HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեւոն Հայրապետյան

Էս սարն իմն է, էս ծառն իմն է, կամ ինչպես «Բանկային գաղտնիքով» «առողջացվեց» «Ադանա» բանկը

Գրեթե տաս տարի առաջ էր, երբ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից «Ադանա» բանկ ՍՊ ընկերությունը անվճարունակ ճանաչվեց և միացվեց սնանկ ճանաչված «Արդշինբանկ» ԲԲ Ընկերությանն ու տարվեց լուծարման: Այս երկար ու ձիգ տարիների ընթացքում «Ադանա» բանկի բաժնետերերը, դեռևս դեգերում են հայաստանյան արդարադատության հորձանուտներում, բայց առայժմ` առանց էական արդյունքների: Ընթացել և այժմ էլ ընթացքի մեջ են մի քանի դատական գործեր:

Իսկ սա նշանակում է, որ մարդկային հիշողությունը կարճ չէ, և բանկի բաժնետերերը առայսօր որոնում են ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ, որը դեռևս Րաֆֆու ժամանակներից ի վեր` հեղինակի բնորոշմամբ` «ծիծեռնակի կաթ է դարձել»:

Ինչ է տեղի ունեցել «Ադանա» բանկի հետ  

ՀՀ Կենտրոնական բանկը 2002 թվականի փետրվարի 27-ին, անվճարունակ ճանաչելով «Արդշինբանկը», նույն օրն էլ անվճարունակ ճանաչեց նաև միանգամայն վճարունակ Ադանա բանկը`վերացնելով բանկի կառավարման մարմինները: Ապա ԿԲ բանկային վերահսկողության վարչության պետին նշանակեց «Արդշինբանկի» ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավար, իսկ նրա տեղակալին «Ադանա» բանկի ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավար:

2002 թվականի փետրվարի 27-ին «Ադանա» բանկում սովորական աշխատանքային օր էր, երբ բանկ ներխուժեցին մի քանի հոգի, «հոտընկայս» ներկայացան որպես ՀՀ Կենտրոնական բանկի աշխատակիցներ` ասելով, որ բանկում այլևս ժամանակավոր ադմինիստրացիա է, ապա սրընթաց ներխուժեցին բանկի դրամապահոց, կոպտորեն դուրս հանեցին գանձապահին, և…  հաշված վայրկյանների ընթացքում բանկի կառավարումը հայտնվեց  ՀՀ Կենտրոնական բանկի ձեռքում: Ասես 30-ական թվականներն էին…

Հենց նույն օրը`2002 փետրվարի 27-ին, ԿԲ-ն ընդունեց երկու բանկերի ֆինանսական առողջացման ծրագրերը, հենց այդ նույն օրն էլ` փետրվարի 27-ին, հավանություն տվեց երկու բանկերի միացման գործարքի նախագծին, և դեռ ավելին` նույն օրն էլ` փետրվարի 27-ին, բանկերի միացման գործարքի իրագործման նպատակով «Արդշինբանկին» տրամադրեց  5,5 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ: Կենտրոնական բանկի նախագահ Տ. Սարգսյանն էլ ի լուր հանրության հայտարարեց, որ ԿԲ-ն ողջունում է բանկերի միացումը, խոշորացումը: Արդյոք «Արդշինբանկին» 5,5 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ տրամադրելու համար էր ԿԲ-ին անհրաժեշտ միացնել բանկերը, թե՞…:

Բանկերի միացման համար, բնականաբար, պետք է ստորագրվեր ՄԻԱՑՄԱՆ պայմանագիր: Դա էլ պարզ է` խնդիր չէր, քանի որ Կենտրոնական բանկի նշանակմամբ 2002 թվականի փետրվարի 27-ից երկու բանկերում էլ` որպես ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարներ, «տեր ու տնօրեն» էին Կենտրոնական բանկի ղեկավար աշխատակիցները, որոնք էլ առանց խղճի խայթի, 2002 թվականի մարտի 7-ին ստորագրեցին բանկերի ՄԻԱՑՄԱՆ պայմանագիրը: Այնուհետև`11.03.2002-ին, ԿԲ-ն «Ադանա» բանկը վերածեց «Արդշինբանկի» մասնաճյուղի,  իսկ 2003-ի փետրվարին լուծարեց նաև մասնաճյուղը` բանկի փորձառու աշխատողներին ուղղակի շպրտելով փողոց: Մի քանի ամից անց` 04.07.2003-ին, ՀՀ տնտեսական դատարանի որոշմամբ սնանկ ճանաչվեց նաև Արդշինբանկը (որը հետագայում մոխիրներից հառնեց որպես ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ)…

Փաստորեն Կենտրոնական բանկը, իր աշխատակիցներին երկու բանկերում ժ/ա ղեկավարներ նշանակելով և բանկերը միացնելով, «Ադանա» բանկի բաժնետերերից խլեց նրանց սեփականությունը, որովհետև էս երկրում էդպես է`դե` սարն էլ է իրենցը, ծառն էլ,դե կացինն էլ…

«Ադանա» բանկի «անվճարունակությունը» և Կենտրոնական բանկի ամենազոր կախարդական փայտիկ-բանկային գաղտնիքը

«Ադանա» բանկի անվճարունակության մասին հեքիաթը հորինել է Կենտրոնական բանկը. բանկն անվճարունակ ճանաչելու ոչ մի հիմք չի եղել; ՀՀ «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» այդ ժամանակ գործող օրենքով սահմանված հիմքերով բանկը համարվում է անվճարունակ, եթե

- ի վիճակի չէ բավարարել իր պարտատերերի պահանջները.

«Ադանա» բանկում գոյություն չունի, չկա, չի եղել որևէ պարտատիրոջ չկատարված պահանջ, վճարման հանձնարարագիր:

- բանկի ցուցանիշների ամփոփ գնահատականը ցածր է Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած բանկերի ցուցանիշների ամփոփ գնահատականի նորմերից.

«Ադանա» բանկի ոչ խորհուրդը, ոչ էլ գործադիր տնօրինությունը ԿԲ-ից չեն ստացել որևէ փաստաթուղթ ԿԲ խորհրդի սահմանած բանկերի ցուցանիշների ամփոփ գնահատականի նորմերից` Ադանա բանկի նորմերի ցածր լինելու մասին:  

- պարբերաբար խախտել է օրենքով սահմանված պարտադիր պահուստավորման նորմատիվը.

«Ադանա» բանկի ոչ խորհուրդը, ոչ էլ գործադիր տնօրինությունը Կենտրոնական բանկից չեն ստացել որևէ փաստաթուղթ օրենքով սահմանված պարտադիր պահուստավորման նորմատիվի պարբերաբար խախտման վերաբերյալ:

Բայցևայնպես, ԿԲ-ն բանկը հապճեպ ու անակնկալ ձևով անվճարունակ ճանաչեց և միացրեց Արդշինբանկին` թույլ տալով  բազմաթիվ կանխամտածված, միտումնավոր, գիտակցված սխալներ, կեղծելով բանկի ֆինանսական վիճակի մասին տվյալները և համարելով միացման հիմք իրենց իսկ հորինած շինծու թվերը: Բերենք մի փոքրիկ դրվագ այդ բազմաշերտ սխալներից:

Կենտրոնական բանկը Ադանան անվճարունակ ճանաչելու հիմք է ընդունել բանկային վերահսկողության դեպարտամենտի տնօրենի կազմած ընդամենը երկու բարդ ստորադասական նախադասությամբ, մեկ էջի մեկ երրորդի չափով, ընդամենը տասնչորս տողանոց, առանց ամիս-ամսաթվի Տեղեկանքը (պարզ չէ` երբ է այն կազմվել), որով անհուսալի է դասակարգվում նաև «Ադանա» բանկի կողմից «Արդշինբանկին» տրված 172,570,000.00 դրամ գումարի վարկը, մինչդեռ այդ վարկի դիմաց «Արդշինբանկը» գրավադրել էր  Պետական գանձապետական կարճաժամկետ պարտատոմսեերը (կա համապատասխան Գրավի պայմանագիր), որի ռիսկայնությունը, ըստ ԿԲ նորմատիվների, գնահատվում էր 0 տոկոս:

Փաստորեն Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը, նույն ինքը`պետական  բանկը, նույն պետության կողմից թողարկված 172,570,000.00 դրամ գումարի ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԸ համարում է անարժեք ու անպիտան թղթեր, հակառակ գնալով իր իսկ նորմատիվներին, կամ ավելի ճիշտ` հասկանալով, որ չի կարող այդպես համարել, պարզապես իր մի քանի տողանոց տեղեկանքում ու որոշումներում լռում է այդ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ` Ադանա բանկում գրավադրված լինելու մասին՝ վճարունակ բանկն անվճարունակ համարելու համար (բակլան իմն է`խաշած եմ ցանում):

Բաժնետերը, ըստ այդ ժամանակ գործող «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» ՀՀ  օրենքի  2-րդ հոդվածի, իրավունք չուներ  դատական կարգով բողոքարկել ԿԲ գործողությունները և որոշումները:

Բացի օրենքի արգելքից, կար նաև ԿԲ-ի բգ/բանկային գաղտնիք կոչվածը, այսինքն`ԿԲ-ն որոշումների վերևի աջ անկյունում ընդամենը գրում է ամենազոր երկու կախարդական տառ-բառ`բգ(բանկային գաղտնիք), և դրանով հարցը փակում: Իսկ սա նշանակում է, որ «Ադանա» բանկի բաժնետերերը զրկված էին տվյալ գործողությունների վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր ձեռք բերելու իրավունքից, որն էլ իր հերթին նրանց զրկում էր դատական պաշտպանության իրավունքից:

Այսպես ասած`«Ադանայի» գիրքը յոթ փականքի տակ էր.«Եվ աթոռի վրա նստողի աջ ձեռքում մի գիրք տեսա` ներսից ու դրսից գրված և յոթը կնիքով կնքված», /Աստվածաշունչ, Հայտնություն Հովհաննու, գլ հինգ, մասն 1- 3/: Արդեն տաս տարի է բախվում ենք այդ բգ(բանկային գաղտնիք) կոչված  ՊԱՏԻՆ: 

Ադանայի «ամուսնությունը»`առանց ամենազոր կախարդական փայտիկ-բանկային գաղտնիքի

«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 68-րդ  հոդվածը սահմանում է բանկերի միացման հետևյալ ընթացակարգը. «Միացման պայմանագրի կնքման նախնական համաձայնություն ստանալու համար բանկը Կենտրոնական բանկ է ներկայացնում գործարքի էական պայմանները, անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները», իսկ Կենտրոնական Բանկի խորհուրդը…«ստանալու պահից` մեկամսյա ժամկետում կայացնում է… նախնական հավանություն տալու կամ չտալու մասին որոշում»:

Ստացվում է` ԿԲ-ն խախտել է այս ընթացակարգը ևս. Ադանա բանկը մինչև 2002 թվականի փետրվարի 27-ը ոչ մի անգամ չի դիմել ԿԲ-ին, ոչ մի փաստաթուղթ չի ներկայացրել, առավել ևս`«Արդշինբանկի» հետ «ամուսնանալու» ցանկություն չի հայտնել, և ընդհանրապես ֆինանսական խնդիրներ չի ունեցել:  

Ուրեմն խնդիրներն Արդշինբանկում էին, որի ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավար Արտաշես Դավթյանին (վերոնշյալ ՏԵՂԵԿԱՆՔԻ հեղինակին)  թերևս ձեռնտու էր կեղծ տվյալների հիման վրա բանկերի միացումը: Իսկ ԿԲ խորհուրդը, ինչպես է որոշումներ ընդունել` առանց իրական հիմքերի առկայության, առանց պատշաճ փաստերի, և արդյո՞ք իրականում ընդունել է…այդ որոշումները, թե կայացվել է միանձնյա որոշում: Հարցեր, որոնք դեռևս պատասխաններ չունեն…

Մի պահ ընդունենք, որ «Ադանա» բանկն անվճարունակ էր: Ինչպես պետք է վարվեր ԿԲ-ն: Սովորաբար, նման դեպքերում ԿԲ-ն անմիջապես արձագանքում է, ուղարկում է նախազգուշացումներ, առաջարկներ, ժամանակ է տրամադրում սխալների շտկման համար, հարկ եղած դեպքերում կիրառում պատժամիջոցներ և այլն: «Ադանա» բանկի խախտումների, ֆինանսական խնդիրների մասին, եթե այդպիսիք լինեին, Կենտրոնական բանկը պետք է տեղեկացներ բանկի խորհրդին և գործադիր տնօրինությանը, որոշակի ժամանակ տար թերությունների վերացման համար, բանկի մասնակիցներին հնարավորություն տար նոր ներդրումներ կատարելու, նոր ավանդատուներ ներգրավելու համարեր և այլն:

Հիշեցնենք` ԿԲ-ն «Ադանան» անվճարունակ է ճանաչել հիմնական կապիտալի հիսուն տոկոսի սպառման պատճառաբանությամբ, որն ի դեպ, «հայտնաբերել» է, 2002 թվականի փետրվարի 27-ին`մեկ օրում, վերը նշված մի քանի տողանոց ՏԵՂԵԿԱՆՔ գրությամբ, և նույն օրն էլ բանկը ճանաչել անվճարունակ, ու կայացվել են մնացած որոշումները, այդ թվում Արդշինբանկին միացմանը հավանություն տալու մասին:

Ոչ «Ադանա» բանկի խորհուրդը, ոչ էլ տնօրինությունը վերոնշյալ բովանդակությամբ որևէ փաստաթուղթ Կենտրոնական բանկից երբէ չի ստացել:  Եթե ԿԲ-ն սահմանված կարգով տեղեկացներ նշված տեղեկանքի մասին, ապա բանկը կպարզաբաներ, որ առկա են գրավադրված պետական գանձապետական պարտատոմսեր,  բանկի անվճարունակության, նոր ներդրումների անհրաժեշտության մասին, միգուցե բաժնետերերը համարժեք քայլեր ձեռնարկեին, առավել ևս, որ նյութապես նման հնարավորություն ունեին:

Սակայն ԿԲ-ն բանկը վերացնելու իրական հիմքեր չուներ և ոչինչ չէր կարող առաջարկել. ուստի գործի դրեց իր վարչական ռեսուրսը` իշխանությունը, խլեց սեփականատերերի ունեցվածքը և սկուտեղի վրա նվիրաբերեց մեկ այլ անվճարունակ բանկի:

շարունակելի

 

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
ՄԻԹԵ Հայաստանում այսպիսի ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ՀԱՓՇՏԱԿՈՒՄՆԵՐ են սաղացնում? Ու դեռ պետական մարմինների/անձանց կողմից? Սա բացարձակ պետական-ֆինանսական ՏԵՌՈՐԻՍՏԱԿԱՆ ակտ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter