
ՀԱՊԿ-ն հայտարարություն է տարածել Սյունիքում տիրող իրավիճակի վերաբերյալ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը մայիսի 13-ին հայտարարություն է տարածել ՀՀ Սյունիքի մարզում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Կազմակերպության պաշտոնական կայք էջում տեղադրված հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.
«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը մայիսի 13-ին ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստի ժամանակ տեղեկացրել է մայիսի 12-ին Ադրբեջանի Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետության պետական սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին: Հայկական կողմի կարծիքով՝ Ադրբեջանի զինված ուժերը խախտել են սահմանը և մի քանի կիլոմետր խորացել հայկական տարածքում:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ստեղծված իրավիճակը հեռախոսով քննարկել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի և ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ:
ՀԱՊԿ-ն ուշադրությամբ հետևում է Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրադրության զարգացմանը: Իրադրության զարգացմանը զուգընթաց, անհրաժեշտության դեպքում, գործողություններ կձեռնարկվեն՝ Հավաքական անվտանգության պայմանագրի և ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին համապատասխան»։
Լուսանկարը՝ РИА Новости-ի
Մեկնաբանել