Արա Այվազյանն ընդունել է Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Դավիդ Զալկալիանիին
Ապրիլի 12-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպում ունեցավ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի պատվիրակության կազմում Երևան ժամանած Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Դավիդ Զալկալիանիի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ինչպես երկկողմ օրակարգի, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության հարցերի շուրջ:
Վերահաստատվեց փոխադարձ հանձնառությունը՝ քայլեր ձեռնարկելու առկա ավանդական բարիդրացիական հարաբերություններին նոր դինամիկա հաղորդելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ: Այս առնչությամբ կարևորվեց երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ոլորտային խորհրդակցությունների պարբերական անցկացումը:
Ըստ տարածված հաղորդագրության՝ Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային անվտանգության և փոխկապակցվածության հարցերի: Արա Այվազյանն ընդգծեց, որ ուժի կիրառումը խոչընդոտում է հակամարտությունների կարգավորումը և խաթարում տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել