HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

ԲԴԽ-ն պետք է պայքարի դատավորների անկախության համար

«Իմ նկատմամբ կարգապահական վարույթի հարուցման որոշումը կարդացել եմ և, ամենայն անկեղծությամբ, չեմ հասկացել՝ ինչում են ինձ մեղադրում»,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը։ Վերջինիս նկատմամբ, հիշեցնենք, արդարադարտության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել գլխավոր դատախազի զեկուցագրի հիման վրա։

Կարգապահական գործը կապված է «Աշոտ Երկաթ» անունով հայտնի Աշոտ Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը դատավոր Հովհաննիսյանի կողմից մերժելու որոշման հետ։ Մինասյանը մեղադրվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանությունը նախապատրաստելու մեջ։ Դատավոր Արման Հովհաննիսյանը նրա կալանավորման վերաբերյալ միջնորդությունը մերժել է՝ հիմնավոր կասկածի բացակայությամբ։

Հովհաննիսյանի խոսքով՝ իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու որոշման մեջ գրված է, որ հիմնավոր կասկածի առկայության բացակայությունն առևերույթ չպատճառաբանված է, սակայն մի քանի տող ներքև գրված է, որ դատարանը դուրս է եկել դատական վերահսկողության սահմաններից և անդրադարձել է այնպիսի հարցերի, որոնք իր քննարկման առարկան չէին։ Նման պայմաններում Արման Հովհաննիսյանին պարզ չէ՝ ի վերջո, վարույթի հարուցման համար հիմք է եղել իր որոշման պատճառաբանված չլինելը, թե՞ շատ պատճառաբանված լինելը։

«Եթե գործը հասնի Բարձրագույն դատական խորհուրդ, բոլորը կտեսնեն՝ դա պատճառաբանված է, թե՞ ոչ, եթե չենք գնա ԲԴԽ, երբ այլևս նախաքննական գաղտնիք չի լինի, ես ինքս էլ կհորդորեմ, որ այդ դատական ակտը հասանելի դառնա, ու եթե կգտնվի մեկ իրավաբան, ով կասի, որ այդ դատական ակտը չպատճառաբանված է, ուրախ կլինեմ իմանալ՝ ով է»,- ասաց Արման Հովհաննիսյանը։

Դատավորն ասում է՝ ողջամիտ հիմքեր կան կարծելու, որ սա միջամտություն է իր ազատությանը, իր անկաշկանդ աշխատանքին և համարձակ որոշումներ կայացնելուն, քանի որ, երբ Աշոտ Մինասյանի խափանման միջոց կալանքի միջնորդությունը քննարկել ու չի բավարարել, դրան հաջորդել են մի շարք պետական մարմինների և պաշտոնատար անձանց, այդ թվում՝ ԲԴԽ-ի անդամ թեկնածուների հայտարարությունները:

«Ճիշտ է, Աշոտ Մինասյան անունը ոչ-ոք չի տվել, բայց պաշտոնատար անձինք խոսում էին այնպիսի հանգամանքներից, որ, կարծում եմ, պարզ է, որ խոսքը վերաբերել է Աշոտ Մինասյանի գործին»,- ասաց  դատավորը:

Լրագրողները նշեցին, որ Բարձրագույն դատական խորհրդում դատավոր անդամներն ավելի քիչ են, քան գիտնականները, և Արման Հովհաննիսյանից հետաքրքրվեցին՝ արդյոք մտավախություն չունի՞, որ դատավոր անդամների և իրավաբան գիտնականների թվի հարաբերակցությունը կհանգեցնի քվեարկության արդյունքներով իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելուն։

«Ես կարծում եմ՝ ԲԴԽ-ն չի ստեղծվել, որ միայն դատավոր անդամները պաշտպանեն դատավորներին, այլ ստեղծվել է, որ չտարանջատվեն գիտնականներ, թե՞ դատավորներ, բոլորը պետք է դատավորի անկախության համար պայքարեն»,- ասաց Արման Հովհաննիսյանը:

Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ, դատավոր Վազգեն Ռշտունին լրագրողների հետ զրույցում բարձրաձայնեց այն մասին, որ որոշ դատավորների նկատմամբ օպերատիվ հետախուզական գործողություններ են իրականացվել։ Ռշտունին հիշեցրեց, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումից հետո մամուլում հրապարակում է եղել այն մասին, որ այդ դատական ակտը գրելուն մասնակցել են այլ դատավորներ, այդ թվում՝ ինքը, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը։ Դրանից հետո, հիշեցնենք, Մխիթար Պապոյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել։

«Արդյունքում պարզ է դառնում, որ մեր նկատմամբ որոշակի վերահսկողություն է իրականացվել։ Վերահսկողություն ասելով՝ նկատի ունեմ օպերատիվ հետախուզական գործողություններ»,- ասաց Վազգեն Ռշտունին՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ օպերատիվ հետախուզական գործողության մասին է խոսքը։

«Այդ պրոցեսները, բնականաբար, ոչ մեկին հաճելի չեն, այդ թվում՝ ինձ։ Դա նույնն է, որ, օրինակ, դուք գնաք, խարդախության մասին հաղորդում տաք, բայց մտնեն, ձեր տանը խուզարկություն կատարեն։ Այսինքն՝ ճիշտ է, հիմքը հանդիսացել է Պապոյանի հաղորդումը, բայց վերահսկողության տակ են վերցվել անձինք, որոնց վերաբերյալ եղել է մամուլի հրապարակում։ Ես դա նորմալ չեմ գնահատում։ Համեմայնդեպս, այսօր իրավակական ընթացակարգերի շրջանակներում պրոցեսներ են ընթանում, ժամանակի ընթացքում ամեն ինչ պարզ կդառնա»,- ասաց Վազգեն Ռշտունին։

Անդրադառնալով դատավորների կայացրած և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերաբերյալ քննադատություններին՝ Ռշտունին նշեց, որ նման երևույթներն, իր կարծիքով, թույլատրելի չեն, հատկապես, եթե այդ քննադատությունները հնչեցնում են պետական բարձրաստիճան պաշտոնյաներ։

Վերաքննիչ քրեական դատարանի նախագահն անդրադարձավ նաև դատական օրենսգրքում նախատեսվող փոփոխություններին, համաձայն որի՝  ֆիզիկական և  իրավաբանական անձինք կկարողանան դիմել ԲԴԽ՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար, և բացասական գնահատեց այդ նախագիծը։

«Վերջերս ԲԴԽ անդամների հետ հանդիպում էր տեղ ունեցել Վերաքննիչ դատարանում, մենք մեր կարծիքը բացասական առումով ներկայացրել ենք։ Վարույթ հարուցող երկու սուբյեկտ կա՝ արդարադատության նախարար և կարգապահական հանձնաժողով, չեմ հասկանում, թե երրորդ սուբյեկտն ավելացնելու իմաստը որն է։ Եթե քաղաքացին կարողանում է դիմել թե՛ կարգապահական հանձնաժողովին, թե՛ արդարադատության նախարարին, որը գործադիր մարմնի ներկայացուցիչ է, ուրեմն այդ փոփոխության իմաստը չեմ կարողանում հասկանալ։ Եթե ԲԴԽ-ի նպատակն է՝ ազդեցության լծակներն ավելացնել դատավորների նկատմամբ, ես չեմ կարծում, որ ԲԴԽ-ն ունի այդ առաքելությունը, որովհետև ԲԴԽ-ի առաջնային առաքելություններից մեկը դատավորներին պաշտպանելն է, ոչ թե դատավորների նկատմամբ լրացուցիչ լծակներ ձեռք բերելը»,- ասաց Վազգեն Ռշտունին։

Նա համոզմունք հայտնեց, որ եթե դատավորները չուզենան, ապա ոչ մեկի միջոցով նրանց կառավարել հնարավոր չէ, ինչպես նաև, ի պատասխան լրագրողների հարցերի, նշեց, որ իրենք ո՛չ նախկին իշխանություններին են սպասարկել, ո՛չ ներկա և ո՛չ էլ ապագա իշխանությանն են սպասարկելու։

Լուսանկարում՝ ձախից՝ Արման Հովհաննիսյանը, աջից՝ Վազգեն Ռշտունին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter