HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԳԿ․ պարենային ապրանքների համաշխարհային գների աճը ապրիլին շարունակվել է

Պարենային ապրանքների համաշխարհային գները ապրիլին աճել են՝ արձանագրելով տասնմեկերորդ անընդմեջ ամսական աճը: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ, FAO) մայիսի 6-ի հաշվետվությունում։

Աղյուսակը գլխավորում է շաքարի գնաճը, իսկ հացահատիկային մշակաբույսերի գները վերականգնվել են: 

Պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, ապրիլ ամսվա ընթացքում կազմել է միջինը 120.9 նիշ, ինչը 1.7 տոկոսով բարձր է մարտ ամսվա համեմատ և  30.8 տոկոսով բարձր՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից:  Այն 2014թ.-ի մայիսից ի վեր գրանցված ամենաբարձր ցուցանիշն է: 

ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը  ամսվա ընթացքում աճել է 3.9 տոկոսով՝ 2020թ.-ի ապրիլի համեմատ գրանցելով համարյա 60 տոկոսով ավելի բարձր ցուցանիշ: Այսպիսի գնաճը պայմանավորված է Բրազիլիայում ցածր բերքատվությամբ և Ֆրանսիայում ցրտահարության պատճառած վնասներով:  

ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը ապրիլին աճել է 1.8 տոկոսով՝ պայմանավորված արմավենու յուղի գնառաջարկի բարձրացմամբ, քանզի խոշոր արտահանող երկրներում կանխատեսվում էր արտադրության տեմպի դանդաղում:  Սոյայի և հլածուկի յուղերի գները նույնպես աճել են, իսկ արևածաղկինը՝ փոքր ինչ նվազել:  

ՊԳԿ մսի գնային ինդեքսը մարտ ամսվա համեմատ աճել է 1.7 տոկոսով: Տավարի, գառան և խոզի մսի գնառաջարկի աճը պայմանավորված է Արևելյան Ասիայում այդ մթերքների մեծ պահանջարկով: Թռչնամսի գները կայուն են մնացել: 

ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը ապրիլին աճել են 1.2 տոկոսով, ինչը 26 տոկոսով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:  Եգիպտացորենի գները աճել են 5.7 տոկոսով՝ գրանցելով 66.7 տոկոսով ավելի բարձր ցուցանիշ, քան նախորդ տարի էր: Նման աճը պայմանավորված է ԱՄՆ-ում կանխատեսվածից ավելի քիչ տնկումներով, ինչպես նաև Արգենտինայում, Բրազիլիայում և ԱՄՆ-ում մշակաբույսի վիճակի հետ կապված մտահոգություններով: Ցորենի միջազգային գները հիմնականում կայուն են մնացել, իսկ բրնձինը, գարունը և սորգոյինը՝ մի փոքր նվազել:  

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը մարտ ամսվա համեմատ աճել է 1.2 տոկոսով: Կարագի, պանրի և անյուղ կաթի փոշու գնառաջարկի աճը պայմանավորված է Ասիայից ներմուծման մեծ պահանջարկով: 

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից հրապարակվել է նաև հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային արտադրության ծավալների նոր ցուցանիշները, որոնց կարելի է ծանոթանալ այստեղ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter