HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մահացած քաղաքացին «դիմում է գրել և ստացել պրոթեզի կոշիկներ»

75-ամյա քաղաքացին 10.08.2019թ. մահացել է, սակայն դրանից 2 օր անց «Պլանտա Սանա» ՍՊԸ-ից «ստացել» է 2 հատ «պրոթեզի կոշիկ»՝ աջակցող միջոց, յուրաքանչյուրը՝ 13500 դրամ արժողությամբ: Ավելին՝ «Պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների տրամադրման տեղեկատվական ենթահամակարգ»-ում առկա է շահառուի կողմից 12.08.2019թ.-ին լրացված դիմում՝ աջակցող միջոց ստանալու վերաբերյալ և շահառուի անձնական քարտ, որը լրացվում է աջակցող միջոցը ստանալիս:

Հաշվեքննիչ պալատը ծավալուն հաշվեքննություն է իրականացրել և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՊՈԱԿ-ների ֆինանսատնտեսական գործունեության մեջ մի շարք թերացումներ ու չարաշահումներ բացահայտել:

Տվյալների համադրման արդյունքում արձանագրվել է 67 դեպք, երբ շահառուներն աջակցող միջոցները ստանալիս, ըստ համակարգի տվյալների, բացակայել են Հայաստանից: Մասնավորապես՝ 40 շահառու, որոնք ՀՀ սահմաններից դուրս են եկել մինչև 2019թ., նշված տարեթվին ստացել են համապատասխան աջակցող միջոցներ: Իսկ 27 շահառու, որոնք 2019թ. ընթացքում կատարել են սահմանահատումներ, աջակցող միջոցները ստանալու օրվա դրությամբ ՀՀ տարածքում չեն գտնվել:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն աջակցող միջոցների տրամադրման վերաբերյալ տեղեկանում է կազմակերպությունների ներկայացրած հաշվետվություններից և փաստացի որևէ կերպ չի մասնակցում շահառուներին հատկացվող աջակցող միջոցների տրամադրման գործընթացին կամ դրա վերահսկմանը: Ավելին, որևէ կերպ չի իրականացվում կազմակերպությունների կողմից տրամադրված աջակցող միջոցների համապատասխանության գնահատում՝ տեխնիկական բնութագրերով սահմանված նվազագույն պահանջներին:

«Վերին և ստորին վերջույթների պրոթեզներ» աջակցող միջոցների հավաստագրերի արժեքների համար հիմք են հանդիսացել միայն «Ինտերօրթո» ՍՊԸ-ի առաջարկած գները և ներկայացրած գնային արժեքների գնագոյացումները, իսկ «Սրունքի էնդոսկելիտար պրոթեզ կաշվից ընդունիչով» աջակցող միջոցի համար առանց հիմնավորման սահմանվել է 59.0 հազ. դրամով ավելի բարձր հավաստագրի արժեք, քան 2018թ.-ի մրցույթներին ներկայացրած գները:

Ընդանուր առմամբ, աջակցող միջոցների հավաստագրերի արժեքների համար հիմք հանդիսացած՝ 2018թ. կայացած գնման ընթացակարգերի արդյունքով ձևավորված գները չեն եղել մրցակցային ընթացակարգի արդյունքում ձևավորված գներ: Ավելին, 3 տեսակի աջակցող միջոցների հավաստագրերի արժեքներն ավելի բարձր են սահմանվել, քան մրցույթին առաջարկված գները:

Նախարարությունը աջակցող միջոցների հավաստագրերի արժեքները սահմանելիս չի ունեցել գնագոյացման որևէ հիմնավոր մեթոդաբանություն, որի առկայության պարագայում հնարավոր կլիներ ունենալ ավելի արժանահավատ հավաստագրերի արժեքներ: Ավելին, չեն կատարվել համացանցային շուկայի լրացուցիչ ուսումնասիրություններ ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ ԵԱՏՄ անդամ երկրներում գործող գների վերաբերյալ, որի արդյունքում կձևավորվեին ավելի հիմնավոր արժեքներ:

Նշենք, որ 2019թ. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը ծրագրային միջոցառումների իրականացման նպատակով հատկացվել է 921 մլն 433 հազ. դրամ, որից փաստացի ծախսը կազմել է 846 մլն 906 հազ. դրամ: Ընդ որում՝ «Լսողական սարքեր և հաշմանդամի սայլակներ ձեռքբերելու համար հավաստագրերի տրամադրում» միջոցառմամբ որակավորված կազմակերպությունների մատուցած ծառայությունների համար վճարվել է 120,048.3 հազ. դրամ, «Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող տեխնոլոգիաներով ապահովում և դրանց վերանորոգում» ծրագրով որակավորված կազմակերպություններին մատուցված ծառայությունների դիմաց վճարվել է 726,857.8 հազ. դրամ:

Հիշեցնենք՝ 2019թ. հունվարի 18-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար էր նշանակվել Զարուհի Բաթոյանը: Վերջինս աշխատանքից ազատվել է 2020թ. նոյեմբերի 20-ին:

Հաշվեքննիչ պալատի ստուգումներն ընդգրկել են 2019թ. հունվարի 1-դեկտեմբերի 31 ժամանակահատվածը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter