HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ա. Գրիգորյան. «Պարտվել ենք, որովհետև անցած 10-20 տարիներին նույն տեմպով աշխատանք չի կատարվել»

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, լրագրողների հետ զրույցում խոսելով պատերազմում պարտվելու մասին՝ ասաց, որ նախկին իշխանությունների գորոծողությունները նպաստել են ներկայիս իրավիճակին:

«Ադրբեջանը շարունակաբար ռազմական բյուջե էր ավելացնում, Հայաստանը էդ ուղղությամբ գրեթե ոչ մի քայլ չէր անում: Շուտով կհրապարակենք, թե 2018-2020 թվականներին, ի համեմատություն 2016-2018 թվականների, մեր իշխանությունն ինչեր է արել գրեթե բոլոր ուղղություններով, սպառազինությունն ենք ավելացրել: Պարտվել ենք, որովհետև անցած 10-20 տարիներին նույն տեմպով աշխատանք չի կատարվել: 2017 թվականին ռազմական բյուջեն մոտ 207 մլրդ է եղել: Առաջին տարին, որ մենք բյուջե ենք ընդունել, եղել է 2018 թվականին 2019 թվականի համար, մենք 309 մլրդ ենք դարձրել, և սա արտացոլվել է սպառազինության գրեթե բոլոր ուղղություններով»,- նշեց ԱԽ քարտուղարը:

Ըստ նրա՝ եթե Սերժ Սարգսյանի 2016-2018 թվականների կառավաման շրջանում ձեռք է բերվել ցանկացած տեսակի զենքից, օրինակ՝ 50 միավոր, իրենք 300-ից բարձր թվով են ձեռք բերել:

Գրիգորյանը սուտ համարեց Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե նա պատրաստվում էր ձեռք բերել ԱԹՍ-ների մեծ խմբաքանակ, իսկ իշխանությունն այդ գնումը չեղարկել է։

«Եթե 2016-2018 թվականին Սարգսյանը ձեռք է բերել պայմանական x քանակի ԱԹՍ, մենք 2018-2020 թվականներին x անգամ 7 ենք բերել սպառազինության մասով: Եթե Սարգսյանի ժամանակ պլանավորված է եղել պայմանական 1000 ԱԹՍ ձեռք բերել, մենք այդ պլանը բարձրացրել ենք 1800-ի»:

Լրագրողի այն հարցին՝ արդյոք Արմեն Գրիգորյանը համամիտ է Նիկոլ Փաշինյանի՝ երեկ Ազգային ժողովի ամբիոնից հնչեցրած այն հայտարարությանը, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են կապիտուլյանտ ու դավաճան, ԱԽ քարտուղարը պատասխանեց՝ միանշանակ:

Անդրադառնալով Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանի՝ միավորվելու վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին արված առաջարկին, Գրիգորյանն ասաց. «Հետաքրքիր է, որ պատերազմի ընթացքում էլ է նման հանդիպման ֆորմատ եղել, և իրենք ցանկանում էին համատեղ ինչ-որ նախաձեռնություն անել։ Եթե հիշում եք, այդ ժամանակ և հետո մեղադրեցին վարչապետին, որ չստացվեց իրենց համագործակցությունը: Նույնիսկ այդ պայմաններում չստացվեց իրենց համագործակցությունը: Կարծում եմ՝ խնդիրը որևէ մեկ անձ չի այդ եռյակից դուրս, այլ հենց իրենք են, և իրենց համագործակցության ֆորմատի անհաջողությունները միշտ փորձելու են բարդել ուրիշների վրա: Կարծում եմ՝ մոտակա ընտրություններում ժողովուրդն է գնահատական տալու իրենց: Իհարկե, 2018-ին մի գնահատական տրվել է: Այդ հանդիպումները քաղաքական նպատակներ են ունեցել: Հիշում եք, չէ՞, մարտի 25-ի հանդիպման ժամանակ հայտարարել են՝ Արցախի համար են հանդիպել, բայց վերջում պարզվում է, որ հանդիպել են ցուցակ ճշգրտելու համար»:

Խոսելով ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունների մասին՝ ԱԽ քարտուղարի պաշտոնակատարը նշեց, թե իրենց զարմացրել է, որ Օնիկ Գասպարյանը, նախկինում լինելով Գլխավոր շտաբի պետ, պահանջ է ներկայացրել հրապարակել սեպտեմբերի 30-ի զեկույցն ամբողջությամբ։

«Անվտանգության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյան չի կարող մի զեկույցում 2 իրարամերժ միտք արտահայտել, որովհետև զեկույցի հրապարակված մասում կա միտք՝ Ջաբրայիլի (Մեխակավան- խմբ.) ուղղությամբ որոշակի հաջողություններ ենք ունեցել, թշնամին որևէ առաջընթաց չի ունեցել: Եթե ասում է որևէ առաջընթաց, Անվտանգության խորհրդի մյուս անդամները կարող են նույնիսկ հասկանալ, որ դիրք չենք զիջել: Եվ դրանից առաջ, երբ օգոստոսին զեկուցվել է մեզ, որ թշնամուն ոչ մի քայլ առաջ, ջախջախելու ենք, ապա տրամաբանությունը հուշում է, որ զեկույցն ամբողջությամբ այդ տրամաբանության մեջ է»:

Այդ հատվածը հրապարակելը Գրիգորյանը միակողմանի չի համարում: Վերջինս նշեց, որ այն հերքում է Օնիկ Գասպարյանի ասածը. «Նպատակը ցույց տալն էր, որ Օնիկ Գասպարյանը սեպտեմբերի 30-ին մեզ լրիվ այլ բան էր ցույց տվել»:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Օնիկ Գասպարյանը ստե՞լ է՝ ասելով, որ Ջաբրայիլում հաջողություններ ենք ունեցել, որևէ դիրք չենք զիջել, ԱԽ քարտուղարն ասաց. «Մենք դա չենք քննարկում, մենք քննարկում ենք՝ արդյոք նոյեմբերի 17-ին Օնիկ Գասպարյանի հայտարարությունը համապատասխամում է իրականությանը, հրապարակել ենք այդ նիստից հատվածներ»:

Գրիգորյանն անդրադարձավ նաև Օնիկ Գասպարյանի նոյեմբերի 17-ի հրապարակմանը, որտեղ վերջինս նշել է, որ հունիսի 8-ին շտաբի պետ նշանակվելուց մի քանի օր հետո ինքն ԱԽ-ին ներկայացրել է զեկույց տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ և առաջարկել է դիվանագիտական քաղաքական քայլեր ձեռնարկել:

«Հունիսի 8-ից հետո Անվտանգության խորհրդի առաջին նիստը տեղի է ունեցել հունիսի 19-ին, որտեղ Օնիկ Գասպարյանը զեկույց չի ունեցել:

Օնիկ Գասպարյանը ռազմաքաղաքական տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ առաջին պարզաբանումները կամ զեկույցն ունեցել է օգոստոսի 21-ին: Իր՝ մոտ 10 էջանոց զեկույցում դիվանագիտություն բառ չկա»:

Լրագրողի ճշտող հարցին՝ արդյոք ԳՇ նախկին պետը ներկայացրել էր, որ սեպտեմբերին հնարավոր է պատերազմ սկսվի, Գրիգորյանն ասաց, որ նման բան չկա:

Անդրադառնալով նաև այն հարցին, թե ինչու էր վարչապետին Սյունիքում ուղեկցում ռուսական շարասյունը՝ քարտուղարն ասաց. կարող է հնարավոր անվտանգության միջոցառումներ են ձեռնարկել, գիտեք, որ Սյունիքում խնդիրներ են եղել, էդ առումով անվտանգության միջոցառումներ են եղել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter