HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է Լատվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը քննադատել և անօրինական է անվանել հինգշաբթի օրը՝ մայիսի 6-ին Լատվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը։ Այդ մասին նշվում է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայք էջում։

«Լատվիայի խորհրդարանի կողմից այսօր ընդունված որոշումը, որով 1915 թվականի իրադարձությունները որակվում են որպես «ցեղասպանություն», չհիմնավորված փորձ է քաղաքական դրդապատճառներից ելնելով վերաշարադրել պատմությունը։ Մենք մերժում և հաստատապես դատապարտում ենք այդ անօրինական որոշումը»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն։

Թուրքական արտաքին քաղաքական գերատեսչությունը ընդգծել է, որ «միջազգային իրավունքի տեսանկյունից հիմքեր չկան 1915 թվականի իրադարձություններն անվանել ցեղասպանություն» և Լատվիայի օրենսդիրների որոշումն այդ թեմայի վերաբերյալ երկակի ստանդարտների դրսևորման օրինակ է։ «Մենք Լատվիայի խորհրդարանին առաջարկում ենք ուղղել այդ սխալը և աջակցել տարածաշրջանում, հատկապես թուրք և հայ ժողովուրդների միջև խաղաղ գոյակցությանն ուղղված ջանքերին»,- նշվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Լատվիայի խորհրդարանը 58 կողմ ձայնով ճանաչել և դատապարտել էր Հայոց ցեղասպանությունը։ Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ դա «վերջին տարիների աշխատանքի արդյունք է, որտեղ էական է եղել դիվանագիտության զինանոցի գրեթե ողջ պաշարի կիրառումը՝ քաղաքական ինտենսիվ շփումները, խորհդարանական դիվանագիտությունը, մշակութային դիվանագիտությունը, համայնքային և Հայ առաքելական եկեղեցու ներգրավվածությունը»։

Դեռևս 2020 թվականի ապրիլի 24-ին Լատվիայի խորհրդարանի երկու ուժեր, որոնք նաև իշխող կոալիցիայի անդամներ են՝ «Նոր պահպանողականների» և «Զարգացմանը՝ Այո՛» կուսակցություններն արդեն արել էին Հայոց ցեղասպանությունն ընդունող և դատապարտող հայտարարություններ։ Այս ուժերի, ինչպես նաև «Համաձայնություն» կուսակցության ներկայացուցիչների մեծ մասի նախաձեռնությամբ էլ 2021 թվականի փետրվարից սկսվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, որի արդյունքում բանաձև-հայտարարություն էր ներկայացվել ապրիլի 23-ին։ Ապրիլի 29-ին նախնական բանաձևի տարբերակը առարկություններով հետաձգվել էր մեկ շաբաթով։ Բանաձևի փոփոխված տարբերակն առաջարկել էր Լատվիայի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը։

Լուսանկարը՝ Թուրքիայի ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter