HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քարվաճառցի Մանիկ Մխիթարյան. «Էդ պահին զգում էի, որ էլ հետ չեմ գալու, քարացել էի, չէի կարողանում լաց լինել»

7-ամյա Նելսոն Գալստյանը նկարել է Քարվաճառի իրենց տունը՝ ադրբեջանական դրոշը տան կտուրին, ինքն էլ տան հետևի կողմից տանկով մոտենում է, որպեսզի ետ գրավի իրենց տունը: Տանկի վրա հայկական դրոշն է ու իր անունը:

«Ուզում եմ Քարվաճառ գնալ, էնտեղ ավելի լավ է, ստեղ կռուգոմ շենք ա»,- ասում է  Երեւանում ապրող տղան:

Որոշել է քեռու նման զինվորական դառնալ: Հարցնում եմ ՝ ինչու՞ քեռու եւ ոչ թե հայրիկի պես։ «Ինքը ծնունդիս չէր եկել, կռիվ էր գնացել, քեռին եկել էր ծնունդիս»,- պատասխանում է Նելսոնը:

Նելսոնի մայրը՝ Մանիկ Մխիթարյանը, պատմում է, որ իրենց ընտանիքը 1999 թ. հունվարի 4-ին Գյումրի քաղաքից տեղափոխվել է Քարվաճառ: 

«Լույս չկար, ջուր չկար, բայց կար սեր: Ով գալիս էր, մի տան պես ամեն գիշեր հավաքվում էինք, ինչ-որ բան էինք թխում, միասին ուտում: Իջնում էինք Թարթառ գետի մոտ, այնտեղ լվացք անում, լողանում: Խմելու համար էլ ջուրը լցնում էինք շշերի մեջ, բարձրացնում վերև»,- պատմում է նա:

Այդ ժամանակ Մանիկը դեռ դպրոցական էր: Դպրոց հաճախել է Քարվաճառում: Ամուսինը Մանիկի հոր ընկերն է եղել, 8-րդ դասարանից ծանոթացել են, 10-րդ դասարան արդեն չի հաճախել: Քարվաճառում ամուսնացել է Մինաս Գալստյանի հետ: Այժմ նրանք 4 անչափահաս երեխա ունեն: 

Սեպտեմբերի 27-ին Մանիկի ամուսնուն՝ Մինասին, զանգել և հայտնել են պատերազմի լուրը: Սկզբում Մանիկը չի հավատացել, կարծել է, թե սովորականի պես հակառակորդը կրակ է բացել, և շուտով վիճակը կհանդարտվի: Մանիկը տնից դուրս է գալով տեսել է, որ ավտոշարասյունով մարդիկ դուրս են գալիս: Մինասը որոշում է ընտանիքը տեղափոխել Վարդենիս: Ճանապարհին խնդրել է, որ ամուսինը մի պահ կանգնեցնի մեքենան, իջել է ու սարի գագաթից նայել քաղաքին։

«Էն որ ասում են՝ մահացող մարդը զգում է իր մահը, էդ պահին զգում էի, որ էլ հետ չեմ գալու, քարացել էի, չէի կարողանում լաց լինել»,- հիշում է Մանիկը:

Քարվաճառում երկհարկանի տուն էին կառուցել: Պատերազմի ընթացքում Մանիկը մի անգամ վերադարձել է Քարվաճառ, քանի որ լսել էր, թե տները թալանում էին: Ճագարներից շատերն արդեն չեն եղել: Երբ երկրորդ անգամ է գնացել, տունն արդեն թալանված էր: Անասունները, փայտը, տան թանկարժեք իրերը թալանել են, դռներն ու պատուհանները նույնպես չեն եղել: Մանիկի ամուսինը՝ Մինասը, դիրքերում է եղել և չի կարողացել տան գույքը տեղափոխել: Նա այժմ էլ ծառայության մեջ է:

Ամուսինը գյուղատնտեսական վարկ էր վերցրել, որպեսզի ճագարաբուծությամբ զբաղվեն: Մոտ 150 ճագար են ունեցել, 10 բադ, 10 խոզ, 50 հավ: 

Մանիկն այժմ 4 երեխաների հետ Երևանում վարձով է ապրում: Մինասը 20 տարվա պայմանագրային զինծառայող է: Այս պահին ընտանիքը Մինասի աշխատավարձով և արցախցիներին տրվող աջակցություններով է հոգում իր ծախսերը:

Նրանց կրտսեր դուստրը՝ 13-ամյա Սիրանույշը, երկու անգամ վիրահատվել է: Ոտքի առաջին վիրահատությունից հետո կրկին խնդիրներ են առաջացել: Մանիկի խոսքով՝ աղջիկը գիշերները ցավից չէր կարողանում քնել: Երկրորդ անգամ վիրահատության անհրաժեշտություն է եղել, քանի որ ոտքի ուռուցքը նորից աճել էր: Վիրահատությունը պետպատվերով չի կատարվել: Մանիկը դիմել է Առողջապահության նախարարություն՝ ներկայացնելով խնդիրը: Սակայն  նախարարությունը մերժել է՝ պատճառաբանելով, թե վիրահատությունը կատարել են դիմելուց առաջ, և որ այն հրատապ չի եղել:

«Ո՞նց կարողա հապճեպ չլինի, երբ երեխեն ամբողջ գիշեր չի քնում, ցավազրկողներն էլ չեն ազդում»,- տարակուսում է նա: 

Վիրահատության գումարը տվել է 300 000 դրամ աջակցությունից, ընդհանուր հիվանդանոցային ծախսերին հատկացրել է 850 000 դրամ:  

Սիրանույշն ամենից շատ իրենց տունն է կարոտում: Հիշում է իր վարդագույն սենյակը, որը լցված էր փափուկ խաղալիքներով:

«Առաջին հարկում մեր սենյակներն էին, ճիշտ ա՝ փոքր էր, բայց սիրուն, իմ համար իմ սենյակից սիրուն, ավելի լավ սենյակ կյանքումս չեմ տեսել: Սենյակս շատ եմ կարոտում, ամեն մի փոքր բան իմ մանկությունից էր: Պապաս ամենակարևորները, որ փոքրուց միշտ հետս ա եղել, բերել ա տնից՝ որպես հուշ»- պատմում է նա:

Քարվաճառի բնությունն էր սիրում, հիշում ու կարոտում է գետերի ձայնը. «Էստեղ ամեն ինչ կեղտոտ ա, սաղ շենքեր, գործարաններ, ծուխ...Էնտեղան կյանքը լրիվ ուրիշ ա, ստեղանը՝ ուրիշ»:

Ընկերների հետ համացանցով կապը պահում է, ասում Է՝ խոսում են, հիշում միասին անցկացրած օրերը, կարոտում ու տխրում են, որ իրարից հեռու են: 

«Պատերազմը որ սկսվեց, վախ զգացի, որ էլ հետ չեմ գնալու իմ տուն, ուզում էի լացեի, չէի կարում, ու չգիտեի՝ ինչ անեի, ամեն մեկս մի տեղ լուռ, խառնված... հիշում եմ՝ դուրս գալուց մեքենաները որ գնում էին, ծուխ էր դուրս գալիս: Անկախ քեզնից՝ միանգամից տխրում ու զգում էիր, որ էլ չես գալու»,- արցունքոտ աչքերով պատմում է Սիրանույշը:

Պատերազմից հետո 13-ամյա աղջիկը որոշել է դիվանագետ դառնալ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter