
Սերժ Սարգսյանի և Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված ստորագրություն խափանման միջոցը չվերացվեց
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, քիչ առաջ մերժեց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը վերացնելու վերաբերյալ նրանց պաշտպանների միջնորդությունները:
Վերը նշված միջնորդությունները ներկայացել էին երեկ տեղի ունեցած դատական նիստի ընթացքում: Պաշտպանները պնդում են, որ առկա չէ ամբաստանյալների նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմք:
Երեկ տեղի ունեցած դատական նիստի ընթացքում Սերժ Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը ներկայացրել է նաև ՀՔԾ-ում Սերժ Սարգսյանի և մյուսների վերաբերյալ քննված գործի ամբողջական նյութերը պահանջելու և դրանք պաշտպանական կողմին տրամադրելու վերաբերյալ միջնորդություն: Այս միջնորդության քննությունը դատարանը որոշեց հետաձգել՝ մինչև դրա լուծման համար էական հանգամանքների պարզումը:
Նշենք, որ դատարանում այս պահին քննվող քրեական գործը, որով անցնում է Սերժ Սարգսյանը, անջատվել է ՀՔԾ-ում քննվող այլ գործից, և պաշտպանական կողմը պնդում է, որ իրենք պետք է հնարավորություն ունենան՝ ծանոթանալու մայր գործի նյութերին:
Ըստ Սարգսյանի վերաբերյալ քրեական գործով Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության՝ պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով հափշտակվել է ընդհանուր առմամբ 489 մլն 160 հազար ՀՀ դրամ:
Քրեական գործով ի սկզբանե մեղադրյալի կարգավիճակ է ունեցել հինգ անձ՝ Սերժ Սարգսյանը, Բարսեղ Բեգլարյանը, Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը, Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը և նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանը:
Գործի քննության ընթացքում Սերգո Կարապետյանն ու Սամվել Գալստյանը կորոնավիրուսից մահացել են:
Մեկնաբանել