HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Չինական հրթիռի բեկորները հանգստյան օրերին կընկնեն Երկրի վրա. Հայաստանի տարածքը ևս անկման վտանգի գոտում է

Այս հանգստյան օրերին Երկրագնդի վրա կընկնեն չինական «Չանչժեն 5-B» հրթիռի բեկորները, որի օգնությամբ ուղեծիր է արձակվել չինական տիեզերակայանի առաջին մոդուլը։ BBC-ն գրում է, որ 18 տոննա զանգված ունեցող օբյեկտի մուտքը մթնոլորտի հաստ շերտեր անկառավարելի կլինի, իսկ ամերիկացի ռազմական փորձագետները մտահոգություն են հայտնել, որ դրա բեկորները կարող են ընկնել բնակելի տարածքների վրա։ 

Իր հերթին Պեկինը պնդում է, որ բեկորների անկման արդյունքում հնարավոր վնասների ռիսկը խիստ ցածր է։ Ամերիկացի ռազմական փորձագետները պնդում են, որ բեկորները կընկնեն հյուսիսային լայնության 41․5 աստիճանից հարավ և հարավային լայնության 41․5 աստիճանից հյուսիս ընկած տարածքում։ Հայաստանի տարածքը ևս գտնվում է բեկորների անկման վտանգի գոտում՝ գտնվելով հյուսիսալին լայնության 40 աստիճանի և արևելյան երկայնության 45 աստիճանի հատվածում։

Չինաստանը միլիարդավոր դոլարներ է ներդրել սեփական տիեզերական ծրագրում և փորձում է շրջանցել ԱՄՆ-ին, Ռուսաստանին և Եվրոպային։ «Չանչժեն 5-B» հրթիռն արձակվել էր 2021 թվականի ապրիլի 29-ին և ուղերծիր էր դուրս բերել չինական ապագա տիեզերակայանի բազային մոդուլը։ Դրա շրջանաձև ուղեծրի բարձրությունը կազմում էր 160-ից (պերիկենտրոնում) մինչև 375 (ապոկենտրոնում) կիլոմետր և աստիճանաբար նվազում է։ Հետագա նվազման արագությունը հիմնականում կախված կլինի մթնոլորտի խտությունից, իսկ դա հաշվարկելը չափազանց բարդ է։ 

Չինաստանն ամեն գնով փորձում է նվազեցնել ռիսկերը։ «Թռիչքների խախտման կամ Երկրագնդի վրա հնարավոր վնասների հավանականությունը խիստ ցածր է»,- պնդում է Չինաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Վան Վենբինը և խոստանում «ժամանակին հանրությանը տեղեկացնել իրավիճակի զարգացման վերաբերյալ»։ 

Հրթիռի անկման հնարավոր հետևանքներն ակտիվորեն քննարկվում են սոցիալական հարթակներում և  միջազգային մակարդակով։ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է օդում ոչնչացնել այն, սակայն դեռևս մտադիր չէ դիմել այդ քայլին։ «Մենք հույս ունենք, որ հրթիռի բեկորները կընկնեն այնպիսի վայրում, որտեղ որևէ մեկին վնաս չի լինի»,- նշել է Օսթինը։ Այդուհանդերձ, նա չինացիներին մեղադրել է անպատասխանատվության մեջ՝ ընդգծելով, որ «տիեզերական լիգայի» երկրները պետք է ավելի ուշադիր գործեն։

Հարվարդի համալսարանի աստղաֆիզիկոս Ջոնաթան Մաքդաուելը ևս կարծում է, որ չինացիների գործողություններում անփութություն կա։ «Սա արդեն երկրորդ արձակումն է, իսկ մենք գիտենք, որ առաջին արձակումից հետո, փաստացի այդպիսի հրթիռի բեկորներ հայտնաբերվել են Կոտ դ'Իվուարի տարածքից»,- նշել է պրոֆեսորը։ 

Մաքդաուելի կանխատեսմամբ, ելնելով իրենց ներկայիս ուղեծրից, բեկորները կարող են ընկնել Նյու Յորքի, Մադրիդի և նույնիսկ Պեկինի հյուսիսում, իսկ հարավում՝ Չիլիի տարածքում կամ Նոր Զելանդիայի Վելինգտոն քաղաքի մոտ։ 

Իր հերթին Սաութհեմփթոնի համալսարանի տիեզերական աղբի մասնագետ Հյու Լյուիսը հիշեցնում է, որ տիեզերքի յուրացման 60 տարիների ընթացքում ուղեծրում հսկայական քանակությամբ տիեզերական աղբ է մնացել և դրա պատասխանատվությունը, առաջին հերթին, կրում են Միացյալ Նահանգները և Ռուսաստանը։ «Մի մոռացեք, որ ստորին ուղեծիրներում գտնվում են մոտ 900 հրթիռների աստիճաններ, որոնք այնտեղ մնում են յուրաքանչյուր նոր արձակումից հետո, իսկ դրանց գումարային զանգվածը մի քանի անգամ գերազանցում է նրան, ինչը առաջիկա հանգստյան օրերին կմտնի մթնոլորտի հաստ շերտեր»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է գիտնականը։

Ժամանակակից պրակտիկան ենթադրում է, որ հրթիռների այդ աստիճանները որքան հնարավոր է շուտ պետք է դուրս բերվեն ուղեծրից։ Դրանք սովորաբար ընկնում էին օվկիանոս կամ ցամաքի վրա։ Որպես կանոն հետագիծը հաշվարկվում է այնպես, որ բեկորներն ընկնեն օվկիանոս, հատկապես Օվկիանայի հատվածում՝ ցամաքից հնարավորինս հեռու։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter