
ՊՆ-ն հերքում է Իշխանասարի ուղղությամբ ընթացող մարտերի մասին լուրերը
Մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։ Այս մասին ասվում է Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում։
Միևնույն ժամանակ Պաշտպանության նախարարությունը հերքել է Իշխանասարի ուղղությամբ ընթացող մարտերի մասին տարածված տեղեկությունները։
«Նման զարգացումների դեպքում պաշտպանության նախարարությունն առաջինը հանդես կգար հայտարարությամբ։ Կոչ ենք անում ձեռնպահ մնալ չճշտված, առավել ևս՝ խուճապ տարածող տեղեկություններ հրապարակելուց»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում։
Ավելի վաղ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր․
«Հարյուրներով շարված են։ Այս պահին բանակցում են։ Սև լճի տարածքից կիլոմետրերով առաջ են եկել և կանգնել։ Եթե GPS-ով Սև լճի 30 տոկոսն էր թշնամունը, սրանք էնքան են իրենց արտոնյալ համարում, որ որոշել են հասնել մինչև բնակավայր ու Շուռնուխի օրինակով առաջ գալ։ Ժողովուրդ չգիտեմ` էլի ով ինչ կհերքի, բայց լսեք սյունեցիների ահազանգը, բոլորիս վերջը գալու է, եթե շարունակենք այս վտանգավոր անտարբերությունը»,- գրել է Իրինա Յոլյանը։
Մեկնաբանել