HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայի սահմանին և Ղրիմում շարունակում է մնալ մոտ 100 հազար ռուս զինծառայող

Ուկրաինայի հետ սահմանին և Ղրիմում շարունակում է մնալ մոտ 100 հազար ռուս զինծառայող։ Այդ մասին երեքշաբթի օրը՝ մայիսի 11-ին, հայտարարել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավար Իվան Բականովը՝ «Ուկրաինա 30։ Երկրի անվտանգություն» համաժողովի ժամանակ։ «Ռուսաստանի Դաշնության հարվածային խմբավորման մարտական և թվային կազմը, որը ծավալվել է Ուկրաինայի հետ սահմանին և Ղրիմում, կազմում է մոտ 100 հազար մարդ»,- նշել է Բականովը։ Վերջինիս խոսքերով՝ Ուկրաինայի հետ սահմանին տեղակայված են տանկեր, ինքնաթիռներ, ռազմանավեր, ուղղաթիռներ, գումարտակային տակտիկական խմբեր և հրթիռային զորքերի ու հրետանու խմբեր։

Բականովի կարծիքով՝ Ուկրաինայի սահմանի 65 տոկոսը խոցելի է, այդ թվում ուկրաինա-բելառուսական սահմանը։ «Մնացած 35 %-ը նույնպես հատուկ ուշադրության կարիք ունի»,- նշել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավարը։

Այս տարվա ապրիլի սկզբին տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Մոսկվան զորքեր է կենտրոնացնում Ուկրաինայի սահմանին։ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն զորքերի կենտրոնացումն անվանել էր «հսկիչ ստուգում»։

Մինչ այդ, ԵՄ-ն ու ԱՄՆ-ն բազմիցս հայտարարել էին Կիևին բազմակողմ աջակցության մասին։ Ապրիլի 6-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի միջև կայացած հեռախոսազրույցի ժամանակ, վերջինս իր աջակցությունն էր հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ վերջինիս կոչ էր արել դադարեցնել զորքերի կուտակումը Ուկրաինայի հետ սահմանին։

Լուսանկարը՝ Замир Усманов / Global Look Press

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter