
Իմ ապագան վաճառեցին հավի բդի խորովածով
Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը լավ գիտեն, որ մարզերի բնակչությանն ավելի հեշտ է «գնել», քան երեւանցիներին, այդ իսկ պատճառով կուսակցությունների ծանր «հրետանին» այս օրերին ներխուժել է մարզեր: Այս ընտրություններում էլ իշխող կուսակցություններն աչքի են ընկնում հատկապես գյուղաբնակ ընտրողների ձայները գնելով` ջեմով ու մուրաբայով, ժամկետանց օծանելիքով, գլխաշորերով, բջջային հեռախոսներով, պարարտանյութերով ու դիզելային վառելիքով եւ ի վերջո` գումարով:
Հատկապես հեռավոր գյուղերում, մարդիկ երանությամբ են սպասում ընտրություններին, ոչ թե իրենց քվեով նոր իշխանություն ձեւավորելու, այլ անձնական օգուտ ստանալու համար: Դժվար է կողքից քննադատել «ուզվոր» քաղաքացու հոգեբանությունը, բայց նաեւ դժվար է նրան հասկանալը:
Երեկ, երբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն Արմավիրի մարզում էր եւ հանդիպում էր գյուղաբնակ ընտրողներին, կողքից նայելով ընտրողների պահվածքն ու բառիս բուն իմաստով գումար ողորմելը, կարելի էր ընդմիշտ խաչ քաշել իմ սերունդի ապագայի, վաղվա լավ հույսով ապրելու եւ ժողովրդավարական Հայաստան ունենալու բոլոր երազանքների վրա:
Ասում են` ապագան երիտասարդությանն է, սակայն երեկ ավագ սերունդը` տատիկներն ու պապիկները փշրեցին երիտասարդիս` վաղվա պայծառ ապագայի բոլոր հույսերը:
Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում տատիկները, իրար հերթ չտալով հարցեր էին տալիս եւ տարաբնույթ խնդրանքներով դիմում իշխանության մաս կազմող կուսակցության առաջնորդին: Տատիկների հարցերը ոչ գյուղի զարգացմանն էին վերաբերում, ոչ կենսաթոշակների ու նպաստների բարձրացմանը, ոչ էլ որեւէ այլ գլոբալ խնդրի: Գագիկ Ծառուկյանին մեկը դիմեց, որ գազն են անջատել եւ գումար չունի վճարելու, մյուսը` դեղի գումար չուներ, մեկ այլ տատիկ էլ պարզապես հացի գումար էր խնդրում:
Գագիկ Ծառուկյանը բոլորին խոստացավ օգնել միայն ընտրություններից հետո, որպեսզի ընտրակաշառք չդիտվի: Սակայն նրա խոսքերից հետո տատիկներն այնպիսի վայնասուն բարձրացրին, որ Գագիկ Ծառուկյանն իր աշխատակիցներից մեկին ստիպված հորդորեց տալ տատիկ-պապիկների պահանջածը:
Աշխատակիցն էլ յուրաքանչյուրին տվեց 100-ական դոլար գումար: Միայն տեսնելով կարելի է պատկերացնել տատիկների ոգեւորությունը, թե ինչպիսի աշխուժությամբ 100 դոլարները ձեռքներին տուն վազեցին, իսկ ով էլ ուշացավ գումարից` սկսեց անեծք-աղաղակով ճանապարհել ԲՀԿ առաջնորդին, որ իրեն էլ բաժին չտվեց:
Ընկերներիցս մեկն ապրում է Դալարիկ գյուղում, նա էլ պատմեց, որ Գագիկ Ծառուկյանի հեռանալուց մոտ մեկ ժամ անց 100 դոլար վերցրած տատիկներից մեկի տան բակից խորովածի հոտ էր բուրում:
Չգիտեմ մեղադրե՞մ, թե՞ խղճամ «100 դոլարանոց» տատիկներին, որ նրանք 100 դոլարով վաճառեցին իմ վաղվա օրը, իսկ լավ ապրելու հույսս ստորադասեցին եւ ընտրեցին հավի բդի խորովածը:
Մեկնաբանություններ (19)
Մեկնաբանել