HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

ԿԳՄՍ փոխնախարարը՝ ուսուցիչների կամավոր և պարտադիր ատեստավորման վերաբերյալ

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում անդրադարձավ ուսուցիչների կամավոր և պարտադիր ատեստավորմանը։ Նշեց, որ այս տարի կամավոր սկզբունքով ատեստավորումը վերաբերում է 7-12-րդ դասարանում «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Գրականություն», «Երկրաչափություն», «Հանրահաշիվ», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ֆիզիկա» առարկաներ դասավանդողներին։

Մայիսի 3-ից սկսել է դիմումների ընդունումը, գործընթացը հնարավորություն կտա ստուգել առարկայական գիտելիքը, որի արդյունքում հնարավոր կլինի բարձրացնել աշխատավարձը։

Փոխնախարարը տեղեկացրեց, որ մասնակցության համար անհրաժեշտ է դիմում, տեղեկանք դպրոցից, որ տվյալ ուսուցիչը դասավանդում է տվյալ դասարանում, և դիպլոմի պատճեն։ Այս փաստաթղթերը ուսուցիչները կարող են նախարարություն ներկայացնել ինչպես էլեկտրոնային եղանակով, այնպես էլ՝ առձեռն, մինչև մայիսի 31-ը։ Այնուհետև ԳԹԿ-ի հետ պլանավորվելու է թեստավորման գործընթացը։ Մինչև օգոստոսի 20-ը կտեղադրվեն քննությունների օրերը։

Սեպտեմբերին կիրականացվի բուն գիտելիքների ստուգման գործընթացը։ Ըստ փոխնախարարի՝ ամեն օր ստանում են դիմումներ և ակնկալում են, որ դիմումների թիվը կհասնի 2000-ի։ Հարցին՝ արդյոք լինելու է ձևանմուշ, Անդրեասյանը պատասխանեց, որ ԳԹԿ-ի կողմից այս շաբաթ կհրապարակվեն առարկաների մասով գրականության ցանկեր և կլինեն որոշակի ուղեցույցներ, որոնք պատկերացումներ կտան՝ ինչպիսի հարցեր է լինելու թեստավորման ժամանակ։

Մի քանի առարկա դասավանդող ուսուցիչն ատեստավորում կանցնի մի առարկայից՝ իր ընտրությամբ։ «Հայոց լեզու և գրականություն» առարկայի դեպքում թեստավորում կիրականացվի «Հայոց լեզվից»։ «Երկրաչափություն» և «Հանրահաշիվ» առարկաների դեպքում երկու առարկաներից միասին կկազմվի թեստը։ Կամավոր ատեստավորումից առաջ վերապատրաստում չի իրականացվելու։

Ըստ փոխնախարարի՝ նոյեմբերին արդեն կլինեն հավելավճար ստացող ուսուցիչներ։

Պարտադիր ատեստավորման վերաբերյալ Ժաննա Անդրեասյանն ասաց, որ դա գիտելիքի ստուգում չէ, այլ իրականացվում է փաստաթղթերի առկայությամբ, որի համար ուսուցիչը դպրոցի միջոցով ներկայացնում է անհրաժեշտ փաստաթղթերը, որից հետո դրանք տարածքային ու հանրապետական հանձնաժողովների կողմից դիտարկվում են, և տրվում է համապատասխան պատասխան։ Ատեստավորումից առաջ ուսուցիչները կանցնեն վերապատրաստում։

Ուսուցիչն ինքն է ընտրելու, որ կազմակերպության դասընթացին մասնակցել։ 

Փոխնախարարը նշեց նաև, որ առաջիկա օրերին շրջանառության մեջ կդրվի «Հանրակրթության մասին օրենքի փոփոխությունը», որտեղ կներկայացվի ատեստավորման վերջնական պատկերը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter