HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հաշվեքննիչ պալատը թերացումներ ու ռիսկեր է հայտնաբերել Սոցիալական հարցերի նախարարության ՊՈԱԿ-ներում

Հաշվեքնիչ պալատը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՊՈԱԿ-ների ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ հաշվեքննություն է իրականացրել: Արձանագրվել են թերացումներ, ռիսկեր: Գնվել են ավելի քիչ ապրանքներ, քան դրանց կարիքը եղել է:

«Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ի վերաբերյալ

Հաշվեքննիչ պալատն արձանագրել է, որ նախարարությունը չի կատարել «Դրամաշնորհի տրամադրման վերաբերյալ» պայմանագրի պահանջը, համաձայն որի՝ «նախարարությունը պարտավոր էր կատարել առանձին միջոցառումների իրականացման մոնիթորինգ՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելով այլ պետական կառավարման մարմինների հետ»։ Փաստացի, պատշաճ վերահսկողություն չի իրականացվել:

Ռիսկեր ու թերացումներ են հայտնաբերվել հատկապես գնումների ոլորտում: Մասնավորապես, «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ը գնումների պլանները, ինչպես նաև գնման հայտերը կազմելիս հաշվի չի առել տարեսկզբի առկա ապրանքանյութական արժեքների մնացորդները, ինչը հնարավորություն կտար տնտեսելու ֆինանսական միջոցները և հնարավորինս բացառելու տարեվերջի զգալի մնացորդները:

Հաշվեքննիչ պալատն արձանագրել է, որ լուրջ ռիսկ է պարունակում պայմանագրով սահմանված՝ 220 խնամվողի համար որոշ ապրանքատեսկաների գնման քանակը: Եթե 7-18 տարեկան երեխաների համար գնել են 300 հատ բրդյա սվիտեր, ապա աղջկա սպորտային հագուստ՝ 30 հատ, տղամարդու վարտիք՝ 300 հատ, իսկ տղայի ձմեռային կոշիկ՝ 10 զույգ, ներքնակի փոքր երես՝ 20 հատ:

Ավելին, շահառուների հնարավոր ատամնաբուժական սպասարկման ապահովման նպատակով բժշկական պարագաների մասով ձեռք են բերվել՝ «ալմազե բորեր գնդաձև, կոնաձև, գլանաձև»՝ ընդամենը 15 հատ, «անկերային շտիֆտներ»՝ ընդմենը 10 հատ, որոնք բաժանելով 220 շահառուների թվին՝ ստանում ենք տարեկան կտրվածքով թվով 15 շահառուին բաժին ընկնող ընդամենը 1 հատ «ալմազե բոր», իսկ թվով 22 շահառուին՝ 1 հատ «անկերային շտիֆտ»:

«Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ

2019թ. դեկտեմբերին կազմակերպության աշխատակիցներին վճարվել է պարգևատրում, որի հիմնական ֆինանսական աղբյուրը եղել է մի շարք ծախսային հոդվածների չօգտագործված ֆինանսական միջոցների վերաբաշխումը: Ուսումնասիրության արդյունքների հիման վրա արձանագրվել է, որ մի շարք տնտեսագիտական հոդվածներում գոյացած ազատ միջոցները հանդիսացել են ոչ թե տնտեսման արդյունքում գոյացած գումար, այլ սխալ պլանավորման արդյունք: Հակառակ դեպքում կարելի է եզրահանգել, որ պարգևատրմանն ուղղված հիմնական գումարը գոյացել էր խնամվողների հանդերձանքի և դեղորայքի թերի ձեռքբերումների արդյունքում։

Հաշվեքննիչ պալատն արձանագրել է, որ ուսումնասիրվող ժամանակաշրջանում սննդի մասով կնքված պայմանագրերի ցուցանիշները կազմակերպության հաշվապահության կողմից վարվող էլեկտրոնային շրջանառության մատյանի ցուցանիշների հետ համադրման արդյունքում արձանագրվել են անհամապատասխանություններ: Մի շարք դեպքերով, առանց որևէ հիմնավորման, մատակարարված ապրանքի քանակները գերազանցել են պայմանագրով սահմանված չափաքանակները։ Կազմակերպությունում, ինչպես նաև նախարարությունում բացակայել է կենտրոնացված գնումների համար հիմք հանդիսացող գնումների պլանը:

Կազմակերպության՝ խնամվողների համար սահմանված չափորոշիչներով հաշվարկված անհրաժեշտ մաքրիչ և սանիտարահիգիենիկ նյութերի պահանջվող քանակները փաստացի ծախսված մաքրիչ և սանիտարահիգիենիկ նյութերի քանակների հետ համեմատության արդյունքում արձանագրվեց, որ կազմակերպությունում սանիտարահիգիենիկ պարագաների օգտագործման նվազագույն չափորոշիչները հիմնականում չեն պահպանվել։

Մասնավորապես, Հաշվեքննիչ պալատն արձանագրել է, որ մի շարք ապրանքների մասով էականորեն ցածր է ապահովվածությունը: Կազմակերպության՝ ատամի մածուկի պահանջը ապահովված է եղել 14,9%-ով, ատամի խոզանակի պահանջը՝ 50,4%-ով, սափրվելու մեկանգամյա ածելիի պահանջը՝ 10%-ով, օճառի պահանջն ապահովված է եղել 20,3%-ով։

Կառավարության 2007թ. մայիսի 31-ի «Ծերերի և հաշմանդամների խնամքի և սոցիալական սպասարկման նվազագույն չափորոշիչները հաստատելու մասին» N 730-Ն որոշման հավելված 4-ով նախատեսված է խնամվողների հագուստի և անկողնային պարագաների 40 անվանում: Սակայն «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ը գնումների հայտերով ներկայացրել էր վերը նշված ցանկից ընդամենը 14 անվանում՝ 3 մլն 666 հազ․ դրամ արժեքով, այն դեպքում, երբ նախահաշվով տվյալ պարագաների համար տարեսկզբին նախատեսվել էր 10 մլն 734 հազ․ դրամ գումարի ծախս։ Ընդ որում, մի շարք դեպքերում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հայտարարած մրցույթի արդյունքում միավորների գները ոչ թե նվազել են, այլ, առանց որևէ հիմնավորման, ավելացել։ Համապատասխանաբար աճել է նաև պայմանագրի գինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter