HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Քարոզարշավը տեղի կունենա հունիսի 7-ից մինչև 18-ը․ քվեարկության օրը գրիչ չի լինի քվեախցիկում

Հունիսի 20-ին նշանակված խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրողները քվեարկելու են առանց գրիչի։ Ընտրելու են իրենց նախընտրելի քաղաքական ուժի անունով առանձին տպագրված թերթիկը և դնելու են ծրարի մեջ, որից հետո արդեն փակված ծրարը կգցեն քվեատուփի մեջ։ Տեխնիկական այս և այլ կարգերը ինչպես նաև ընտրությունների միջոցառումների ցանկն այսօրվա նիստում հաստատեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Կուսակցություններն ու դաշինքները ընտրություններին գրանցվելու համար ԿԸՀ կարող են փաստաթղթերը ներկայացնել մինչև մայիսի 26-ը ներառյալ։ Դրանից հետո մինչև մայիսի 31-ը ժամանակ ունի ԿԸՀ-ն կուսակցությունների և դաշինքների ընտրական ցուցակները գրանցելու համար։ Ցուցակները հանձնաժողովի կայքում կհրապարակվեն մինչև հունիսի 3-ը։

Արդեն իսկ գրանցված կուսակցություների և դաշինքների ցուցակներում ընդգրկված պատգամավորի թեկնածուներն իրենց եկամուտների և գույքի հայտարարագրերը հանձնաժողովին են ներկայացնում մինչև հունիսի 5-ը։ Նույն ժամանակահատվածն է սահմանված կուսակցությունների և դաշինքների գույքերի և եկամուտների մասին հայտարարագրերը ներկայացնելու համար։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը կսկսվի հունիսի 7-ին, կավարտվի հունիսի 18-ին՝ ժամը 24:00-ն։ Թեկնածուներն ինքնաբացարկ կարող են հայտնել մինչև հունիսի 10-ը։

Նիստից հետո ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն անդրադարձավ մինչ քարոզարշավի պաշտոնական մեկնարկի օրը կուսակցությունների՝ գովազդային պաստառներ փակցնելու փաստին։

Ըստ հանձնաժողովի նախագահի՝ «Ընտրական օրենսգրքի» կարգավորումներով քարոզչության կանոնների խախտումներն իրականացվում են գրանցված թեկնածուների կողմից։ Ներկայում որևէ գործառույթ հանձնաժողովը չունի պաստառների հարցում, քանի որ նաև պաստառներ փակցնող ուժերից որոշները նույնիսկ կարող են չգրանցվել որպես թեկանծու։ «Այս պահին մենք որևէ իրավանորմի խախտում չենք կարող արձանագրել»,– հայտարարեց Տիգրան Մուկուչյանը։

Մեր դիտարկմանը, որ Երևան քաղաքի վերելակներում արդեն գովազդային պաստառներ կան, որոնցում զետեղված է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Ապագա կա» կարգախոսը և մինչև կուսակցությունները կգրանցվեն, արդեն այդ հարթակները զբաղեցված են, Տիգրան Մուկուչյանը արձագանքեց, որ քարոզարշավին նախորդող ժամանակահատվածի համար պաստառների վերաբերյալ սանկցիաներ կիրառելու գործիքներ չկան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter