HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ոռոգվող հողատարածքները կրճատվել են, ծախսերը՝ եռապատկվել

Երեկվա՝ մայիսի 13-ի նիստում Կառավարությունը հաստատեց ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման աջակցության 2021թ. ծրագիրը: Կառավարությունը ֆինանսական աջակցության ծրագիր իրականացրել էր նաև նախորդ տարի, որի արդյունքները գոհացուցիչ չեն: Հաշվեքննիչ պալատը Ջրային կոմիտեում իրականացրել է 2020թ.-ի հաշվեքննություն, պարզելու համար, թե ինչպես են ծախսվել պետական միջոցներից հատկացված գումարները: Պալատն արձանագրել է մի շարք թերություններ և չհիմնավորված ծախսեր:

Ջրային կոմիտեում 2020թ. պետական բյուջեի տարեկան կատարման նկատմամբ հաշվեքննություն իրականացնելու համար ընտրվել է 4 միջոցառում՝ 15 մլրդ 645 մլն 222 հազար դրամ գումարով (դրամարկղային ծախս):

Հաշվեքննության արդյունքում պարզվել է, որ 2020թ-ին՝ 2019-ի համեմատ վատթարացել են ռազմավարության սահմանված հիմնական տեխնիկաֆինանսական ցուցանիշները: Մասնավորապես, նվազել են ոռոգվող հողատարածքները և ՋՕԸ-երի եկամուտները, ավելացել է ջրառը, էլեկտրաէներգիայի սպառումը, ծախսերը: Էականորեն ավելացել են պետական ընթացիկ ֆինանսական աջակցության ծավալը, դեբիտորական և կրեդիտորական պարտքերը:

2020թ.-ին ոռոգվել է նախատեսվածից 51,5 հազար հա պակաս հողատարածք, սակայն ջրառը կատարվել է 71,2 մլն խմ չափով ավելին: Էլեկտրական էներգիայի սպառումը նախատեսվածի համեմատ գերազանցվել է 22.2 մլն կՎտ ժամով: Փոխարենը ՋՕԸ-երի եկամուտները, որոնք ներառում են անդամավճարները և հավաքագրումները, նախատեսվածից պակաս են եղել 2 մլրդ 216,5 մլն դրամով:

Ուշագրավն այն է, որ ոռոգելի հողատարածքները 37,6 %-ով նախատեսվածից պակաս լինելու պարագայում ծախսերը նախատեսվածից ավելին է եղել 4 մլրդ 475,5 մլն դրամի չափով: Ներկայացված ծախսերը նախորդ տարվա համեմատ ավելին է շուրջ 3 անգամ, իսկ մեկ հեկտար ոռոգելի հողերի հաշվով՝ 4 անգամ:

2019թ.-ի համեմատ 2020-ին 117 մլն 871 հազար դրամով նվազել է մատակարարված ջրի դիմաց վճարների հավաքագրման ցուցանիշը: Եթե 2019-ին հավաքագրվել էր հասույթի 67,2%-ը, ապա 2020-ին՝ 60,9%: 2019թ.-ին 100% հավաքագրում իրականացրել է 6 ՋՕԸ, իսկ 2020թ. ընդամենը մեկին է հաջողվել 100% ցուցանիշ ապահովել:

Հաշվեքննիչ պալատը պարզել է նաև, որ օրինակ՝ «Տավուշ» ՋՕԸ-ին 2020թ. դեկտեմբերի 22-ի սուբսիդիայի պայմանագրով տրամադրվել է 45 մլն դրամ, որից 6 մլն 935 հազար դրամը աշխատավարձի, մոտ 23 մլն դրամը հարկային պարտավորությունների, իսկ 15 մլն-ն՝ շահագործման ծախսերի մասով առաջացած պարտքերի մարման համար: Սակայն, «Տավուշի» ՋՕԸ Ջրային կոմիտե է ներկայացրել տեղեկանք-հաշվետվություն, ըստ որի՝ մոտ 23 մլն դրամի հարկային պարտավորությունների մարման գումարից վճարվել է ընդամենը 3 մլն 299 հազար դրամը: Իսկ մնացած գումարը, որպես ազատ մնացորդ, նախատեսվել է ուղղել 2021թ. հարկային պարտավորությունների մարմանը:

Սա այն դեպքում, երբ սուբսիդիայի տվյալ չափաբաժնի տրամադրման համար Ջրային կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված հանձնաժողովը նշել էր, թե «Տավուշի» ՋՕԸ-ի հարկային պարտավորության մասով կրեդիտորական պարտքը կազմել է մոտ 23 մլն դրամ: Սակայն, ՋՕԸ-ի՝ որպես հարկ վճարողի անձնական հաշվի քարտի քաղվածքի համաձայն՝ 2020թ. դեկտեմբերի 22-ի դրությամբ, հարկային պարտավորությունը կազմել է 2 մլն 82 հազար դրամ:

«20 մլն 982 հազար 800 դրամ սուբիսիդիայի տրամադրումը չի հիմնավորվել»,-նշել է Հաշվեքննիչ պալատը:

15 ՋՕԸ-երին տրամադրված սուբսիդիայի գումարից գարնան նախապատրաստական աշխատանքների համար հատկացվել է 705 մլն 664 հազար դրամ: Միայն նյութերի և պոմպակայանների վերանորոգման աշխատանքների գծով ծախսերի վերլուծությամբ պարզվել է, որ 5 ՋՕԸ-երում գարնան նախապատրաստման նորոգման աշխատանքներ, ըստ ներկայացված հաշվետվությունների, չեն կատարվել:

Հաշվեքննիչ պալատն արձանագրել է, որ ոռոգման ծառայություններ մատուցող ընկերություններին ֆինանսական աջակցության արդյունավետության բարձրացման նպատակով, Ջրային կոմիտեն չի մշակել վերջնական արդյունքի գնահատմանն արհրաժեշտ ֆինանսական կայունության չափանիշներ: Չեն ընդունվել ֆինանսական աջակցության գումարների բաշխման մեթոդաբանություն և մեխանիզմներ:

Ջրային կոմիտեի կողմից պատշաճ ուշադրություն չի դարձվել ՋՕԸ-երի ֆինանսական աջակցության չափի որոշմանը, ինչի հետևանքով 02.07.2020թ. Կառավարության որոշմամբ հատկացվել է իրական ճեղքվածքի մեծությունը 142 մլն դրամով գերազանցող գումար:

Պատշաճ ուշադրություն չի դարձվել սուբսիդիայի գումարների նպատակային օգտագործմանը, ինչով պայմանավորված՝ ՋՕԸ-երի կողմից ձեռք են բերվել կապիտալ ակտիվներ:

Նշենք, որ կուտակվող պարտքերի գոյացումը հնարավորինս կանխարգելելու նպատակով Ջրային կոմիտեն այս տարի նպատակահարմար է գտել առողջացման ծրագրով պետական բյուջեով նախատեսված գումարներով հնարավորինս մարել 2021թ. առաջացող էլեկտրաէներգիայի պարտքերը:

2020թ. ընթացքում ՋՕԸ-երին պետական բյուջեից «Ոռոգման համակարգի առողջացում» ծրագրով հատկացվել է շուրջ 4 մլրդ 651 մլն 800 հազար դրամ: ՋՕԸ-երի 2021թ. էլեկտրաէներգիայի տարեկան կանխատեսվող ծախսերը կազմում են 116.2 մլն կՎտժ՝ 4 մլրդ 578 մլն 200 դրամ արժեքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter