HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրակոցներ Երևանում. մեկ անձ ստացել է հրազենային վիրավորում

2021թ. մայիսի 13-ին՝ ժամը 19:35-ին, «Թիվ 1 համալսարանական հիվանդանոց»  բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Նար-Դոս փողոցից պարանոցի ծակած վերք ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Երևան քաղաքի 23-ամյա բնակիչը: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Նար-Դոս փողոցում իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենից, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակ է արձակել 23-ամյա երիտասարդի ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասի և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել են արնանման հետքեր, ավտոմեքենայի ապակու բեկորներ և փամփուշտի գնդակ,  հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ:

Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter