
Երևանի գլխավոր ճարտարապետի գործառույթները կիրականացնի 5-րդ փոխքաղաքապետը
Խորհրդարանը հերթական նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որով առաջարկվում է Երևանի քաղաքապետի տեղակալների թիվն ավելացնել մեկով և վերացնել Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքը: Նախագիծը ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարի պաշտոնակատար Վաչե Տերտերյանը:
«Առաջարկում ենք Երևան քաղաքում քաղաքապետի տեղակալների թիվը 1-ով ավելացնել՝ 4-ը դարձնել 5, և հանել կամ օրենքի կարգավորումներից դուրս բերել գլխավոր ճարտարապետի հայեցողական պաշտոնը»,-ասաց Տերտերյանը:
Տերտերյանի խոսքով` Երևանը ունի բազմաթիվ ծառայություններ, ստորաբաժանումներ, հանրային հարթակում էլ կան մասնագիտական կառույցներ, որոնք այս ոլորտում իրենց կարևոր դերակատարմամբ կանոնակարգում են քաղաքի ճարտարապետական զարգացման հարցերը:
«Եվ քաղաքապետարանի կողմից նպատակահարմար է գտնվել, որ այս գործառույթները համակարգվեն վարչական, համայնքային պաշտոն զբաղեցնող առանձին տեղակալի ինստիտուտի կողմից և կանոնակարգվեն ըստ համայնքային ծառայության, նաև՝ հանրային ծառայության օրենքով նախատեսված կանոնակարգումների»,-ասաց նա:
Այսպիով, գլխավոր ճարտարապետի գործառույթներն իրականացնելու է ստեղծվող նոր հաստիքով քաղաքապետի տեղակալը: Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 76 կողմ, 0 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Մեկնաբանել