HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լիխտենշտայնի արքայազնը մեղադրվում է ԵՄ ամենախոշոր արջի սպանության մեջ

Ռումինիայի բնապահպանները պնդում են, որ Լիխտենշտայնի թագավորական ընտանիքի անդամը որսի ժամանակ գնդակահարել է Եվրամիության ամենախոշոր արջերից մեկին։ Այդ մասին գրում է BBC-ն։ Agent Green բնապահպանական կազմակերպության տվյալներով՝ արքայազն Էմանուել ֆոն ունդ ցու Լիխտենշտայնը արջին սպանել է այս տարվա մարտին՝ Ռումինիայում որսի ժամանակ։ Արթուր անունը կրող արջը Ռումինիայի, հավանաբար նաև, ողջ Եվրամիության ամենախոշոր արջն էր։

Ինչպես նշում է Agent Green կազմակերպությունը՝ արքայազնը մեկ այլ կենդանու որսի թույլտվություն էր ստացել՝ էգ արջի, որը վնասներ էր հասցրել տեղացի մի քանի ֆերմերների։ Սակայն իրականում նրա զոհը դարձել է Արթուր անունով 17-ամյա գորշ արջը։ Արքայազն Էմանուելը, որը բնակվում է Ավստրիայում, չի արձագանքել BBC-ի հարցումներին, կապ հաստատելու փորձերը ձախողվել են։

Լիխտենշտեյնի թագաժառանգ արքայազնի գրասենյակից «Ֆրանսպրես»-ին հայտնել են, որ տեղյակ չեն պատահարի մանրամասներից, որը նրանք անվանում են «մասնավոր և անձնական գործ»։ Ընդ որում, թագավորության ներկայացուցիչներն ընդգծել են, որ «բնության նկատմամբ հարգանքը եղել է մեր դինաստիայի գլխավոր առաջնահերթություններից մեկը և մնում է ընտանիքի՝ բնապահպանական և սոցիալական կայուն զարգացման սկզբունքներին հավատարիմ մնալու գլխավոր տարրը»։

Արքայազնի՝ որսի թույլտվության հաստատումը ստանալը դարձել է անհնարին։ Սակայն Agent Green կազմակերպությունը ներկայացրել է մի փաստաթղթի կրկնօրինակ, որը դիտարկվում է որպես իշխանությունների կողմից տրված որսի թույլտվություն, որը պետք է իրականացվեր Տրանսիլվանիայի Կովասնա շրջանում։ Թույլտվության տեքստի համաձայն՝ արքայազն Էմանուելին թույլատրվել է մի քանի օրվա ընթացքում, Տրանսիլվանիայի գյուղերից մեկի շրջանում, գնդակահարել այդ արջին։ 

Ռումինիայում 2016 թվականից արգելված է վայրի կենդանիների ավարային որսը, իսկ գորշ արջերը պաշտպանված եմ ԵՄ դիրեկտիվներից մեկով։ Սակայն, կանոնների համաձայն՝ որսորդները կարող են սպանել «խնդրահարույց» արջերին, որոնք վնաս են հասցնում։

Բնապահպանների խոսքերով՝ Տրանսիլվանիայի ֆերմերներից մեկը, որոշ ժամանակ առաջ, բողոքել էր երեք էգ արջերի և նրանց ձագերի վարքագծից։ Սակայն ակտիվիստներն ասում են, որ մարտի որսից հետո այդ խնդիրը դեռ կա։ Agent Green-ի ներկայացուցիչը պնդում է, որ արու արջի սպանության արդյունքում կխախտվի արջերի պոպուլյացիան։

Ռումինիայի շրջակա միջավայրի պահպանության հարցերով նախարար Տանչոս Բարնան հաստատել է արջի որսի թույլտվության տրամադրման փաստը, սակայն չի հստակեցրել, թե այն ում է տրվել։ Արթուր անունով արու արջի սպանությունը սկսել է հետաքննել Ռումինիայի Շրջակա միջավայրի պահպանության պետական գործակալությունը։ Վերջինիս ղեկավար Օկտավիանա Բերկեանուի խոսքերով՝ իր կառույցի աշխատակիցները կփորձեն պարզել, թե ինչ հանգամանքներում է սպանվել Արթուրը։ Պետական գործակալությունը դիտարկում է նաև որսագողության տարբերակը։ «Ֆրանսպրես»-ին նա հայտնել է, որ կենդանու մարմինը գտնվում է Ռումինիայի տարածքում։

Բնապահպան ակտիվիստները պնդում են, որ արջին սպանել են միտումնավոր, քանի որ արու արջին շփոթել չափերով ավելի փոքր էգ արջի հետ, բավականին բարդ է։

Լուսանկարը՝ Agent Green-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter