HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Պետական դավաճանության վերաբերյալ գործը դատարանում է. ամուսինը կալանքի տակ է, կինն՝ ազատության մեջ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Գագիկ Պողոսյանի, այսօր սկսվեց պետական դավաճանության գործով առաջին դատական նիստը, որի շրջանակներում ամբաստանվում են ամուսիններ Մայիս Սահակյանն ու Ստելլա Սարգսյանը:

Մայիս Սահակյանն, ըստ մեղադրանքի, կնոջ՝ Ստելլա Սարգսյանի օժանդակությամբ լրտեսության, ռազմական բնագավառում պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ հավաքելու ու հանձնելու, ինչպես նաև թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակով կատարել է պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:

Ստելլա Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ամուսնու՝ Մայիս Զավենի Սահակյանի կողմից լրտեսության, ռազմական բնագավառում պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ հավաքելու ու հանձնելու, ինչպես նաև թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակով պետական դավաճանություն կատարելուն օժանդակելու դիտավորությամբ, տրամադրել է անհրաժեշտ միջոցներ, ինչպես նաև վերացրել է այդ կապակցությամբ առկա խոչընդոտները:

Մայիս Սահակյանը կալանքի տակ է, կինը՝ Ստելլա Սարգսյանը, ազատության մեջ: Վերջինս նիստին այսօր չէր ներկայացել, թեև պատշաճ ծանուցված է եղել: Կալանքի տակ գտնվող ամուսինը կնոջ բացակայության պատճառների մասին տեղեկություն չուներ, ենթադրեց, որ կարող է՝ երեխայի հետ կապված խնդրի պատճառով: Սահակյանը միաժամանակ ասաց, որ միջնորդություն ունի իր տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա դրված արգելանքը վերացնելու վերաբերյալ, սակայն միջնորդությունն այսօր չքննարկվեց, քանի որ դատավարության այլ մասնակիցների բացակայությամբ այն քննվել չէր կարող:

Այսօր դատարան չէին ներկայացել նաև ծանուցված վկաներ, ամբաստանյալների պաշտպան Էդուարդ Աղաջանյանը: Վերջինս մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ նիստի վերաբերյալ ծանուցագիր չի ստացել: Պաշտպանի բացակայության պայմաններում նիստը հետաձգելու վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս ամբաստանյալ Մայիս Սահակյանն ասաց, թե ինքը կարող է պաշտպանել իր իրավունքները:

Մինչ դատական նիստի հետաձգվելը դատախազ Արամ Արամյանը միջնորդեց ամբաստանյալ Ստելլա Սարգսյանին և պատշաճ ծանուցված վկաներին բերման ենթարկել, և դատարանը բավարարեց միջնորդությունը:

Դատական նիստը հետաձգվեց, և հաջորդը նշանակվեց հուլիսի 6-ին:

Նշենք, որ գործի վերաբերյալ տարածված հաղորդագրությամբ ԱԱԾ-ն հայտնել է, որ
 ամուսինները նախկինում գտնվել են Թուրքիայում, և ամուսինը հայտնվել է այդ երկրում գործունեություն ծավալած ադրբեջանական հետախուզական ծառայությունների տեսադաշտում և հավաքագրվել նշված կազմակերպության ներկայացուցչի կողմից:

Այնուհետև, վերադառնալով մշտական բնակության վայր, Հայաստանի քաղաքացին Թուրքիայում բնակվող իր ծանոթի միջոցով, օտարերկրյա հետախուզության ծառայության աշխատակցին է փոխանցել իր բջջային հեռախոսահամարը:

Ըստ ԱԱԾ տվյալների՝ տեղի ունեցած հեռախոսազրույցների ընթացքում ՀՀ քաղաքացին համաձայնել է ի վնաս Հայաստանի և Արցախի տարածքային անձեռնմխելիության ու արտաքին անվտանգության տեղեկություններ տրամադրել թշնամական գործունեությամբ զբաղվող նշված կազմակերպության ներկայացուցչին։ Մասնավորապես, քաղաքացին զինված ուժերի, սպառազինությունների մասին պետական գաղտնիք կազմող տեղեկությունների դիմաց վարձատրվել է։

«ՀՀ քաղաքացին թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին օգնություն ցույց տալու կապակցությամբ ծավալած հանցավոր գործունեության ընթացքում հավաքել է պետական և ծառայողական գաղտնիք կազմող տվյալներ, ինչպես նաև այլ բնույթի տեղեկություններ, որոնք ինչպես անձամբ, այնպես էլ կնոջ միջոցով օտարերկրյա հետախուզության ծառայության աշխատակցի հետ համացանցային կապի ընթացքում փոխանցել է վերջինիս և դրա դիմաց որպես վարձատրություն ստացել շուրջ 1 500 դոլար գումար»,- ասված է գործի վերաբերյալ ԱԱԾ-ի հաղորդագրության մեջ:

Լուսանկարում՝ դատավոր Գագիկ Պողոսյանը/iravaban.net

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter