HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարության նախկին ներկայացուցչի որդին նոր ընկերությամբ կրկին դիմել է Գլաձորի հանքի համար

Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքում` Գլաձոր բնակավայրում Գլաձորի բազմամետաղային հանքավայրի օգտակար հանածոների արդյունահանման վերաբերյալ հանրային լսումներն այսօր չեն կայացել: Համայնքապետարանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ բնակիչները դեմ են եղել և ընկերության ներկայացուցիչներին թույլ չեն տվել հանրային լսումների համար նախատեսված տարածք մուտք գործել:

 

Գլաձորի բազմամետաղային հանքավայրի օգտակար հանածոների արդյունահանման նպատակով դիմել է «Մետալ գոլդ» ՍՊԸ-ն: Ընկերությունը գրանցվել է 2017 թվականի ապրիլին: Համաձայն ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների` հիմնադիր բաժնետեր և տնօրեն է Արթուր Սիմոնի Տեր-Սիմոնյանը: Վերջինս Կառավարության աշխատակազմի վարկային և մարդասիրական օգնության վարչության նախկին պետ, միևնույն ժամանակ` կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր-Սիմոնյանի որդին է և հաշվառված է նույն վայրում: Նույն հասցեում հաշվառված է նաև Արփինե Արամի Օսիկյանը (Արթուրի կինը), որը Արամ Օսիկյանի դուստրն է: Արամ Օսիկյանը, հիշեցնենք, Քարակերտի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունք ունեցող և Մասիսի ոսկու վերամշակման գործարանը շահագործող «Ասսաթ» ՍՊԸ սեփականատերն է:

Բնպահպանության նախարարությունը 2016-ի դեկտեմբերի 15-ին բացասական եզրակացություն էր տվել Գլաձորի բազմամետաղային հանքավայրի բացհանքի շահագործման աշխատանքային նախագծին, որը ներկայացրել էր «Վայկ մետալս» ՍՊԸ-ն: «Վայկ մետալս» ՍՊԸ-ի հիմնադիրը, միակ բաժնետերը և տնօրենը նույն Արթուր Տեր-Սիմոնյանն էր:  Այն ժամանակ փորձաքննության ընթացքում պարզվել էր, որ հանքավայրի համար հայցվող տարածքի կենտրոնական մասը «Եղեգնաձոր» պետական արգելավայրի սահմանից մոտ 1300 հեռավորության վրա է, իսկ ամենամոտ բացահանքի ծայրակետը արգելավայրի սահմանից`  650 մ հեռավորության վրա: Գլաձորի համայնքի բնակչության համար ընդունելի չի եղել նաև «Վայկ մետալս» ընկերության կողմից սոցիալ-տնտեսական համագործակցության ծրագիրը: Մի շարք այլ թերությունների ու բացթողումների պատճառով նապագիծը մերժվել էր: 

2013 թվականին էլ «Վայք ռեսուրս» ՍՊԸ-ի ներկայացրած նույն հանքավայրի նախագծին ԲՆ-ն նույնպես բացասական եզրակացություն էր տվել: Այս ընկերության բաժնեմասի առյուծի բաժինը «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ինն էր` 75%, իսկ մնացյալ 25%-ը Արամ Օսիկյանինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter