HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ն. Փաշինյան. «Դուք չեք տեսնի մի բիզնեսմենի, որն ասի՝ հարկայինը քերում է ու ավել գումար է ուզում»

Խորհրդարանի հատուկ նիստում ընթանում է վարչապետի ընտրության երկրորդ փուլը: Այս անգամ ևս առաջադրված միակ թեկնածուն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է, ով իր ելույթում ընդգծեց` իր հասցեին շատ են հնչում հեղափոխական օրակարգը ձախողելու վերաբերյալ մեղադրանքներ:

Փաշինյանը պնդեց` երկրում ինստիտուցիոնալ կառավարման բազում փոփոխություններ են եղել՝ սկսած տնտեսությունից, արդարադատությունից, վերջացրած բնապահպանությամբ: Ըստ Փաշինյանի` վարչապետ ընտրվելուց հետո պարզել է, որ Կառավարությունը բիզնեսին 274 միլիարդ դրամի պարտք ունի:

Ըստ նրա` այս տարվա մայիսի մեկի դրությամբ պետությունը ժամկետանց պարտք չունի բիզնեսին, շուրջ 500 միլիոն դոլար վերադարձվել է բիզնեսին: Փաշինյանը կարևորեց նաև եկամտային հարկի համահարթեցման փոփոխությունները:

«Դուք չեք տեսնի մի բիզնեսմենի, որն ասի՝ հարկայինը քերում է ու ավել գումար է ուզում, եթե նույնիսկ նման դեպքեր լինեին, ՊԵԿ բողոքարկման կոմիտեում այդ հարցերը կլուծվեն: Մեր տնտեսության երեսուն տարվա ընթացքում ամենաակտուալ հարցը փայ մտնելու թեման է, լսել եք որևէ մեկը որևէ բիզնեսում փայ մտնի: Բոլորը մոռանում են, որ մենաշնորհներ են եղել, որ կոնկրետ մարդիկ են ինչ-որ բան ներմուծելու կամ արտահանելու իրավունք ունեցել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը վստահեցրեց`արդարադատության ոլորտում ևս իրականացվել են հեղափոխական փոփոխություններ, ըստ նրա քրեակատարողական հիմնարկներում պատմական նվազագույնի է հասցվել կալանավորված և դատապարտված անձանց թիվը:

«Մեր իրականացրած բարեփոխումների արդյունքն է, որ դատարանները նախաքննության մարմինների կցորդը չեն այլևս: Վստահ կարող ենք ասել, որ ՔԿՀ-ներում անմեղ մարդ չկա, մեծագույն խնդիրը միշտ եղել է այն, որ հանրային համոզմունք ու իրականություն է եղել, որ տասնյակ հարյուրավոր մարդիկ ՔԿՀ-ներում չպետք է լինեին, բայց տարիներով նստել են, այդ թվում` քաղաքական դրդապատճառներով»,- ասաց նա:

Վարչապետի թեկնածուն ասաց` տարիներ շարունակ հայկական մամուլում հրապարակումներ են եղել, որ ՔԿՀ-ներում մարդիկ հերթով են քնում, այժմ բացառվում է նման երևույթ: Ըստ նրա` հեղափոխության ամենամեծ փոփոխությունը եղել է դատական համակարգում, և դրա գրավականն այն է, որ ոչ թե ընդդիմությունն է դժգոհ դատարանների որոշումներից, այլ` իշխանությունը:

«Էլ հեղափոխությունը ո՞նց էիք ուզում, ուզում էիք դատական որոշումներն էլի նեղեր ընդդիմությանը: Եթե իշխանությունը երջանիկ լիներ դատական համակարգի որոշումներից, մենք կհամարեի՞նք, որ բարեփոխումներ ենք արել: Բա դա է անկախ դատական համակարգը, որ կարողանան նեղել իշխանությանը, բայց սա չեմ ասում, որ դատական համակարգը ոգևորվի և ավելի մեծ տեմպերով նեղի իշխանությանը: Բա հեղափոխությունը էլ ոնց է լինում, պոզով-պոչով է լինում»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter