
Մարզային բժշկական կենտրոնները վերարտադրողական որոշ ծառայություններ մատուցելու հնարավորություն կունենան
Հաշվի առնելով վերջին 3 տասնամյակների ընթացքում արձանագրված ծնելիության և ժողովրդագրության ցուցանիշների վատթարացումը և պարզ վերարտադրողականության գործակցի ոչ բարենպաստ ցուցանիշը՝ «Վերարտադրողական առողջության մասին» օրենքում փոփոխություններ կկատարվեն: Այս մասին Կառավարության մայիսի 13-ի նիստում հայտնեց Առողջապահության նախարարի պաշտոնակատարը:
Ըստ Անահիտ Ավանեսյանի՝ տարանջատվել են օժանդակ տեխնոլոգիաների մեջ ներառված ծառայությունների խմբերը: Այսուհետ մարզային բժշկական կենտրոնները ևս հնարավորություն կունենան որոշ ծառայություններ մատուցել: Հանվել են արգելափակումներն այն կանանց համար, որոնք ամուսնացած չեն, սակայն ցանկանում են երեխաներ ունենալ:
Որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է անպտղությամբ տառապող ընտանիքների, անձանց` վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման հնարավորությունների ընդլայնում, արհեստական սերմնավորման ծառայությունների զարգացման հնարավորությունների մեծացում՝ այդ թվում մարզային մակարդակում, դոնորների և փոխնակ մայրերի ռեգիստրի ստեղծում, նրանց նկատմամբ սահմանված պահանջների պահպանման վերահսկելիության բարձրացում, երկրի ժողովրդագրական իրավիճակի բարելավում:
Առաջարկվող փոփոխությամբ՝ ընտանիքում նույն սեռի 3 երեխա ունենալու դեպքում թույլատրվում է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման միջոցով չորրորդ երեխային պլանավորելիս որոշել ապագա երեխայի սեռը՝ խուսափելով սեռով պայմանավորված հղիության ընդհատումից:
Գործող օրենքով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող կանանց համար տարիքային սահմանափակում նախատեսված չէ, ինչը սկզբունքորեն նշանակում է կամայական մոտեցում հանրապետության տարբեր կենտրոններում:
Մի շարք երկրներում առկա է վերին տարիքային սահմանափակում այն կանանց համար, որոնք օգտագործում են դոնորական ձվաբջիջներ: Եվրոպական երկրներում նման կանանց տարիքը, ընդհանուր առմամբ, օրենքով սահմանափակվում է՝ 49-50 տարեկան: ԱՄՆ-ում, ըստ Վերարտադրողական բժշկության ամերիկյան ասոցիացիայի, կանանց տարիքը հղիության և ծննդաբերության հակացուցումների բացակայության դեպքում կարող է ավելացվել մինչև 54 տարեկան:
Համաձայն ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի վերարտադրողական առողջության բաժնի՝ վերջերս հրապարակած հետազոտության՝ 40 տարեկանից մեծ կանանց մոտ մայրական մահացության ցուցանիշը երեք անգամ գերազանցում է մինչև 40 տարեկան կանանց մահացության ցուցանիշը: Մեծահասակ կանանց մոտ նաև մի քանի անգամ ավելի բարձր է պերինատալ մահացության, մասնավորապես՝ մեռելածնության ցուցանիշը:
Նախկինում դոնոր լինելու իրավունք ունեին 18-35 տարեկան այն տղամարդիկ և կանայք, ովքեր ենթարկվել են բժշկագենետիկական հետազոտության և չունեն դոնոր լինելու բժշկական հակացուցումներ: Հաշվի առնելով, որ առողջ բեղմնունակ սեռաբջիջներ ունենալու տարիքային շեմը տղամարդկանց մոտ ավելի բարձր է, քան կանանց մոտ, առաջարկվող փոփոխությամբ այն բարձրացվել է մինչև 40 տարեկան:
Առաջարկվող փոփոխությամբ՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձի (զույգի) հետ ազգակցական կապ չունեցող, սակայն նրան հայտնի անձնավորությունը ևս կարող է դիտարկվել որպես ժամանակավոր դոնոր` առանց տարիքային սահմանափակման, ինչպես նախատեսված է հայտնի դոնոր հանդիսացող հարազատի դեպքում:
Մեկնաբանել