Ահա թե ինչու մեր կյանքը ոչնչով չի գեղեցկանում
Տաքսու վարորդի արտաքինն ու շարժուձևը սկզբում կասկած առաջացրեց, որ հանդիպել եմ «մանր չունեմ» տարբերակին: Իսկ երբ սկսեց շատախոսել ոստիկանների վատ աշխատանքից ու հանրապետության տարբեր բնագավառներում տիրող անմխիթար վիճակից ազդարարելով երկիրն այլևս երկիր լինելուց դադարելու գույժը` իսկույն համոզվեցի այդ բանում: Պատկերացրեցի, որ կարճատև ուղևորությանս ավարտին մեկնելու եմ հազարդրամանոցը և չորս հարյուր դրամի վերադարձը տեսնելու ու «շնորհակալություն» բառը լսելու փոխարեն բախվելու եմ նրա տհաճ հայացքին ու պատասխանին:
Պատկերացրեցի նաև վարորդին իր իսկ վկայած այլ բնագավառներում…
Նրա ղեկը մտովի փոխարինում եմ ցուցափայտով« վարորդը դպրոցում հայոց լեզվի ուսուցիչ է: Աշակերտը ստիպված է հայոց լեզվի դասերից երբեմն բացակայել, հաճախել հայոց լեզվի մասնավոր վճարովի դասընթացներին` ուսուցչի չհաղորդած հայոց լեզվի գիտելիքները վերականգնելու և շուտով համալսարան ընդունվելու բարի նպատակներով: Բայց ուսուցիչը ուսանելու այս ճանապարհը կարծես ևս չի խրախուսում` աշակերտի անհարգելի բացակայության և ավարտական վկայականից նրա զրկվելու սրտացավությամբ: Ու միայն ծնողի հետ «մտերմիկ զրույցն» է մեղմում ուսուցչի սկզբունքայնությունը, ով այդ ընթացքում նաև հիշում է, թե ինչպես է առավոտյան զայրացել տաքսու վարորդի անբարեխիղճ աշխատանքի պատճառով ու դժգոհում, թե հենց այդպիսիք են մեղավոր, որ մեր կյանքը չի լավանում:
Նրա մենախոսության ընկերակցությամբ այս անգամ վարորդին համազգեստ եմ հագցնում ու երևակայում ոստիկանության քննիչի դերում: Մի տղայի հետ հաշվեհարդար են տեսել, ով հիվանդանոցում է, ծնողները գլուխները կորցրել են, իսկ տուժածի կրտսեր եղբորը քննիչն ամբողջ օրը պահում, հարցաքննում է ոստիկանությունում: Տանն իրար են խառնվել, մեկ հիվանդանոց են վազում, մեկ` ոստիկանություն` քննիչի ձեռքից երեխային ազատելու հույսով: Բայց քննիչն իր գործը լավ գիտի, հիմա տուժող կողմը կստորագրի ուզածդ փաստաթղթի տակ: Ընդմիջմանն էլ քննիչը մեղավոր կողմի հարազատների հետ իհարկե կճաշի ու թերևս շեղանի շուրջ նաև գանգատվի կարգ ու կանոն չսիրող վարորդներից, և թե ինչպես է դպրոցի հանդուգն ուսուցիչը խոչընդոտում իր երեխայի ուսման առաջընթացին: Եվ ահա թե որն է մեր դժբախտության պատճառը:
Հիմա վարորդն արդեն ճերմակ արտահագուստով է` բժիշկ-վիրաբույժ: Հեռավոր շրջանից մի մարդու են տեղափոխել հիվանդանոց, ում անհապաղ վիրահատություն է պետք: Իսկ բժիշկն այնքան էլ չի շտապում իր գործողություններում, քանի դեռ անվճարունակ հարազատները պահանջած գումարը չեն հավաքել: Այդ ընթացքում նա աշխատանք է տանում բավական առողջ, բայց վճարունակ մի երիտասարդի հետ, ում վիրահատության ուշացումը կարող է «սպառնալ վերջինիս կյանքին»: Եվ անմիջական մթնոլորտ ստեղծելու ազնիվ մտադրությամբ էլ նա չի մոռանում նաև երիտասարդին պատմել տաքսիների անպարտաճանաչ վարորդների, անբարեխիղճ ուսուցիչների, և անշուշտ այն մասին, թե որքան անարդար է գտնվել ոստիկանության քննիչը իր շատ մոտ մի ազգականի նկատմամբ: Այ սրանց շնորհիվ է, որ մեր երկիրն այդպես էլ երկիր չի դառնում:
Տաքսիստից բաժանվելուս պահը մոտենում է: Նրան խնդրում եմ մեքենան կանգնեցնել մեր շենքից մի որոշ հեռավորությամբ գտնվող կրպակի մոտ, մեկնում թղթադրամը կրպակատիրոջը, գնում մեկ տուփ սիգարետ և մետաղադրամները վճարում վարորդին: Ոտքով տանս ուղղությամբ շարժվելիս իր պարտականություններն անբարեխիղճ կատարող վարորդին վերջին անգամ պատկերացնում եմ պարզապես քաղաքացու` հենց ուղևորի դերում: Ուղևորը մեկնում է հազարդրամանոցը վարորդին, ով պատասխանում է, թե մանրադրամ չունի: Իսկ տաքսու վարորդին իր աշխատանքային պարտականությունները բացատրելու և նրանից մանրադրամը պահանջելու փոխարեն` ուղևորն ինքն անձամբ է մանրում թղթադրամը մոտակա կրպակում:
Եվ շտապում է տպագրել մի հոդված, ուր տողեր չի խնայում քննադատելու թե անբարեխիղճ վարորդին և թե անպտասխանատու ուսուցչին, ոստիկանին, բժշկին, ուղևորին ու վերջում` եզրակացնում. ահա թե ինչու մեր կյանքը ոչնչով չի գեղեցկանում:
Աշոտ Վավյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել