HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Համայնքապետարանը, մանկապարտեզը, գրադարանն ու բուժամբուլատորիան՝ մեկ շենքում

Արմավիրի մարզի Նոր Արտագերս համայնքում կարևոր բոլոր կառույցները  կենտրոնացած են մեկ շենքում: Գրադարանը, մանկապարտեզը, բուժամբուլատորիան գտնվում են նախկին կոլտնտեսությանը պատկանող շենքերից մեկում, որտեղ տեղակայվել է նաև համայնքապետարանը: Առանձին մուտքով նույն շենքում է տեղակայված նաև փոստային բաժանմունքը:

Գյուղի կենտրոնական ճանապարհի վրա վեր են խոյանում մի քանի շենքեր, որոնք թալանված են ու գտնվում են անմխիթար վիճակում: Հենց այդ շենքերում են խորհրդային տարիներին առանձին-առանձին գործունեություն ծավալել մշակույթի տունը, մանկապարտեզը: Անկախությունից հետո շենքերը մատնվել են անուշադրության և ամբողջությամբ թալանվել են:

Համայնքի մշակույթի տունը կառուցվել է 1953թ. և չի գործում անկախությունից ի վեր: Վերանորոգման համար նույնիսկ նախահաշիվ չի կազմվել, քանի որ համայնքապետ Խաչատուր Զանազյանի ասելով՝ վերանորոգումն իրենց ուժերից վեր է:

«Ներսում գույք չկա, ոչինչ չկա, միայն շենքն է: Մեր համայնքի ամենացավոտ կողմերից մեկն է, որ մշակույթի տուն չունենք: Միջոցառումներն իրականացնում ենք բացօթյա տարածքում կամ դպրոցի դահլիճում»,- ասում է Խաչատուր Զանազյանը:

Նույն վիճակում է գտնվում նաև մանկապարտեզի շենքը: Այն կառուցվել է 1945թ.: Շենքը վթարային վիճակում կապիտալ վերանորոգման կարիք ունի: Քանի որ վերանորոգումը համայնքի համար թանկ հաճույք է, ստիպված՝ 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի խմբակ են բացել համայնքապետարանի շենքում:

Մոտ 4 մլն դրամ է ներդրվել նոր մանկապարտեզ բացելու համար: Գույքը գնել են բարերարները, ինչը թեթևացրել է համայնքի հոգսը:

Խաչատուր Զանազյանն ասաց, որ համայնքապետարանը չի մասնակցում սուբվենցիոն ծրագրերին, քանի որ ֆինանսապես լավ վիճակում չեն: Բացի այդ, սուբվենցիոն ծրագրերն ավելի թանկ են համայնքապետարանի համար, քան առանձին ծրագրերի իրականացումը:

«Սուբվենցիոն ծրագրերի 1 դրամի գործը գլխներիս դառնում է 3 դրամ: Եթե սուբվենցիայով անեի, նույնիսկ մանկապարտեզը չէինք կարողանա աշխատացնել»,- հավելեց Նոր Արտագերսի համայնքապետը:

Նշենք, որ Նոր Արտագերս համայնքը հիմնադրվել է 1866թ.-ին: Համայնքի նախկին անվանումը մինչև 1966թ., եղել է Փոքր Շահրիար: Բնակիչների նախնիները գաղթել են Կողբից, Սասունից և Սուրմալուից: Ներկայում համայնքում ապրում են հայեր, եզդիներ, ասորիներ:

Համայնքապետն ասում է, որ հատկապես ազգային փոքրամասնությունների դեպքում, անհրաժեշտություն է մշակութային հաստատություն ունենալը, որպեսզի վերջիններս նույնպես միջոցառումներ կազմակերպեն, պահպանեն իրենց ազգային ավանդույթները:

Համայնքում չկան նաև կրոնական կառույցներ: Դեռևս 2016թ.-ին Նոր Արտագերսում սկսվել են մատուռի կառուցման աշխատանքները՝ համայնքի բյուջեի միջոցներով և բնակիչների հանգանակությամբ: Նախատեսվում էր շինարարությունն ավարտել 2018թ. առաջին կիսամյակին, սակայն մինչ օրս անավարտ է:

Պարզվում է՝ մատուռը կառուցում են հենց մշակույթի տան դիմաց, ինչի թույլտվությունը պատկան մարմինների կողմից չի հաստատվում: Խ. Զանազյանն ասաց, որ մշակույթի տան շենքն ընդգրկված է հուշարձանների պահպանության գործակալության ցանկում, ինչն էլ դժվարություն է առաջացնում մատուռի կառուցման աշխատանքների ավարտի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter