
Վետերանները՝ Շուշիի ազատագրման 20-ամյակի նախօրեին. «Դե, իհարկե, Կոմանդոսի դերը շատ մեծ էր»
Էդիկ Բաղդասարյան- Մենք Չանախչիից դուրս ենք եկել ու Մեծ Քիրսի հետևով գնացել դեպի Շուշի: Մեզ հետ էր 3-րդ վաշտը, տղաներ Հայաստանից ու Չանախչու վաշտը, դե այն ժամանակներում դեռ վաշտեր էին: Մայիսի 8-ի առավոտվա ժամը 5-ին տեղ ենք հասել ու այդ տեղում էլ մարտը սկսվել է:
Մենք հետո դադար տվեցինք` թուրքերին միջանցք տալու համար. նրանք փախան Կուբաթլուով ու Զանգելանով: Մենք երեք, չէ, մեկ զոհ ենք տվել ու երկու վիրավոր: Զոհվել էր չանախչեցի Դանիելյան Նորայրն ու երկու հոգի վիրավորվել էին 3-րդ վաշտից, վիրավորվածներից մեկի անունը Ռաշիդ էր: Խոսքը միայն մեր` Քիրսի ուղղության մասին է: Դրանից հետո մենք իջել ենք ու պատրաստվել Լաչինի օպերացիային:
Արամայիս Աղաջանյան- Ես հետախուզության վաշտում էի: Մեր վաշտը, 5-րդ ու 6-րդ վաշտերը միասին էին մասնակցել Շուշիի օպերացիային: Շուշի մտանք Մազի կամուրջի ուղղությամբ, չհասած քաղաք՝ ես ու մի հոգի վիրավորվեցինք, բարեբախտաբար, երկուսս էլ թեթև, ինչ-որ մի շենքից էին կրակում: Միչև վերջերս հաշմանդամության համար թոշակ էի ստանում, իսկ հիմա` ոչ, ասում են` արդեն առողջ ես:
Շուշվա մեջ կարծեմ երկու թե երեք հոգի զոհվեցին, իսկ մեծ մասը զոհվեց Շուշի չհասած ու նրա մոտակայքերում: Հատկապես կրակի տակ ընկան Ջանհասանի ուղղությանը մասնակցած տղաները, նրանց մեծ մասը Երևանից էր:
Շուշին ազատագրվեց բոլոր այն տղաների շնորհիվ, ովքեր մասնակցեցին այդ օպերացիային, դե, իհարկե, Կոմանդոսի (Արկադի Տեր-Թադևոսյան) դերը շատ մեծ էր:
Արարատ Ղազարյան- Ես Դաշնակ Ագոյի (Արկադի Կարապետյան) ջոկատում էի, Շուշի մտանք առաջին վաշտի հետ միասին. առաջին վաշտը բանտի բերդի մի կողմով մտավ, իսկ մենք` մյուս: Մեր ջոկատը մայիսի 8-ից բերդի մոտից կրակում էր, բայց չէր առաջանում, միայն մայիսի 9-ին նոր-նոր մտանք Շուշի: Դա հատուկ էր արված` թուրքերին շփոթեցնելու համար:
Ճիշտ կլինի, դու գրես իմ ընկերոջ` Մխիթար Ավագիմյանի մասին, ով հիմա հոգեկան խանգարում ունի: Մխիթարը սպորտի վարպետ էր, հիանալի ըմբիշամարտիկ, ում հաստատ լավ կարիերա էր սպասում: Նա մինչև պատերազմը Երևանում օլիմպիական ռեզերվում էր, սակայն թողեց Երևանն ու եկավ Ղարաբաղ: Նա նաև հիանալի մարտիկ էր, երբ ես սարերով բարձրանալիս չէի կարողանում սպառազինությունս քարշ տալ, նա ինձ օգնում էր` միանգամից վերցնելով երկու հոգու բեռ: Ընդհանրապես Դաշնակ Ագոյի ջոկատում մեծ թիվ էին կազմում մարզիկները:
Թե ինչու հոգեկան խանգարում ստացավ, դժվար է ասել, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, պատերազմի դաժանությունն էր պատճառը: Հետո Մխոյին Շուշվա բանտում նստացրել էին, որտեղ նրան դաժանորեն ծեծի էին ենթարկում: Բանտարկելու պատճառներն ինձ անհայտ են, ես արդեն Ղարաբաղում չէի: Միգուցե այս հոդվածից հետո մի բան փոխվի ու նրան սկսեն ռազմական թոշակ տալ: Պետությունն ասում է` որտեղի՞ց իմանանք, թե Մխոն պատերազմի պատճառով է գժվել:
Մեկնաբանել