ԵՊԼՀ-ն եւ ՄԱԿ-ը հուշագիր կստորագրեն
Արաբերենը, չինարենը, անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը և իսպաներենը ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուներն են: 2010 թ. ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության նախաձեռնությամբ մեկնարկել է «ՄԱԿ-ում լեզուների օրեր» միջոցառումների շարքը:
Հիշյալ նախաձեռնության շրջանակում ապրիլի 13-ին ԵՊԼՀ-ում տեղի ունեցավ «Չինարենը որպես ՄԱԿ-ի աշխատանքային լեզուներից մեկը» խորագրով միջոցառումը, որի կազմակերպիչներն էին ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը և ՀՀ-ում ՉԺՀ-ի դեսպանատունը:
Բացման խոսքով հանդես եկան ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ տկն. Դաֆինա Գերչևան, ԵՊԼՀ ռեկտոր, պրոֆ. Ս. Զոլյանը և ՀՀ-ում ՉԺՀ դեսպանի պաշտոնակատար Ճաո Մինվենը:
«Ես իսկապես ուրախ եմ Հայաստանում տեսնել այսպիսի մեծ հետաքրքրություն չինարենի նկատմամբ: Ես ցանկանում եմ նաև ձեր ուշադրությունը բևեռել ներկայիս գլոբալ կյանքում չինարենի պատմության և կարևորության վրա: Անկեղծորեն հույս ունեմ, որ այս միջոցառումները կօգնեն տարածել չինարենի ազդեցությունը որպես ՄԱԿ-ի պաշտոնական լեզու և որպես մի հնարավորություն, որը թույլ է տալիս ավելի շատ մարդկանց սովորել չինական քաղաքակրթության, մշակույթի և ՄԱԿ-ի բազմալեզվության մեջ իր ներդրումի մասին», - ասաց ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան:
ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանն իր ելույթում նշեց. «Երևանի պետական լեզբավանական համալսարանն առաջին էր, որ Հայաստանում տարածեց չինարենը: 2008թ. ԵՊԼՀ-ում բացվեց Կոնֆուցիուսի ինստիտուտը, որը դարձավ կամուրջ Հայաստանի և Չինաստանի միջև՝ նպատակ ունենալով Հայաստանում տարածել չինարենն ու չինական մշակույթը»:
Չինաստանի ժողովրդական հանրապետության դեսպանի պաշտոնակատար Ճաո Մինվենը իր հերթին նշեց. «Համոզված եմ, որ այս միջոցառումը կօգնի երիտասարդ սերնդին ավելի մոտենալ չինարենին և դրանով իսկ ծանոթանալ հարուստ չինական մշակույթին: Չինաստանի ժողովրդական հանրապետության դեսպանատունը միշտ պատրաստ է համագործակցել ձեզ հետ»:
Միջոցառման ընթացքում Կոնֆուցիուսի ինստիտուտի ուսանողները ներկայացրին չինարեն լեզվի պատմությունը, չինական ուշու մարտարվեստը, կատարեցին չինական երգեր: Այս շարքի հաջորդ միջոցառումը` «Անգլերեն լեզվի օրը», տեղի կունենա մայիսի 11-ին, որտեղ կներկայացվի փոքրիկ բեմադրություն Շեքսպիրի գործերից։
Նշենք, որ 10 օր առաջ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոյի առաջարկությամբ տեղի էր ունեցել աշխատանքային հանդիպում, որտեղ և ԵՊԼՀ-ն ՄԱԿ-ի կողմից առաջարկ ստացավ կնքել համագործության հուշագիր՝ նվիրված ՀՀ՝ ՄԱԿ-ին անդամակցության 20-ամյակին։
Երկու կազմակերպությունների հերթական աշխատանքային հանդիպումը տեղի կունենանա ս.թ. ապրիլի 17-ին, որի ընթացքում կքննարկվեն վերոնշյալ համագործակցության հետագա միջոցառումները:
Մայիսի 28-ին նախատեսվում է կնքել համագործակցության հուշագիր ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչության հետ: Այս համագործակցության շնորհիվ համալսարանում կբացվի ՄԱԿ-ի տեղեկատվական անկյուն, ինչպես նաև պարբերաբար կկազմակերպվեն սեմինարներ և գիտաժողովներ։
ԵՊԼՀ մամլո ծառայություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել