HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ գրողները ներկայացված են Եվրոպական միության գրական մրցանակի

Հայաստանն առաջին անգամ մասնակցում է Եվրոպական միության գրական մրցանակաբաշխությանը։ Հայաստանը ներկայացնող 5 ստեղծագործություններն են՝ Արամ Ավետիսի «Երբ առնետները կարդալ գիտեին», Հովիկ Աֆյանի «Կարմիր», Արամ Պաչյանի «PF», Անուշ Սարգսյանի «Անոն», Լուսինե Խառատյանի «Անմոռուկի փակուղի»:

Դեռևս 2018 թվականին Հայաստանը պաշտոնապես միացել է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին: Այն Եվրոպական հանձնաժողովի կողմից իրագործվող մշակույթի ֆինանսավորման ամենամեծ նախագիծն է, որը ֆինանսավորում է նաև 2009 թվականին մեկնարկած Եվրոպական միության գրական մրցանակը (EUPL): Նախաձեռնությունն ամբողջ Եվրոպայում հանրահռչակում է ճանաչման ուղին բռնած արձակագիրներին։ Մրցանակը յուրաքանչյուր երկրից շնորհվում է ամեն տարի ընտրված մեկական հեղինակի։ 2021 թ․-ին այդ երկրները 14-ն են, իսկ Հայաստանը մասնակցում է առաջին անգամ։

ԿԳՄՍ նախարարության փոխանցմամբ, մայիսի 7-ին՝ ժամը 19:00-ին, «ԱրտԲրիջ» գրախանութ-սրճարանում տեղի կունենա հանդիպում Եվրոպական միության գրական մրցանակի թեկնածու հայ հեղինակների, նրանց հրատարակիչների և մրցույթի հայաստանյան հանձնաժողովի հետ։ Միջոցառման մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու եվրոպական այդ հեղինակավոր մրցանակին հավակնող գրական ստեղծագործություններին՝ անմիջապես հեղինակների ներկայացմամբ, ինչպես նաև տեղում ձեռք բերել գրքերը՝ հատուկ զեղչով։

Հաղթողների անունները կհայտարարվեն մայիսի 18-ին՝ առցանց միջոցառման ընթացքում, իսկ հանդիսավոր մրցանակաբաշխությունը տեղի կունենա ավելի ուշ։

Թեկնածու գրքերն ու հաղթողին որոշում են ազգային հանձնաժողովները, որոնք ընտրվում են Եվրոպական միության գրական մրցանակի նախաձեռնող կոնսորցիումի կողմից։ Կոնսորցիումի երեք անդամ կազմակերպություններից յուրաքանչյուրն առաջադրում է ազգային հանձնաժողովի իր թեկնածուին, օրինակ՝ Եվրոպայի գրողների խորհուրդը, որպես կանոն, առաջադրում է գրողի, Եվրոպայի հրատարակիչների միությունը՝ հրատարակչի, իսկ Եվրոպայի գրավաճառների միությունը՝ գրավաճառի։ Այդ սկզբունքով է ձևավորվել նաև Հայաստանի ազգային հանձնաժողովը, որն այս տարի նախագահում է արձակագիր Արմեն Օհանյանը։ Հանձնաժողովի մյուս անդամներն են գրական գործակալ Արևիկ Աշխարոյանը, հրատարակիչ Մկրտիչ Մաթևոսյանը, գրավաճառ Շաքե Հավանը, գրական թարգմանիչ Անահիտ Ավետիսյանը։

Մրցույթին կարող են մասնակցել վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանում տպագրված արձակ գործեր՝ պատմվածքների ժողովածու, վեպ, եթե համապատասխանում են սահմանված բոլոր չափորոշիչներին։ Մրցանակի թեկնածու կարող է լինել հեղինակի առնվազն երկրորդ, առավելագույնը՝ չորրորդ գիրքը։ Կան նաև ժանրային և այլ բնույթի սահմանափակումներ: Եվրոպական միության գրական մրցանակի արժանացող հեղինակը կստանա դրամական պարգև և միջազգային հանրահռչակման հնարավորություններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter