HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Բանկային բոլոր հաշիվները՝ ԿԲ-ի «ձեռքում». խնդրահարույց նախագիծը

Կենտրոնական բանկն առաջարկում է Հայաստանի բոլոր բանկերում գործող բանկային հաշիվները «հավաքել մեկ տեղում» և ստեղծել կենտրոնացված ռեեստր: Այդ ռեեստրը ենթադրում է, որ հայաստանյան 17 բանկերում հաճախորդների բոլոր հաշիվները՝ ավանդային, ընթացիկ և այլն, պետք է հավաքվեն մեկ բազայում և գտնվեն ԿԲ-ի տիրապետության տակ: 

Ըստ նախագծի հեղինակների՝ միասնական ռեեստրը կօգնի ներպետական իրավասու մարմինների հետ համագործակցության արդյունավետության բարձրացմանը, կոռուպցիայի, փողերի լվացման դեմ պայքարին և այլն: Եթե ներկայում իրավապահները քննվող տարբեր գործերի շրջանակներում կասկածվող կամ մեղադրվող անձի հաշիվների մասին տեղեկությունները բանկերից ստանում են առանձին հարցումներով, ապա այս ռեեստրը թույլ կտա բոլոր անհրաժեշտ տղեկությունները ստանալ մեկ միասնական բազայից՝ առանց լրացուցիչ ծախսերի և ավելի կարճ ժամկետներում: Փորձագետները, սակայն, այս նախագծի հետ կապված ռիսկեր են տեսնում:

Ինչ է ենթադրում բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրը

Կենտրոնական բանկի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագծում նշված  է, որ բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրը ներառելու է վերջին հինգ տարիներին բացված, փակված բանկային հաշիվների ու տրամադրված բանկային պահատուփերի վերաբերյալ տեղեկություններ:

Ռեեստրում լինելու են.

  • Բանկի հաճախորդի բանկային հաշվի համարը։
  • Բանկային հաշվի բացման և փակման, բանկային պահատուփի տրամադրման և օգտագործման դադարեցման ամսաթվերը։
  • Հաճախորդի և հաճախորդի կողմից լիազորված անձի նույնականացման՝ պետական իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի տվյալները։
  •  Ինչպես նաեւ բանկի վերաբերյալ տեղեկությունները։

Շեշտենք, որ կենսաթոշակային հաշիվները չեն ներառվելու այս ռեեստրում, քանի որ դրանք բնույթով բանկային հաշիվ չեն համարվում: 

ԿԲ փոխնախագահ Ներսես Երցյանը ԱԺ-ում նախագծի քննարկումների ժամանակ վստահեցրեց, որ այս տվյալները որևէ բանկային գաղտնիք չեն ներառելու: Խոսքը ոչ թե հաշիվներում շարժերի կամ մնացորդների մասին է, այլ՝ միայն հաշվի առկայության։

«Ռեեստրում ներառվող տեղեկությունները շարունակելու են համարվել բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ: Հետևաբար, դրանք արտացոլվելու են նման տեղեկությունների ստացման համար օրենսդրությամբ արդեն իսկ սահմանված կարգով: Ռեեստրից տեղեկությունների ստացման իրավասու մարմինների շրջանակում ցանկը նույնն  է, ինչ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման իրավունք ունեցող մարմինների ցանկն է»,- մայիսի 5-ին խորհրդարանում նախագիծը ներկայացնելիս նշեց Ներսես Երիցյանը:

Ըստ նրա՝ սրանք այնպիսի տեղեկություններ են, որոնք քաղաքացիները հանգիստ, առանց որևէ օրենք խախտելու կարող են փոխանցել՝ տարբեր նպատակներից ելնելով, հրապարակային կարգով։

«Այսօր էլ, երբ այդ տվյալները ԿԲ-ից հարցում են արվում, ԿԲ-ն ճշտում և տրամադրում է իրավասու մարմիններին։ Դրանք ծախսատար են և՛ բանկերի համար, և՛ մեզ համար։ Կենտրոնացված համակարգն այդ խնդիրները լուծելու է։ Անհրաժեշտ կլինի նոր պրոդուկտների ձևավորման, ապագա ֆինանսական զարգացման, համակցված պրոդուկտների ձևավորման համար: Այն էական ենթակառուցվածք է լինելու ֆինանսական համակարգի համար»,- ասաց ԿԲ փոխնախագահը։

Նմանատիպ ռեեստրները, ինչպես նշված է նախագծում, լայն տարածում ունեն ԵՄ երկրների շրջանում, մասնավորապես՝ Չեխիայում, Իսպանիայում, Լատվիայում, Ֆրանսիայում, Մալթայում, Մոլդովայում, Ավստրիայում և այլն:

Այս նախագիծը փորձագետների շրջանում տարատեսակ մեկնաբանությունների է արժանացել: Մտավախություններ կան, որ թեև ԿԲ-ն պնդում է, որ չի վերահսկելու հաճախորդների հաշիվներում գումարների շարժը, սակայն, իրականում, կարող է տիրապետել այդ տվյալներին: 

Այդ ռիսկերով պայմանավորված՝ բանկերի հաճախորդների մոտ կարող են բացասական սպասումներ առաջանալ ու խոչընդոտել անկանխիկ գումարների շրջանառությանը: Այսինքն՝  մի կողմից շատ է խոսվում անկանխիկ գործարքների կարևորության մասին, որը ստվերային տնտեսությունը կրճատելու հիմնական գործիքներից է, մյուս կողմից՝ նմանատիպ նախաձեռնությունները ռիսկեր են առաջացնում, որոնք հակասում են այդ նպատակին: 

«Հստակ երաշխիքներ են պետք, որ բանկային գաղտնիք հանդիսացող տվյալները անօրինական կերպով հասնելի չեն դառնա այլ անձանց»

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը մտավախություն ունի, որ բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի ստեղծման արդյունքում կառավարության ու Կենտրոնական բանկի ձեռքի տակ են հայտնվում բազաներ, որոնք կարող են վերահսկողության նոր գործիք դառնալ նրանց համար: Այն կարող է հնարավորություն տալ հետևել հաճախորդների ֆինանսական շարժին: Այդպիսով, կստացվի, որ ԿԲ-ն վերահսկում է ոչ միայն բակերին, այլև՝ հաճախորդների տվյալները:

«Այս դեպքում հստակ երաշխիքներ են պետք, որ հաճախորդների ու նրանց հաշիվների վերաբերյալ  տեղեկությունները չեն վերահսկվի, չեն փոխանցվի երրորդ անձանց կամ չեն հրապարակայնացվի: Խոսքը, հատկապես, բացված հաշիվների ելքերի ու մուտքերի մասին է»,- «Հետքի» հետ զրույցում նշեց Կառլեն Խաչատրյանը: 

Ըստ նրա՝ պետք է երաշխավորվի հավաքագրվող տվյալների ոչ նպատակային օգտագործումը, օրինակ՝ չօգտագործվեն որպես այս կամ այն աձին ճնշելու գործիք, չդառնան քաղաքական  նպատակներին ծառայող տվյալներ: 

«Արարատբանկի» վարչության նախկին նախագահ Աշոտ Օսիպյանն էլ Տնտեսական լրագրողների ակումբի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ այս նախաձեռնությունը կարող է բացասական սպասելիքներ ձևավորել բանկի հաճախորդների շրջանում:

Ըստ Աշոտ Օսիպյանի՝ եթե միասնական ռեեստրը ստեղծվում է փողերի լվացման, ապօրինի հարստացման և կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով, ապա այսօր այն արդեն իսկ օրենսդրորեն ամրագրված է ԿԲ նպատակների և խնդիրների շրջանակում: Այդ ֆունկցիաներն իրականացնելու համար ԿԲ-ն այսօր էլ տիրապետում է անհրաժեշտ գործիքակազմին. բանկերից պարտադիր հարցումների պահանջ, հաշվետվությունների ստացում, ուսումնասիրությունների իրականացում և այլն:

Բանկերը վստահեցնում են, որ ռեեստրի ստեղծումը բացասական ազդեցություն չի ունենա

«Հետքն» այս նախագծի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու համար դիմել է մի քանի բանկերի, որոնք արդյունքում որոշել են հանդես գալ մեկ միասնական դիրքորոշմամբ: Հայաստանի բանկերի միությունը, ի պատասխան մեր հարցումների, ներկայացրել է 17 բանկերի միասնական մեկնաբանությունը:

Պազվում է, որ Բանկերի միությունն ի սզբանե առաջարկել է ձեռնպահ մնալ ռեեստրի ներդրման առաջարկից: Սակայն համատեղ քննարկումների արդյունքում և որոշ հստակեցումներից հետո ԱԺ նիստերի օրակարգ ներկայացվել է փոխզիջումային տարբերակ: 

Ներկայում իրավապահ մարմինները, դատարանից ստանալով կասկածյալի կամ մեղադրյալի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ձեռքբերման թույլտվություն, հարցում են կատարում  գործող բոլոր բանկերին: 

Ռեեստրի ստեղծումից հետո այս գործընթացն իրականացվելու է հասցեական հարցումների միջոցով, ինչը, ըստ Բանկերի միության, խնայելու է ժամանակը և նվազեցնելու է տեղեկությունների հնարավոր արտահոսքի ռիսկերը: Մասնավորապես, իրավապահ մարմինը, օրենսդրությամբ սահմանված կարգով դատարանից ստանալով կասկածյալի կամ մեղադրյալի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ձեռքբերման թույլտվություն, կատարելու է հասցեական հարցումներ միայն այն բանկերին, որտեղ անձն ունի կամ ունեցել է բանկային հաշիվներ կամ պահատուփեր:

Բանկերի միությունից ևս հավաստիացնում են, որ ռեեստրում ներառվող տեղեկատվությունը շարունակելու է համարվել բանկային գաղտնիք կազմող տեղեկատվություն: «Նախագծի ընդունման դեպքում ռեեստրի ստեղծման հանգամանքը բացասական ազդեցություն չի ունենա, քանի որ ռեեստրում չի հավաքագրվելու և չի պահվելու բանկային հաշիվների մնացորդի և ֆինանսական հոսքերի վերաբերյալ տեղեկատվություն»,- նշված է մեզ ուղարկված պատասխանում:  

Հիշեցնենք, որ բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր ստեղծելու նախագիծը գլխավոր դրամատունը ներկայացրել է ինչպես Կառավարությունում, այնպես էլ՝  Ազգային ժողովում: Խորհրդարանը մայիսի 6-ին այն ընդունեց առաջին ընթերցմամբ: Սակայն, ամբողջությամբ ընդունվելու համար այն դեռևս պետք է քննարկվի ու ներկայացվի երկրորդ ընթերցման: Ժամկետները դեռ հայտնի չեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter