
Մայիսի 7-ից հուլիսի 31-ը ամառային զորակոչ կիրականացվի
2021 թվականի մայիսի 7-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ տեղի կունենա արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը ներառյալ։ Որոշումն ընդունվել է Կառավարության մայիսի 6-ի նիստում չզեկուցվող հարցերի փաթեթով:
Բանակ կզորակոչվեն նաև այն քաղաքացիները, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը ներառյալ:
Մինչև 2021 թվականի հուլիսի 31-ը ներառյալ կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:
2021 թվականի ամառային զորակոչից խուսափող Հայաստանի քաղաքացիների տվյալները կուղարկվեն ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ, իսկ զորակոչի ավարտից հետո նրանց վերաբերյալ կազմված նյութերը՝ Քննչական կոմիտեի համապատասխան կայազորային քննչական բաժիններ։
Կառավարությունը Գլխավոր դատախազին կառաջարկի շարունակել զորակոչից խուսափող քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը:
Մեկնաբանել