HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արման Թաթոյան. «Հանրային հեուստաընկերությունը ամբողջությամբ դարձել է իշխանությանը քարոզող մարմին»

Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը խոհրդարանում իր եզրափակիչ ելույթում վրդովվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի ելույթից, որը հանդես էր գալիս խմբակցության անունից:

Պատգամավորն իր ելույթում ընդգծեց` ՄԻՊ գրասենյակի բովանդակային ու մասնագիտական վերլուծություններին հետևում են, սակայն դրանց մեջ կան այնպիսիք, որոնք ունեն քաղաքական երանգավորում:

«Մենք այստեղ հաճախ ենք լսում դասախոսություններ, որ ՄԻՊ-ը չպետք է պաշտպանի պաշտոնյաներին քաղաքացիներից, բայց ՄԻՊ-ը ընտանիքում բռնության համատեքստում իրազեկող  հայտարարություններ է անում․ դժվար թե պնդեք, որ պետություն-քաղաքացի հարաբերությունների մասին է սա, այլ ընդհանուր, մարդու իրավունքների պաշտպանության մասին է»,-ասաց Կարապետյանը: Պատգամավորը նաև հավելեց, որ նոյեմբերի 9-ի իրադարձությունները, խորհրդարանի նախագահի նկատմամբ մահափորձը, հեղաշրջման ձախողված փորձը, գրեթե ամենօրյա ռեժիմով հնչող  բռնության կոչերը իրենց արժանի մեկնաբանությունը չեն ստացել ՄԻՊ-ի կողմից:

«Դուք զեկույցում փաստացի արդարացնում եք այն պնդմամբ, թե իբր կառավարող ուժը բաժանարար գիծ է քաշել նախկինների և ներկաների միջև, իսկ զեկույցում գրել եք, որ այդ գիշերը տեղի ունեցած հարձակումները մեր մեղավորությունն է: Պատճառաբանությունը, թե բավարար իրավական համակարգի աշխատակից չի եղել կանխելու այդ ամենը, քանի որ վերջիններս գտնվել են առաջնագծում, անընդունելի է: Այսինքն՝ ոչ թե բոլոր հնարավոր ուժերը պետք է ուղղեինք ճակատ, այլ պետական պաշտոնյաների պաշտպանությունն ամրացնեինք»,- ասաց Կարապետյանը:

Պատգամավորը նաև նշել էր, թե սահմանազատումների վերաբերյալ ՄԻՊ-ի հայտարարությունները տագնապ են առաջացրել հանրության շրջանում: Թաթոյանն արձագանքեց` նման ելույթն անհարգալից վերաբերմունք է ՄԻՊ ինստիտուտի նկատմամբ:

«Մեդիատեռորի մե՞ջ եք մեղադրում ՄԻՊ-ին, տիկի՛ն Կարապետյան, լու՞րջ եք ասում, բա ինչպես հասկանանք, որ տեղեկատվական բլոկադայի մեջ էր հանրությունը»,- ասաց Թաթոյանը:

ՄԻՊ-ն անդրադարձավ Հանրային հեռուստաընկերության լուսաբանմանը` պնդելով, թե իր աշխատակազմի աշխատանքը գրեթե չի լուսաբանվում:

«Հանրային հեուստաընկերությունը դատապարտելի վարքագիծ է ցուցաբերում, մենք հատուկ մոնիթորինգ ենք արել, իմ հայտարարությունները Սյունիքի հետ կապված, համարյա ոչինչ չի լուսաբանվում: Հանրայինն ամբողջությամբ դարձել է իշխանությանը քարոզող մարմին»,-ասաց նա:

Արման Թաթոյանը տեղեկացրեց, որ Հանրայինի նոր ստեղծվող լրատվական ալիքն իր աշխատակազմը հատուկ մոնիթրինիգի է ենթարկելու, քանի որ Հանրայինի ֆինանսները ձևավորվում են հանրային աղբյուրներից, իսկ վերջինիս առաքելությունն օբյեկտիվ ինֆորմացիա հաղորդելն է:

Հայաստանի ՄԻՊ-ը առաջարկեց պատգամավոր Մարիա Կարապետյանին միասին գնալ սահման և հետաքրքրվել մարդկանցից, թե ինչ խնդիրների առջև են հայտնվել: Թաթոյանն օրինակ բերեց, թե ինչ է լինելու այն դեպքերում, երբ սահմանային հատվածում ավտովթար լինի օրինակ հայկական և ռուսական պետհամարանիշներով մեքենաներով, միգուցե այդ անձինք հարցաքննվեն ադրբեջանական քննչական մարմիններում:

Թաթոյանը նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ սոցցանցերում հայհոյանքներ են հնչեցնում կամ նման գրառումներ հավանում: Թաթոյանը նման դեպքերի համար դիմել է գլխավոր դատախազին` քրեական գործ հարուցելու համար:

«Նման մարդիկ պետական կառավարման համակարգի հետ գործ չպետք է ունենան»,-ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter