
Մարուքյանի համոզմամբ` հայկական կողմը պետք է կիրառի գործիքակազմի բոլոր միջոցները, այդ թվում` ուժ
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այն կարծիքին է, որ Սյունիքում տիրող լարվածությունը ցանկացած իրավիճակի կարող է հանգեցնել` թե՛ բանակցություններով հարցի լուծման, թե ՛պատերազմի:
Այս մասին «Սպուտնիկ-Արմենիա» լրատվական գործակալությունում հրավիրված ասուլիսին ասաց Էդմոն Մարուքյանը:
«Ակնհայտ է, որ ճգնաժամային իրավիճակ է` ադրբեջանական կողմը խախտել է մեր պետության օրենսդրությունը, տարածքային ամբողջականությունը, հայտնվել մի տեղում, որտեղ չպետք է հայտնվեր»,- ասաց Մարուքյանը:
Էդմոն Մարուքյանի խոսքով` հայկական կողմը լեգիտիմ իրավունք ունի բանակցություների արդյունքում կիրառել իր գործիքակազմում առկա բոլոր միջոցները, այդ թվում` ուժ, սակայն պետք է բոլոր միջոցները սպառել և նոր հասնել ուժ կիրառելուն: Մարուքյանը ճիշտ քայլ որակեց նաև ՀԱՊԿ-ին դիմելը:
Նրա խոսքով` այս խնդիրը ներքաղաքական հարց չէ, ուստի անվտանգության հարցն իրենք չեն օգտագործի ներքաղաքական նպատակներով, նույն կոչով դիմեց մյուս քաղաքական ուժերին:
«Եթե թշնամին ոտնգձություն է անում մեր սահմանների նկատմամբ, դա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամ Նիկոլ Փաշինյանի սահմանների նկատմամբ չէ, բոլորիս սահմանն է, բոլորս պետք է կանգնենք այդ սահմանը պահենք»,- ասաց նա` վստահեցնելով, որ խորհրդարանական բոլոր լծակները կիրառում են, իրազեկում են բարեկամական խմբերին Ադրբեջանի նախահարձակ լինելու մասին:
Ըստ նրա` եթե այս միջադեպը չհանդարտվի, եթե Ադրբեջանը տեսնի իր քայլը հանդուժել են, նոր կեղծ քարտեզներ կարող են ի հայտ գալ: Մարուքյանը նաև ասաց, որ բազմաթիվ տեղերում Ադրբեջանը սահմանին զորք չունի, նույն կերպ մենք էլ կարող ենք վարվել, սակայն հայկական կողմն իրեն պահում է միջազգային իրավունքին համահունչ:
Դիտարկմանը, թե քննարկվում է այն, որ Հայաստանը ՀԱՊԿ-ին է դիմել կանոնադրության ոչ թե չորրորդ հոդվածով, այլ` երկրորդ, այսինքն ոչ թե ագրեսիա է կիրառվում, այլ սպառնալիք է դիտարկվում, այս իրավիճակում պետք է արդյոք ՀԱՊԿ-ից ռեալ աջակցություն ակնկալել, Մարուքյանն արձագանքեց` երևի թե հայկական կողմը չի ուզեցել բոլոր «փամփուշտները կրակել»:
«Այսինքն չենք ասում` զորքով արի, մենք էլ զորք ունենք, մենք դեռևս իրազեկում ենք, որ ուժի գործադրման սպառնալիք կա, եթե խնդիրը չլուծվի, անկանխատեսելի հետևանքներ կարող են լինել: Այս պահին էլ բանակցություններ են ընթանում, որ ադրբեջանական այդ խմբավորումը հետ քաշվի իր նախնական տեղակայման վայրեր»,- ասաց նա:
Մարուքյանը չբացառեց, որ իրավիճակի ցանկացած հանգուցալուծում կարող է լինել, սակայն ընդգծեց` բոլոր հնարավորությունները պետք է օգտագործել, որ ճգնաժամը հանգուցալուծվի:
Ինչ վերաբերում է ռազմական դրություն հայտարարելու քննարկումներին, որի պարագայում խորհրդարանական արտահերթ ընտրությունները կչեղարկվեն, Մարուքյանը հիշեցրեց, որ ռազմական դրություն հայտարարելու իրավասություն ունի Կառավարությունը, այս պահին չունի նման տեղեկություն, որ կարող է ռազմական դրություն հայտարարվել:
Վաղը նախատեսված էր կուսակցության համագումարը, սակայն սահմանային իրավիճակով պայմանավորված՝ այն հետաձգվել է: Մարուքյանի խոսքով` պատգամավորները պետք է լինեն սահմանային վայրերում, ուստի նախընտրական աշխատանքները կասեցրել են, համագումարը` տեղափոխել:
Մեկնաբանել