
Գիտաշխատողների բազային աշխատավարձերը կբարձրացվեն
Պետական բյուջեից ֆինանսավորվող գիտական կազմակերպություններում կիրառական հետազոտությունների իրականացման, գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման, ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանման գծով պետական ծրագրերում ներգրավված գիտական կադրերի պաշտոնային դրույքաչափի նվազագույն չափի հաշվարկի համար՝ որպես բազային աշխատավարձ, 2022 թվականի հունվարի 1-ից կսահմանվի 66 140 դրամը: Որոշումն ընդունվեց Կառավարության մայիսի 13-ի նիստում:
Բազային աշխատավարձը պետական պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձի որոշման համար հիմք հանդիսացող միավորն է:
Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը նշեց, որ հաջորդ տարվանից մոտավորապես կկրկնապատկվեն բազային աշխատավարձերը:
«Գիտության ոլորտում կարևորագույն բարեփոխումներից մեկն է: Բազային աշխատավարձերը փաստացի 2010 թվականից անփոփոխ են մնացել»,- ասաց նա:
ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարն էլ հայտնեց, որ 2022 թվականին գիտության ոլորտի ֆինանսավորումը կավելանա 3.6 մլրդ դրամով, 2023-ին՝ 2.2 մլրդ դրամով, 2024-ին` 2.4 մլրդ դրամով, 2025-ին՝ 2 մլրդով:
Վահրամ Դումանյանն օրինակ բերեց՝ այժմ գիտաշխատողի միջին ամսական աշխատավարձը կազմում է 90 400 դրամ, այս նախագծով 2025 թվականին այն կդառնա 276 000 դրամ: Գիտական ստորաբաժանման ղեկավարի աշխատավարձն այս պահին կազմում է 141 400 դրամ, 2025-ին կկազմի 477 200 դրամ:
Եթե 2021թ. բազային աշխատավարձի ֆոնդը նախնական հաշվարկով կազմում է շուրջ 4 մլրդ դրամ, ապա 2022-2025թթ. այն կազմելու է համապատասխանաբար՝ մոտ 7.7 մլրդ, 10 մլրդ, 12.4 մլրդ և 14.4 մլրդ դրամ:
2021թ. գլխավոր գիտաշխատողի բազային միջին աշխատավարձը կազմում է 138 հազար դրամ, ապա փոփոխությունների արդյունքում՝ 2022թ. հունվարից գլխավոր գիտաշխատողը կստանա նվազագույնը 367 հազար դրամ: Հետագա տարիներին բազային նվազագույն աշխատավարձը, շարունակաբար աճելով, 2025թ. հունվարի դրությամբ կհասնի 553 հազար դրամի:
Գիտնականները՝ բացի բազային աշխատավարձից, մասնակցելով թեմատիկ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերին, հավելյալ գումարներ կարող են ստանալ:
Մեկնաբանել