Ըստ գյուղնախարարին՝ գյուղացու ողջ բերքը այս տարի էլ խելամիտ գնով ու ժամանակին կիրացվի
Շարունակվում են ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի աշխատանքային այցերը մարզեր:
Այսօր նախարարը Շիրակի մարզում էր: Մարզի քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարների, գյուղատնտեսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը մասնակցում էր նաև մարզի փոխմարզպետներ Սեյրան Պետրոսյանը և Հարություն Արշակյանը:
Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում նախորդ տարի ձեռք բերված դրական ցուցանիշներին, նախարարը մատնանշել է նաև առաջիկա գերակայությունները, առանձնացնելով հատկապես գյուղական կոոպերատիվների ստեղծումը, գյուղատնտեսական տեխնիկայի թարմացումը, ցածր տոկոսադրույքով վարկերի և մատչելի գներով սերմերի, պարարտանյութի, դիզվառելիքի տրամադրումը գյուղացիներին:
Նշվեց, որ ընթացքի մեջ են անասնապահության ոլորտի զարգացմանն աջակցող ծրագրերը: Կարևորվեցին հատկապես արոտավայրերի և կերահանդակների բարելավմանն ուղղված, ինչպես նաև արհեստական սերմնավորման ծրագրերը, որոնց նպատակը անասնապահական մթերքների արտադրության ծավալների ավելացումն է:
Նախարարն այս անգամ նույնպես խոսեց գյուղատնտեսական արտադրանքի մթերման գործընթացի մասին, հավաստիացնելով, որ այս ոլորտում նախորդ տարի ձեռք բերված զգալի առաջընթացը շարունակական է լինելու, և բոլոր նախադրյալները կան գյուղացու աճեցրած ողջ բերքը այս տարի նույնպես խելամիտ գնով և ժամանակին իրացնելու համար:
Հանդիպման ավարտին նախարարը առանձնակի ուշադրություն հրավիրեց խորհրդատվական կառույցների` գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների դերի բարձրացման վրա և նշեց, որ դրանք կարևոր և կապող օղակներ են ֆերմերների ու գյուղատնտեսության նախարարության միջև:
Օրվա երկրորդ կեսին նախարարը հանդիպեց նաև «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲ, «Շիրակի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» ՊՓԲ ընկերությունների և անասնաբուժական մարզային ծառայության աշխատակիցների հետ, ծանոթացավ նրանց հիմնախնդիրներին, սպառիչ պատասխաններ տվեց բարձրացված բազմաթիվ հարցերին:
ՀՀ ԳՆ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել