Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանն ու ևս մեկ անձ ձերբակալվել են
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանը և վարչական շրջանի գլխավոր մասնագետ Արման Դավոյանը ձերբակալվել են։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ այսօր թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել, և դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի և 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, այսինքն, համապատասխանաբար պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով և խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ։
Արևիկ Խաչատրյանը հայտնեց, որ Ազիզյանը ձերբակալվել է 309-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Արման Դավոյանը՝ 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարք կատարելու կասկածանքով։ Նշենք, որ միջադեպից հետո թաղապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մանվել Մարգարյանը հայտնել է, որ իրեն մոտ 15 հոգով են ծեծի ենթարկել, ըստ որում՝ գլխավոր դերակատարները եղել են Դավոյանն ու Ազիզյանը։
Լուսանկարում՝ Արևիկ Խաչատրյանը
Մեկնաբանել