիսների կտրվածքով՝ գործարքների քանակով 2019-ից ավելի է 35.7 մլրդ դրամով, իսկ դրամաշրջանառության մասով՝ 372 մլրդ դրամով: 4 ամիսների ընթքացքում բիզնեսին վերադարձված փոխհատուցման ենթակա գումարները կազմել են 54 մլրդ դրամ, նախորդ տարի այն կազմել է 46.5 մլրդ դրամ, 2019-ին՝ 38.3 մլրդ դրամ»,- նշեց Հովհաննիսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter