HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ո՞վ է սպանում պաղեստինցի հրամանատարներին. Իսրայելի բանակում կան գաղտնի ստորաբաժանումներ, որոնք գործում են արաբների թիկունքում

Լրագրող Վադիհ Էլ Հայեքը ռուսական Новая газета պարբերականի համար պատրաստել է «Ո՞վ է սպանում պաղեստինցի հրամանատարներին» հոդվածը։ «Հետք»-ը թարգմանաբար ներկայացնում է այդ հոդվածը։

Իսրայելի բանակը «Համաս»-ի հետ դիմակայության ընթացքում մեծ հաջողություններ է ունենում. մեկ ավիահարվածով սպանվել են այդ մարտական խմբավորման բարձրաստիճան երեք անդամներ, այդ  թվում՝ «Իսլամական ջիհադ»-ի հրթիռային ստորաբաժանման հրամանատար Սամեհ ալ Մամլուքը։ Բնականաբար, այս ամենն, իհարկե, միայն հաջողություն չէ։ Փաստացի բոլոր թիրախները, որոնք վերջին 48 ժամվա ընթացքում խոցվել են Իսրայելի կողմից, հայտնաբերվել են ցամաքի վրա հետախուզական հսկայական տվյալների հայտնաբերման, ինչպես նաև՝ օդում դրոնների և էլեկտրոնային հսկողության արդյունքում, որն իրականացվել է Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) կողմից։ 

Չնայած նրան, որ ռազմական գործողություններին հավասարապես մասնակցում են Իսրայելի զինված ուժերի բոլոր զորատեսակները, այսպես կոչված, «թիրախների տարայի» ստեղծումը ՑԱԽԱԼ-ի երկու ստորաբաժանումների՝ «8200»-ի և «Միստաարավիմ»-ի աշխատանքն է։ Դրանց գոյության մասին գիտեն բոլորը, սակայն, միևնույն ժամանակ, գրեթե ոչինչ հայտնի չէ։ Այդ երկու ստորաբաժանումների աշխատանքը ներկայացվում է իսրայելական «Ֆաուդա» հեռուստասերիալում, որը մի քանի տարի առաջ թողարկվել է Netflix-ում։ Արաբերենից թարգմանաբար «ֆաուդա» նշանակում է քաոս։ Սակայն հեռուստասերիալը ոչ ավելին է, քան ֆանտազիա՝ այդ թեմայի վերաբերյալ։

«8200» ստորաբաժանումը Իսրայելի «Աման» ռազմական հետախուզության կազմում է։ Գործելով գաղտնի՝ այն իրականացնում է ռազմագործողություններ, որոնց մասին իմանում է ողջ աշխարհը։ Օրինակ՝ հենց այս ստորաբաժանումն է կանգնած Stuxnet վիրուսի մշակման հետևում, որը 2009 թվականին գրոհեց այն համակարգերի վրա, որոնք Իրանի միջուկային օբյեկտներում պատասխանատու են ուրանի հարստացման համար եւ անջատեց դրանք։

«8200»-ի հիմնական աշխատանքը կիբերհետախուզությունն է, բարձր տեխնոլոգիական սարքավորումների մշակումը և արտադրությունը, այդ սարքավորումների միջոցով գաղտնալսման գործողությունների իրականացումն ու գաղտնի տեսահսկումը։ Ստորաբաժանումն ակտիվորեն համագործակցում է մասնավոր ընկերությունների հետ, որոնք զբաղվում են բարձր տեխնոլոգիական սարքավորումների արտադրությամբ։

«8200» ստորաբաժանմանը պատկանող բարդ համակարգիչները կարող են հետևել հետախուզության համար կարևոր նշանակություն ունեցող հաղորդագրություններին՝ մշակելով կապի միլիոնավոր ալիքներն ու միլիարդավոր բառերը։ Այս ստորաբաժանման կողմից մշակված բարդ հայտնաբերվող գաղտնալսող սարքերը տեղադրված են աշխարհի կարևորագույն աշխատասենյակներում։ Օրինակ՝ 2019 թվականին ամերիկացիները հայտարարել էին Վաշինգտոնի «զգայուն վայրերում» այդպիսի սարքավորումների հայտնաբերման մասին։ Բնականաբար, դրանք տեղադրված են նաև «Համաս»-ի և Պաղեստինի ինքնավարության առաջնորդների աշխատասենյակներում։ 

«8200»-ը նաև պատասխանատու է ռադիոէլեկտրոնային պայքարի իրականացման, ինչպես նաև՝ տեղանքում թիրախների ֆոտոֆիքսման համար։ Ստորաբաժանման կազմում ներգրավված են սպաներ և զինծառայողներ, որոնք ուղեկցում են ցամաքային զորքերին ռազմական գործողությունների ժամանակ։ Այդ առաքելությունների ժամանակ նրանք իրականացնում են մարտադաշտի տակտիկական հետախուզություն։ 

«8200»-ը սերտորեն համագործակցում է արաբախոս «Միստաարավիմ»-ի հետ։ ՑԱԽԱԼ-ի կառուցվածքում այն պատասխանատու է պաղեստինցի արմատականների դեմ պայքարի համար։ Եբրայերենից թարգմանաբար «միստաարավիմ» նշանակում է «նրանք, որոնք բնակվում են արաբների շրջանում»։ Ինչպես պարզ է դառնում անվանումից, ստորաբաժանման մեջ ծառայում են արաբախոս հրեաները։ Նրանք հագնվում են արաբների նման, խոսում արաբերեն և մտածում ինչպես արաբը։ 

Այս ստորաբաժանումը գործում է Գազայի տարածքում և Հորդանան գետի արևմտյան ափին։ Նրանք ուսումնասիրում են արաբական համայնքների տարբեր բարբառներ, դրանց հնչերանգը և ավանդույթները, հագնվելու սովորույթներն ու մորուս պահելը։ Նրանք սկսում են ինտեգրվել արաբական հասարակության մեջ։ Այս ստորաբաժանման հիմնական խնդիրը հետախուզական տվյալների հավաքագրումն է, հակաահաբեկչությունը և պատանդների փրկությունը։ Ստորաբաժանման կազմում ծառայում են ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք։ Մարտիկների ուսումնառությունը տևում է մոտ 15 ամիս, այդ թվում՝ 4 ամիս մարտական պատրաստություն «Միտկան Ադամ» ռազմաբազայում, որը ՑԱԽԱԼ-ի հատուկ պատրաստության կենտրոնն է։ 

Ստորաբաժանման մարտիկները հակառակորդի թիկունք են անցնում ջոկատներով։ Յուրաքանչյուր ջոկատում կա հատուկ պատրաստությամբ վարորդ, դիպուկահար, երեք կամ չորս մարտիկ և «տեխնիկական աջակցության» մեկ մասնագետ, որը կապ է պահում «8200»-ի հետ և ջոկատին ապահովում տեղեկատվությամբ։

Ստորաբաժանումը գործում է արաբական բողոքի ցույցերի ներսում։ Արաբական լրատվամիջոցները հաճախ են բացահայտում «Միստաարավիմ»-ի ներգրավվածությունը ցույցերի ժամանակ՝ սադրանքներ կազմակերպելիս։ Իսրայելի բանակը ցրում է այդ ջոկատները և կազմավորում նորերը, երբ բացահայտվում է դրանց մասնակիցների ինքնությունը։ Սակայն, օրինակ, «Ռիմոն» ջոկատը ստեղծվել է 1978 թվականին և ակտիվորեն գործել մինչև 2005 թվականը։ «Շիմշոն» ջոկատն էլ կարողացել է գործել 80-ական և  90-ական թվականներին։ «Դուվդեվան 217» էլիտար ստորաբաժանումը, որը ստեղծվել է դեռևս 1980-ական թվականներին, գործում է մինչ օրս՝ մնալով չբացահայտված։

Լուսանկարը՝ EPA-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter