HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հոփայի համշենցիները. սոցիալ եւ քաղաքական կյանքը

Ջեմիլ Աքսու

Հոդվածը գրվել է Վահան Իշխանյանի «Մուսուլման հայախոս համշենցիներ» նախագծի շրջանակում: Հեղինակի մասին՝ այստեղ:

Համշենցիները, համշենականությունը վերջին տարիներին ավելի ակնհայտ ձեւով սոցիալական եւ քաղաքական հետաքրքրության կենտրոնում են գտնվում: Համշենցիների վերաբերյալ իրականացվող քննարկումների, հրապարակումների հաճախակի դառնալը այս ամենի ապացույցն է: Համշենցիների վերաբերյալ առաջին ծավալուն աշխատությունը համարվող Լեւոն Խաչիկյանի գրքին տրված անունը` «Համշենի առեղծվածը[1]» չնայած բոլոր այս քննարկումներին ու հրապարակումներին, դեռեւս պարզաբանված չէ: Ովքե՞ր են համշենցիները: Որեւէ շրջան կամ այդ շրջանում ապրողնե՞րն են բնութագրվում, թե՞ տարբեր էթնիկական ինքնություն են կազմում: Համշենցիներ անունը Ռիզեի Համշեն եւ Չամլըհամշեն տարածքում ապրողներին, տեղացիներին տրված մի անո՞ւն է, թէ՞հայերենի բարբառ համարվող համշեներեն խոսողներին է ներկայացնում եւ կամ երկո՞ւսն էլ միանգամից: Նրանց արմատները հայկակա՞ն են, թէ`թուրքական, եթե թուրք են, ինչո՞ւ են հայերենի բարբառով խոսում, իսկ եթե հայ` ինչո՞ւ են մուսուլման: Ի՞նչ տարբերություն կամ նմանություն կա Հոփայի ու Ռիզեի համշենցիների միջեւ: Նրանք ինչո՞ւ, ե՞րբ, որտեղի՞ց են եկել եւ ո՞ւր են գնացել: Բոլոր այս եւ այն հարցերի` հասարակության մեջ առաջացրած խառնաշփոթը դեռեւս շարունակվում է: 

Հոփա-համշենցիների Չամռլու գյուղում

Այս հոդվածում համշենցիների վերաբերյալ ընդհանուր սահմանումներին զուգահեռ ավելի շատ Հոփայի համշենցիները ուշադրության կարժանանան: Վաքսը համշենցիներին արեւելյան, արեւմտյան եւ հյուսիսային կատեգորիաներում է ուսումնասիրել[2].

1. Արեւելյան համշենցիներ (հոմշեցի).

Արեւելյան համշենցիները սուննի մուսուլման մի խումբ են եւ ապրում են Արտվին նահանգի Հոփա և Բորչկա գավառներում: Մայրենի լեզուն էլ հայերենի արեւմտյան բարբառներից մեկը լինելով, տեղացի ժողովրդի կողմից որպես հոմշեցի/հեմշոցի, հոմշեցի լիզու, (համշենցու լեզու) կամ համշեներեն է բնութագրվել: Լեզվաբան Վաուքսը այս լեզուն հոմշեցմա է բնութագրել:

2. Արեւմտյան համշենցիներ (Արմենի).

Ռիզեի Հեմշին եւ Չամլըհեմշին գավառների եւ քիչ քանակությամբ նաեւ Ֆընդըքլը, Չայելի, Փազար, Արդեշեն եւ Իքիզդերե գավառների բարձր ու լեռնային հատվածներում ապրող, հայկական ծագումով, մայրենի լեզուն թուրքերեն համարվող սուննի մուսուլման խումբ է:

3. Հյուսիսային համշենցիներ.

Մեր օրերում Վրաստանում եւ Ռուսաստանում ապրող, օսմանյան շրջանում Համշենից ստիպված հեռացած եւ մինջեւ 1915 թվականը դեպի Սամսուն, Օրդու, Տրապիզոն, Գիրեսուն գաղթելով, այս շրջաններում ապրած, մայրենի լեզուն հոմշեցի համարվող քրիստոնյա խումբ են:

Իսկ մեր օրերում համշենցիները նախկին ու նոր գաղթերի միջոցով գլխավորությամբ Ռիզեի ու Արտվինի, Սաքարյա, Բուրսա, Դյուզջե, Աքչաքոջա, Իզմիթ, Իզմիր (Քեմալփաշա), Ստամբուլ, Անկարա եւ Էրզրում` հատկապես Թորթում եւ քիչ քանակությամբ Իսփիր գավառների հետ միասին, Տրապիզոնի, Սամսունի նման քաղաքներում եւ բնակավայրերում են ապրում:

Հոփայի համշենցիները (Բորչկային միացված երկու գյուղի` Չիֆթեքյոփրու եւ Բաղլիվանն էլ այս ամենին եմ ներառում) առօրյա կյանքում համշեներեն են խոսում: Իսկ Ռիզեի համշենցիները տեղ-շրջան, աման-չաման, բույս եւ այլ անուններից բացի շատ քիչ համշեներեն բառեր գիտեն: Լեզուն ամենակարեւոր միջոցն է ինքնության բնութագրման համար, որովհետեւ լեզվական միասնության կազմավորման համար էթնիկ ինքնության հաստատման ընթացքում կիրառվող այլ միջոցներ համարվող միասնական պատմության ու հայրենիքի միասնականության առկայությունն է հարկավոր: Չարժե անդրադառնալ թուրք պաշտոնական պատմաբանների այն թեզին, որտեղ նշվում է, թե համշենցիները համշեներենը սովորել են հարեւան հայերից, որովհետեւ նույն թեզում հայերենի` համշենցիների մայրենի լեզու դառնալու պատճառների պարզաբանումները թերի են եւ պատմական ու սոցիալական իրականությունների հետ առնչություն չունեն: Պարզաբանման կարիք ունի թե ինչպես է եղել որ Հոփայի համշենցիներին հաջողվել է պահել համշեներենը, իսկ Ռիզեի համշենցիները «մոռացել» են այն[3]: Խնդրահարույց է նաև Ռիզեի համշենցիների բնութագիրը: «Ռիզեի համշենցին» հանրապետության ստեղծման հետ միասին երկու գավառի բաժանված Համշենի շրջանում ապրող եւ տեղացի համարվող յուրաքանչյուրին ներառող մի բնորոշում է: Մինչդեռ համշենականությունը որպես էթնիկական ինքնություն այլ իրականություն է: Պատմությունից գիտենք, որ օսմանյան տիրապետության ներքո այս շրջանում բավական շատ թուրքական ցեղեր են բնակեցվել: Օսմանցիների դասական քաղաքականությունը` գրաված ոչ մուսուլմանական հողերի թուրքացման գործողություների շրջանակում, նաեւ կայսրության հետ նահանջի շրջանում ավելի հաճախակի դարձած իսլամացման եւ հետո հայոց ցեղասպանության շրջանում հայերից դատարկված վայրերում գաղթականների բնակեցման քաղաքականության շրջանակներում բավական շատ ընտանիքներ են հաստատվել այս տարածաշրջանում: Օրինակ Քեփենեկ ազգանունը կրող թուրք ընտանիքները այս բնակեցումների արդյունքում Համշեն են եկել եւ դեռեւս շրջանի բազմանդամ ընտանիքներից են: Բացի այդ, հայտնի է, որ նախկինում եւ հիմա էլ այստեղ ապրում են լազեր եւ այլ տեղացի ու կովկասյան գաղթական ժողովրդների պատկանող ընտանիքներ: Այսպիսով, համշենականությունը որպես էթնիկ ինքնություն, Ռիզեի համշենցիներից ոչ բոլորին է ներառում: Սակայն անհրաժեշտ է ներկայացնել, թե լազերեն խոսող, իմացող լազերից բացի, համշենցիներից արդյոք ո՞վ է էթնիկապես համշենցի եւ ով` ոչ:

Համշենցի կին. Բաշոբա գյուղում

Անհրաժեշտ է նաեւ ուսումնասիրել ընտանիքների տոհմածառերի ծագումն ու օսմանյան փաստաթղթերի` այս շրջաններում կատարված բնակեցումների հետ առնչվող տվյալները:

Այն համշենցիները, որոնց մասին այս հոդվածում խոսելու ենք, այսօր իրենց թուրք կամ հայ, կամ էլ միայն որպես համշենցի/համշեցի[4] ընդունելուց բացի, այժմ եւ նախկինում հայերենի բարբառ համարվող համշեներենով խոսողներն են: 90-ական թվականներից հետո նախկին սովետական երկրների, որոնց մեջ նաև Հայաստանի եւ հայերի հետ արագորեն աճող տնտեսական հարաբերությունները ազդել են, որ Հոփայի համշենցիները քննարկեն իրենց ծագման խնդիրը: Հայաստանի հայերի և համշենցիների միջև նկատվող սոցիալական, մշակութային եւ լեզվական տարբերությունները հիմք դարձան, որ համշենցիների շրջանում ուժեղանա իրենց  առանձին էթնիկական խումբ լինելու տեսակետը: Դեր է խաղում նաև համշեներենի եւ գրական և հայաստանյան խոսակցական հայերենի միջեւ եղած տարբերությունները: Մինչդեռ այս տարբերությունները ծայրաստիճան բնական են եւ նույնիսկ շատ քիչ են, եթե հաշվի առնենք իսլամացման եւ թուրքացման գործընթացները:

Համշենցիները պատմության ընթացքում երեք մեծ անջատման իրադարձություն են ապրել.

  1. Դեպի Համշեն իրականացված առաջին գաղթի արդյունքում հայրենիքից հեռանալն է: Այս հեռացումը սահմանափակում է առաջացրել նրանց եւ այլ հայ համայնքների միջեւ եղած հարաբերություններում:
  2. Օսմանցիների կողմից արեւելյան Սեւ ծովի շրջանին տիրանալուց հետո սկսված իսլամացման գործողությունները:
  3. Եվ վերջապես, հանրապետության հետ միասին ստեղծված կենտրոնական պետության կողմից թուրքացման եւ ժամանակակից դարձնելու գործողություններից հետո առաջ եկած կրոնական ու մշակութային ձուլման առաջացրած տարանջատումն է:

Բոլոր այս հեռացումները համշենցիների խառնածին ինքնության խմորումների պատճառ են հանդիսանում:

Ձուլման քաղաքականության հետևանքով համշենական ինքնության մեջ թուրքացման ազդեցությունները ավելի բացահայտ, դոմինանտ են դարձել: Միայն որպես լեզու շարունակվող համշեներենը իշխող լեզու թուրքերենի ազդեցության ներքո մասնակիորեն սկսել է նմանվել նրան: Այսօր կիրառվող համշեներենում թուրքերենի խոսվածքներ են մուտք գործել:

Որեւէ լեզվի մեջ այլ լեզուներից, հատկապես իշխող ազգի, պետության պաշտոնական լեզվից բառերի ներխուժումը բավականին բնական երեւույթ է: Միայն հիմնկան բառերի` միմյանց հետ համեմատելու պարագայում կարելի է հասկանալ, թե ո՞ր լեզվով բառերն են հետագայում վերցրած: Օրինակ հիմնական բառերից են` թվերը, մարդու մարմնի օրգանները, հիմնկան գործողություններ (քայլել, ուտել, լացել), դեռեւս վաղուց կիրառվող աման-չամանի անունները: Իսկ ոչ հիմնական բառերի համար հետեւյալ օրինակը կարող ենք ներկայացնել. հանրապետություն, գիրք, մոդա, ճաշարան, կապիտալիզմ, հեռուստացույց, համակարքիչ, կուսակցություն, ազգ, ավտոբուս, առավելություն, սիրտ, հոգի, ութոտնուկ, փիլիսոփայություն եւ այլն: Այս տեսանկյունից մենք տեսնում ենք, որ համշեներենում եղած հիմնական բառերը նույնությամբ կամ որոշ ձայնային ու տառային փոփոխություներով հանդերձ հայերեն են: Հետագայում մեր կյանք մտած առարկաների անունների` այլ լեզուների բառերի հետ նման լինելը կամ չլինելը, երկու հասարակությունների միջեւ սոցիալական, քաղաքական հարաբերությունների հետ է կապված: Քանի որ համշենցիները դարեդար թուրքերի տիրապետության տակ են գտնվել, նրանց լեզվում ու մշակույթում այս ամենի արտահայտությունը բնական է դիտվում: Չնայած, որ Հոփայի համշենցիները «գիտական» տեսանկյունից էթնիկական ինքնություն լինելու իրավունք ունեն, սակայն տարբեր պատճառներով սիրված Չամլիհեմշինի տարածքի չափ չեն ուսումնասիրվել:

Հոփայի համշենցիների վերաբերյալ դաշտային ուսումնասիրություններ տրամադրող «Բիրյաշամ[5]» ամսագիրը այս առումով ուշադրության արժանի կարեւոր քայլ է համարվում: Այս ամսագրում հրատարակվող ֆոլկլորային հավաքածուները, հոդվածները, զրույցները Հոփայի համշենցիների վերաբերյալ կարեւոր տեղեկություններ են հաղորդում: Որեւէ գրավոր աղբյուր չկա այն մասին, թե Հոփայի համշենցիները ե՞րբ, ի՞նչ պատճառով եւ ի՞նչ ճանապարհով են եկել այստեղ: Քանի որ թեմայի հետ կապված բանավոր պատմական աշխատանքները շատ նոր են, հաստատման ու բնակեցման թեման շատ չի ուսումնասիրվել: Զեքի Քոդայը իր «Հոփա գավառի աշխարհագրությունը» վերնագրով դոկտորական թեզում Հոփայում բնակեցման պատմությանն առնչվող տեղեկություններ է տրամադրում: Քոդայը նշում է, որ 1640 թ. այս տարածաշրջան այցելություն կատարած Էվլիա Չելեբին հայտնել է, որ Հոփայի բնակչությունը հիմնականում լազեր են եւ մի մասն էլ հույն:

Համշենցի խանութպաններ Հոփայում

Տարածաշրջանի` օսմանցիների ձեռքն անցնելուց հետո, թուրքացման քաղաքականության արդյունքում Հոփայի գեղատեսիլ վայրերի եւ ագարակների տերերը վտարվում էին եւ իրենց փոխարեն թուրքեր էին բնակեցվում: Պաշտոնական Թուրք պատմաբաններից Ֆահրետտին Քըրզիօղլուն հաղորդում է, թե 1516 թվականի, 411 թերթից բաղկացած «Տրապիզոնի գավառի անշարժ գույքի մանրամասն գրանցման տետրերում» Հոփայի ամենամեծ համշենական գյուղ համարվող Բաշոբա գյուղի մասին ինչ տեղեկություններ են տեղ գտել: «[…] Նշված է, որ Բագոբիտ վիլայեթը (Բաշոբա գյուղ) որը գտնվում է Հոփայի եւ Մակրիյալոյի (Քեմալփաշա) արանքում եւ այնտեղի ընդհանուր հինգ գյուղի` (Բաշքյոյ, Էսենքըյը, Յոլդերե, Չավուշլու, Քոյունջուլար) եկամուտը հանձնված է տեղի քրիստոնյա –մարտոլոսներին»[6]: 1520-1554 թվականների փաստաթղթերում նշվում է, որ Արհավին գավառակի կենտրոնն է հանդիսացել եւ այս գավառակում գոյություն են ունեցել նաեւ Գյոնյե (Մուրադլը-Բորչկա), Յագոբիտ (Բաշոբա-Հոփա) եւ Մակրիյալո (Քեմալփաշա) կենտրոնները: Ըստ այդ գրության, Քեմալփաշան 1486 թվականին կազմված էր 47 տուն քրիստոնյաներից: Նշված է նաեւ, որ Յագոբիտ գավառակ կոչված (Բաշոբա-Հոփա) կենտրոնում գոյություն ունի 68 տուն եւ այս կենտրոնը հիմնադրվել է 1515-ականներին: Նույն տետրում նշված է նաեւ, որ 1520 թվականին Յագոբիտ (Բաշոբա) եւ Իսքելե (Հոփա) բնակավայրերը գավառակի կենտրոններ են եւ Յագոբիտը բաղկացած է մի կենտրոնից եւ վեց գյուղից, իսկ Իսքելեն (Հոփա) մի կենտրոն է, որը բաղկացած է ութ գյուղից:[7]

Վերը նշվածներից երեւում է, որ 1515 թվականին հիմնված Բաշոբա գյուղում ապրում էին լազեր, հույներ եւ աբազաներ:

Բանավոր պատմագրության աշխատություններն էլ փաստում են, որ Բաշոբայի հողերը լազերից են անցել համշենցիներին: Դեռեւս կոչվում  են մի շարք վայրեր լազ տերերի անուներով: Մի շարք համշենական գյուղերի անունները եւս լազերեն են (օրինակ` Յոլդերեյի հին անունը Ժուրպիջի է, որը նշանակում է «երկու եղբայր», իսկ կարծիք կա, որ Ղիգոբա (Բաշոբա) անունը առաջացել է Ղիգիյից):

Սակայն կրկին չենք կարող ասել, որ ունենք հստակ տվյալներ այն մասին, թե ե՞րբ են համշենցիները գաղթել Հոփա: Համշենցիների մասին կատարված պատմության ուսումնասիրությունները եւս ցույց են տալիս, որ Համշենում (Ռիզե Համշեն, Չամլըհեմշին, Հեմշին եւ Սենոզից է բաղկացած) բռնի իսլամացման գործընթացի հետեւանքով ծայր առած գաղթերը դեպի արեւմուտք են ուղղված:

Բրայերի կարծիքով, համշենցիները XV-րդ դարում իսլամի ազդեցությանն են ենթարկվել  եւ XVIII դարում մեծ մասամբ մուսելման են դարձել, իսկ քրիստոնեությանը հավատարիմ մնացողները տարածվել են Սեւ ծովյան ավազանի քաղաքներում` գլխավորությամբ Տրապիզոնում: [Bryer, A. (1975), Greeks and Turkmens: The Pontic Ex11][8]:  Վաքսը հավատում է, որ համշենցիք (արեւմտյան) XVI եւ XVIII-րդ դարերում` զանգվածաբար, մի փոքր խումբ XX-րդ դարի սկզբին, իսկ արեւելյան համշինցիները XVII-րդ դարում են իսլամ ընդունել[9]: Չնայած նրան, որ Ռիզեյի համշենցիները շարունակում են հին քրիստոնեական Վարդավարը տոնել որպես յայլայի խրախճանք, Հոփայի համշենցիների մոտ այլեւս ոչ մի քրիստոնեական հետք չի մնացել: Մերօրյա Հոփայի համշենական որոշ գյուղերում կիլիսե-ական (եկեղեցի) տեղանունները հավանական է, որ համշենցիներից առաջ գոյություն ունեցած լինեն:

Այսպիսով, կարելի է ընդունել, որ Հոփայի համշենցիները այս տարածք են եկել իսլամացման գործընթացից հետո:

Այժմ Հոփա եւ Քեմալփաշայում բազմաթիվ համշենական գյուղեր կան, որոնք են` Բաշոբա/Ղիգոբա, Յոլդերե/Ժուլպիջի, Չավուշլու/Չավուշին, Քոյունջուլար/Զալունա, Էշմեքայա/Արդալա, Գյունեշլի/Ծաղիստա, Բալըքլը/Անչուրող, Քայա Քյոյու/Ղալվաշի, Չամուրլու/Չանչաղան, Շանա, Ուչքարդեշ, Քյոփրուջու, Օսմանիյե, Քարաօսմանիյե/Ղետսելան, Աքդեռե/Չյոլյուքեթ, Քազիմիե/Վեյի Սարփ: Ընդհանուր առմամբ համշենական գյուղերում եղբայրներով/ընտանիքներով ապրելով հանդերձ, Բաշոբա, Արդալա եւ Հենդեք գյուղերը կազմված են տարբեր գերդաստաններից, որը ենդաթրել է տալիս, որ բնակեցման գործընթացները կատարվել են տարբեր ժամանակներում:

Միայն Ուչքարդեշ եւ Քյոփրուջու գյուղերում համշենցիները ապրում են լազերի եւ ռիզեցիների հետ համատեղ: Քեմալփաշայի համշենցիները Հոփայից են եկել: Այսինքն, համշենցիք նախ բնակվել են Հոփայի գյուղերում, իսկ որոշ ժամանակ հետո սկսել են Քեմալփաշայում հաստատվել: Ենթադրվում է, որ գյուղատնտեսության համար ավելի հարմար վայր հանդիսացող Քեմալփաշայի հողատարածքներում որպես բանվոր աշխատող համշենցիները հետագայում սկսել են այդ հողերը գնել իրենց տերերից:

Քեմալփաշայի գյուղերում ապրող տոհմերի մի մասը գտնվում է Հոփայում, եւ նշվում է, որ նրանց «մայրենի օջախը» Հոփայի գյուղերն են: Նախկինում Հոփայի կենտրոնում համարյա ոչ մի համշենցի չի ապրել, սակայն գյուղատնտեսության եւ անասնապահության հետընթացի պատճառով զարգացող առեւտրական գործունեության արդյունքում համշենցիները այժմ կազմում են բնակչության կեսը:

Համշենցիների` գավառի կենտրոն «իջնելը» հեշտ չի եղել: Տարածաշրջանի ժողովրդների միջեւ գոյացած պատմական անհամաձայնությունները մինչ օրս հիշվում են որպես «լազ-համշենական հակամարտություն»:

Համշենցիները պահպանում են հիշողություններ այն մասին, որ գավառի կենտրոնի լազ աղաները իրենց չէին թողնում Հոփա մտնել եւ իրենց կողմից վաճառքի համար շուկա բերված գյուղմթերքները բռնագրավում էին այդ աղաների գործակատարները ու համշենցիներին բռնության ենթարկում:

Համշենցիների սոցիալ-տնտեսական զարգացումը այս վերաբնակեցման գործընթացի հետեւանքն է հանդիսանում: Համշենցիների նախնական աշխատանքի ոլորտը հողագործություն (եգիպտացորեն), այգեգործություն, անասնապահություն եւ փայտամշակում լինելով, ժամանակի ընթացքում այն իր տեղը զիջել է արհեստների եւ բեռնափոխադրության ոլորտներին: Ընտանիքների բազմանալն ու մասնատվելը, շրջակա համշենցիների հոտերի` երկար տարիներ որպես ձմեռանոց հանդիսացող Բաթումից արտաքսվելը եւ սահմանային անցումի վերջնական փակվելը, Արդահան, Իսփիր, Օլթու եւ նման վայրերի յայլաներում շարունակվող անասնապահության պայմանների դժվարությունները պատճառ հանդիսացան, որ համշենցիները թեքվեն դեպի քաղաքներ եւ առեւտուր:

Երկար տարիներ Հոփայի կենտրոնում որպես հացթուխ եւ պուրիի վարպետ աշխատած Հըզըր Յազըջըն, համշենցիների զարգացման գործընթացը որպես արհեստավորներ եւ առեւտրականներ այսպես է նկարագրում[10]: «1935 թ. սկսեցի հացթուխություն անել: Այդ ժամանակ վեց փուռ գոյություն ուներ: Համշենցիները հինգն էին Հոփայում: Քոյունջուներից Մուհամմեդը, Յաղջըներից երկու եղբայր եւ Շյուքրյու Աքբըյըքի պապիկն էլ էին հացթուխ: Զենդիթից Թոփալ Ջեմալի հայրը` Հարունը, մեկ էլ` Մեհմետ Թոփալօղլուն կար: Վեցերորդը ես դարձա: Իսկ մնացածը լազեր էին: Քիբիրօղլի, Տոսունօղլի, Մուսթօղլի, Վաջօղլի… նրանք բոլորն էլ հոտեր ունեին: Մինչեւ 40-ականները այսպես էր»:

Մինչեւ 1972 թ. նավահանգստի կառուցումը, Հոփան չի եղել աշխյուժ քաղաք, մյուս հոփացիների նման համշենցիներն էլ Արդահան, Մուրգուլ, Բաթում եւ անգամ Զոնգուլդաքի նման շրջակա քաղաքներ ու գյուղաքաղաքներում բանվորություն են կատարել եւ իրենց ձեռք բերած արհեստները հետագայում շարունակել են Հոփայում եւ մյուս վայրերում: 1970-ականներին պետական աջակցությամբ թեյի տնտեսության հիմնավորումը վերջ տվեց եգիպտացորենի մշակմանն ու այգեգործությանը: Նախնական շրջանում թեյի համար սահմանված բարձր նյութական աջակցության հետեւանքով բոլոր համապատասխան հողատարածքները վերածվեցին թեյի այգիների: Թեյի տնտեսությունը այլնտրանք հանդիսացավ անգամ անասնապահության համար:

Հոփայի նավահանգստի կառուցման եւ թեյի տնտեսության աճին զուգընթաց արագորեն զարգացավ նաեւ բեռնափոխադրությունը: Այս ընթացքում բազմաթիվ համշենցիներ անցան բեռնափոխադրության ոլորտ: Մինչ օրս համշենցիների հիմնական զբաղմունք են համդիսանում վարորդությունն ու հացթուխությունը: Նախնական փուլում օտարների մոտ էին որպես վարորդ ծառայում, ապա Համշեն վարորդների ընտանիքները բեռնափոխադրող ընկերություններ ստեղծեցին: Քոյունջուլար, Յալչընլար, Դալքըլըչ, Յենիգյուլլեր եւ համշենցիներին պատկանող նման բազմաթիվ բեռնափոխադրող ընկերություններ այժմ այս ոլորտում լուրջ կշիռ ունեն: Հատկապես 1990-ականներին նախկին սովետական երկրների հետ կատարվող առեւտրին զուգահեռ մեծ եկամուտ ունեցող բեռնափոխադրող ընկերությունները սկսեցին այժմ քիչ-քիչ ուղղվել դեպի արտադրության ոլորտ: Այժմ համշենցի գործարարներ կան բոլոր առեւտրային ոլորտներում:

Համշենցիների մշակութային եւ քաղաքական կյանքն էլ պայմանավորված է սոցիալ-տնտեսական զարգացումներով: Հոփայի համշենցիները համշեներեն խոսող մուսուլմանների մեջ  միակ համշենական խումբն են: Հոփայի համշենցիների կողմից լեզվի պահպանման փաստը կապված է փակ, գյուղական կյանք վարելու հետ:

Գյուղատնտեսության եւ անասնապահության միջոցով շարունակվող ինքնամփոփ գյուղական կյանքը հնարավորություն է տալիս, որ լեզուն փոխանցվի սերնդե սերունդ, եւ շարունակվեն որոշ ավանդություններ: Այս վիճակը սկսեց փոխվել հանրապետության ժամանակաշրջանում, երբ զարգացող կենտրոնական կրթական համակարգը պարտադիր դարձրեց թուրքերենի ուսուցումը: Նաև տնտեսական առումով այլեւս քաղաքաբնակ դարձած առևտրականները և պատվաբեր աշխատքի ձգտողները պարտավոր էին պետության պաշտոնական լեզուն իմանալ որպես մայրենի լեզու:

Բազմաթիվ համշենցիներ միայն դպրոցում են սովորել թուրքերենը: Այս վիճակը շարունակվեց մինչեւ 1980-ականները: Դպրոցում արգելված է թուրքերենից բացի այլ լեզվի գործածությունը: Դպրոցի ղեկավարությունը ստիպում էր ոչ միայն դպրոցականներին, այլ նաեւ ընտանիքներին, տան միջավայրում երեխաների հետ թուրքերեն խոսել:

Հեղինակը' Ջեմիլը ազգականի հետ

Այն ընտանիքները, որոնք ցանկանում էին, որ իրենց երեխաները լավ կրթություն ստանան եւ պատվաբեր աշխատանքների անցնեն, սկսել էին տան մեջ թուրքերեն խոսել: Այսուհանդերձ թուրքերեն սովորելուն զուգահեռ նրանք շարունակում էին խոսել համշեներեն, սակայն թուրքերենի պարտադրման ճնշումները համշեներենի թուլացման ու աղքատացման պատճառ հանդիսացան: Նախկինում բոլորն էլ համշեներեն էին խոսում եւ հասկանում, սակայն այժմ նոր սերնդի բազմաթիվ երեխաներ համշեներեն քիչ են հասկանում, իսկ խոսել չեն կարող:

Տնտեսության աճին զուգահեռ համշենցիները քաղաքական եւ սոցիալական կյանքում էլ սկսել են առաջադիմություն ցուցաբերել: 2004 թվականին առաջին անգամ մի համշենցի ընտրվեց Հոփայի քաղաքապետ: Վարորդների միության ղեկավար Իսրաֆիլ Քոթիլը եւ Հոփայի առեւտրի եւ արդյունաբերության պալատի ղեկավար Էնգին Քոյունջուն համշենցի են: Պետական համակարգում եւ կրթության ու առողջապահության ոլորտների պետական պաշտոններում բազմաթիվ համշենցիներ կան:

Քաղաքական ասպարեզում համշենցիները մեծ մասամբ ձախ թեւում են գտնվում: Համշենցիների այս հակումը բազմաթիվ հարցադրումների առարկա է դարձել: 2011 թվականի խորհրդարանական ընտրությունների նախօրյակին, ղեկավարող կուսակցության Արհավի քաղաքի շտաբի ղեկավարներից Ջյունեյթ Այթոլանի տված մամուլի ասուլիսը կարելի է դիտել որպես աջակոմյանների եւ իշխողների ենթագիտակցությունը ցույց տվող օրինակ: «Արհավիյում կենտրոնական աջ ընտրազանգվածը 70% է, Հոփայում` ճիշտ հակառակն է: Պատճառը ոչ թե լազերն են, այլ համշենցի հայերը: Էթնիկական ազգայնամոլություն են անում»:[11]

«Պաշտոնական պատմաբաններից» եւ իրենցից` համշենցիներից բացի բոլորի կողմից համշենցիները ընդունվում են որպես հայ: Սակայն քաղաքականության մեջ ձախ կուսակցությունների նկատմամբ նրանց հակումը հայ լինելով մեկնաբանելը, ազգայանամոլության արտահայտություն է թվում:

Չնայած, անհիմն է նաեւ այն մեկնաբանությունը, որ բոլոր համշենցիները քվեարկում են ձախ կուսակցությունների օգտին: Օրինակ, Բաշոբա գյուղը եւ մի շարք ուրիշ գյուղեր, հայտնի են «փոքրիկ Մոսկվա» անվամբ, սակայն Արդալան, Զալունան աջակողմյան, թուրքական ազգայնական կուսակցություններին մեծ հենարան հանդիսացող համշենական գյուղեր են:

Ավելի ճիշտ կլիներ ասել, որ համշենցիները իրենց տնտեսական եւ սոցիալ զարգացման հետ զուգահեռ քաղաքականության ոլորտում ուրիշներից ավելի գործունյա են համարվում: Թուրքիայի համար նշանակելի քաղաքական շրջադարձ հանդիսացող 1974-1980 թվականների միջեւ ընկած ժամանակաշրջանում եւ 1980 թվականի զինվորական հեղաշրջման ճնշումներից հետո1990-ականերին աջում էլ ձախում էլ «պարտիզանականություն»(առաջին գծում պայքարող) կատարողները համշենցիներն էին: Այս վիճակը բացատրելու համար անհրաժեշտ է այն դիտարկել տարբեր տեսանկուններից: Առաջինը` համշենցիները հետ են մնում սոցիալ եւ տնտեսական ոլորտներում: Օրինակ` գավառի կենտրոնում ապրող լազերը պետության հետ միահյուսված են (քաղաքաբնակ լինելով ավելի շուտ են ժամանակակից դարձել), իսկ համշենցիները շատ ուշ են սկսել այս գործընթացը: Հանշենցիները անգամ 1980-ականներին իրենց գյուղական ճանապարհները կառուցում էին միմիյանց օգնելով իրար հետ, առանց պետության  օգնության: Երկրորդ`  ուրիշ մայրենի լեզու ունեցող համշենցիները պետության` «մեկ լեզու (թուրքերեն), մեկ ազգ (թուրք)» հասկացությանը «բնականաբար» չէին համապատասխանում:

Այսպիսով, նրանց սոցիալ եւ քաղաքական պահանջները իրենց դրսեւորումներն են ունեցել առավելապես ձախակողմյան քաղաքականության մեջ: Բացի սոցիոլոգիական պատճառներից համշենցիների ինքնության կառուցվածքը եւս նպաստել է նրանց «պարտիզան» լինելուն: Կյանքի պայմանների բերումով, նրանց` ընդհանրապես բարձր ինքնավստահությունը, անհատական պատասխանատվություն ստանցնելու պատրաստ, ընբոստ եւ բռնկվող բնավորությունը պատճառ է հանդիսացել, որ նրանք քաղաքական բոլոր ուղղություններում միշտ «առաջին գծում» հայտնվեն: Մյուս կողմից, համշենցիների կարեւոր մի հատված նախընտրում է մոտ լինել պետականամետ կողմնորոշում ունեցող կուսակցություններին, այն դիտելով որպես տնտեսական վերելքի ճանապարհ:

Կարելի է ասել, որ այս «պետականամետ ուղղություն» ունեցողների ենթագիտակցության մեջ մտավախություն է թաքնված` հայ համարվելը: Համշենցիները գիտեն, որ իրենք որպես մուսուլմանացված հայեր են դիտվում եւ որոշ համշենցիներ այս կերպարից փրկվելու համար նախընտրում են մոտ լինել աջակողմյան կուսակցություններին: Համշենցիների հայկական արմատներ ունենալը ընդունողներն եւ մերժողներն էլ բաժանվում են ըստ իրենց քաղաքական կողմնորոշումների:

Հայկական արմատները ընդունող համշենցիները ընդհանրապես ձախ-սոցիալիստ գծում են հանդես գալիս: Քանի որ ձախ-սոցիալիստները դեմ են պետության պաշտոնական գաղափարախոսությանը, նրա պաշտոնական պատմության գաղափարին եւ «մի լեզու, մի ազգ» կարգախոսին, կարողանում են ուշադրություն չդարձնել պատմական խնդիրներին:

Սակայն այս հատվածի մոտ էլ չկա ինքնության բնութագրում եւ ինքնության վրա հենված քաղաքական պահանջ: Համշենցիների ինքնության խնդիրը հիմնականում 90-ականների վերջում է օրակարգի մաս կազմել: Այստեղ տարբեր ազդակներ են դեր խաղացել: Գլխավոր ազդակը եղել է, ինքնության վրա հիմնված քրդերի քաղաքականությունը, որը ցնցում է առաջացրել ամբողջ երկրում: Քրդական շարժման` մայրենի լեզվի եւ մշակույթի հետ կապված պահանջները, իրավակարգի կողմից ձուլման ենթարկվող մյուս ազգային խմբերի մոտ էլ շարժում առաջացրեցին «պաշտոնական գաղափարախոսության» դեմ: Քրդերին հետեւեց համշենցիների հետ կողք-կողքի ապրող լազերի գիտակցության արթնացումը, որ արտահայտվեց ազգային լեզվի և հատկապես երաժշտության նկատմամբ հետաքրքրության աճով:

Հանրապետության ողջ ժամանակաշրջանում ոչ թուրք համայնքների նկատմամբ կիրարվող ձուլման աշխատանքները պատճառ են հանդիսացել տարբեր հոգեբանությունների ձեւավորման:

Ձուլման քաղաքականությունը ստեղծել է այն կարծիքը, թե թուրքերենը պետական լեզու լինելուց բացի նաեւ ժամանակակից ու քաղաքաբնակ լինելու լեզու եւ մշակույթ է: Այսպիսով, տեղական լեզուները մի տեսակ «վայրենության», հետամնացության եւ գյուղացիության հետ հավասարվելով, «ամոթալի» վիճակում են հայտնվել: Հասարակական ոլորտում թուրքերենից բացի որեւե լեզվի օգտագործումը անհարիր երեւույթ է դարձել:

Քրդերի պայքարը իրենց մշակույթի և լեզվի դիրքերի ամրապնդման համար և նաև նրանց քաղաքականությանը  լազերի հետևելը վերջ դրեցին այս հոգեբանությանը:

Տարբեր էթնիկական խմբերի ներկայացուցիչներ ավելի սերտորեն սկսեցին առնչվել իրենց լեզվին ու մշակույթին:

Լազ երաժիշտ Քյազըմ Քոյունջույի(1971-2005) կողմից թողարկված սկավառակներում համշեներեն երգերի ընդգրկումը պատճառ է հանդիսացել, որ համշենցիներն էլ տեր կանգնեն ոչնչացման ճանապարհին գտնվող իրենց լեզվին ու մշակույթին: Կարճ ժամանակահատվածում իր աշխատանքներով մեծ հռչակ ձեռք բերած Քյազըմ Քոյունջուն, թե լազերի եւ թե համշենցիների ինքնանսեմացնող հոգեբանության վերացման պատճառ դարձավ: Քոյունջուից հետո բազմաթիվ համշենցի երիտասարդներ հայտնագործեցին մինչ այդ իրենց տատիկների հիշողություններում պահպանված մայրենի լեզվով երգեր, մինչեւ իսկ սկսեցին նոր համշեներեն երգեր ստեղծել:

Նրանք սկսեցին համշեներեն տեքստերը  տարածել սոցիալական կայքեջերում, օգտագործելով տեխնոլոգիայի հնարավորությունները: Երաժշտության ոլորտում էլ Գյոքհան Բիրբեն, Բիզիմ Յաշար (Քաբաօսմանօղլու), Այդողան Թոփալ, Վովա, Այդողան Յըլմազ, Սալիհ Յըլմազ, Մելուսես եւ բազմաթիվ անհատներ եւ խմբեր համշեներեն երգերից կազմված ձայնասկավարակներ թողարկեցին: Սոցիալական կայքեջերում հրապարակվեցին համշենցիներին վերաբերող ուսումնասիրություններ:

Հոփայում հրատարակվող «Բիրյաշամ» ամսագրում առաջին անգամ լույս տեսան համշեներեն-թուրքերեն (երկլեզվանի) հոդվածներ: Դեռ մի քանի ամիս առաջ էլ Ստամբուլում ստեղծվեց «Հատիկ» համշենի մշակույթի ուսումնասիրության եւ պահպանման միությունը:

Մշակութային ոլորտի այս զարգացումները համշենցիների մոտ ինքնության խնդիրների լուծմանն առնչվող տարբեր մոտեցումներ առաջացրին:

Ինչպե՞ս է իրականացվելու համշենական ինքնության ամենակարեւոր մաս համարվող լեզվի պահպանումը: Արդյո՞ք պետք է բավարարվել ներկա բառապաշարով, թե՞ պետք է կապ հաստատել համշեներենի գլխավոր աղբյուր հանդիսացող հայերենի հետ: Արդյո՞ք պետք է քրդերի եւ այլ էթնիկական խմբերի նման պահանջել, որ այն վայրերում, որտեղ համշենցիներ են ապրում, համշեներենը դպրոցներում դասավանդվի գոնե որպես ընտրովի լեզու: Ի՞նչ ենք հասկանում «համշենական մշակույթ» ասելով: Համշենական ինքնությանը տեր կանգնող անձանց մոտ դեռեւս շարունակվում են այս եւ այլ հարցերի շուրջ գոյություն ունեցող անորոշությունները:

Թուրքերենից թարգմանեց Տիրան Լոքմագոզյանը

Լուսանկարները Անահիտ Հայրապետյանի

Տես նաև` 

Նշանդրեք Համշենում: Մուքերեմ եւ Սեւիմ

Հարսանիք Համշենում: Այդեմիր եւ Զուլյա


[1] Levon Haçikyan “Hemşin Gizemi: Hamşen Ermenileri

Tarihinden Sayfalar”, translated and edited by Bağdik Avedisyan (Istanbul: Belge

Yayınları, 1996).

[2] http://tr.wikipedia.org/wiki/Hem%C5%9Finliler

[3] Այս խնդրի հետ կապված կարեւոր աշխատանք է Այշենուր Քոլիվարի, §THOUGHTS ON THE TURKISH DIALECT SPOKEN IN A HEMSHIN VILLAGE¦ հոդվածը.

[4] Համշեներեն խոսող համշենցիները իրենց կոչում են համշեցի:

[5] «Biryaşam Yerel Tarih, Folklor, Biyografi ve Coğrafya Dergisi», 2008 թվականից Հոփայում հրատարակվող այս ամսագրի 13-րդ համարն է արդեն հրատարակված: Մանրամասների համար տես` www.biryasam.com.tr

[6] Զեքի Քոդայ, «Hopa İlçesinin Coğrafyası», (Հոփայի գավառի աշխարհագրությունը), չհրատարակված դոկտորական թեզ, էջ, 112.

[7] Նույն տեղում

[8] http://tr.wikipedia.org/wiki/Hem%C5%9Finliler

[9] Նույն տեղը

[10] «Բիրյաշամ» ամսագիր, Նո. 2

[11] Մեհվեշ Էվին, «Միլլիյեթ» օրաթերթ, http://siyaset.milliyet.com.tr/artvin-de-secim-cetin-viraj-li/siyaset/siyasetdetay/30.05.2011/1396247/default.htm

Մեկնաբանություններ (2)

thovmas
It is very possible that the despite which they have for Armenians comes from an ethnic consciousness of guilt. We are all fallen, sinful men and women. As in the case between us and our Creator, our guilt for sin compounds our enmity against Him--so also with our fellow human beings. There is enmity between the nations that exists as the result of the wholly ruining and spiritual-death-causing effect of sin on ever part of the human mind, heart and experience. It seems natural to assume that along with a sense of guilt comes remorse. But this is not the case. It is just the opposite in the heart of a person who is not a new creation in Christ Jesus; forgiven, and reconciled, through His finished work of redemption--having taken the punishment for sinners upon Himself according to His eternal plan--repenting from all sin, and turning in simple, childlike faith to Jesus. The person who has only the name of a Christian, or who has another religion (whose hope and fear are of false gods or idols) when there is fear because of being identified with those who are hated by many of their Turkish neighbors (we Armenians), or if they have a guilty ethnic conscience, there will be hatred as a result. It will be good to show them kindness in return for their mistrust, and to remember that we ourselves will face the same God and judge if claiming to be Christian, we love sin, and not Him.
Գոհար Արշակյան
Անշուշտ, համշենցիներն հայեր են տեսքով, դիմագծերով, գանգի ձևով / այդ կապացուցի մարդաբանական քննությունը/, խոսակցական լեզվով, պարզապես նրանք չեն կարող այդ մասին բարձրաձայնել, քանզի ապրում են թուրքի տիրապետության տակ ու լավ գիտեն իրողությունը...ու ճիշտ էլ անում են...Պատահական չէ, որ նրանց մեջ շատ են կապույտաչյաներն ու շիկահերները, իսկ լուսանկարները դիտելիս բոլորի դեմքերը ծանոթ են թվում...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter