HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եթե Մաշտոցի այգին լիներ Չիկագոյում

Դոկտոր Էդվարդ Մազուրը (Edward Mazur), ով իր դոկտորականը պաշտպանել է Չիկագոյի համալսարանում քաղաքային զարգացման պատմության և քաղաքագիտության ոլորտում, Հայաստանից ժամանած մասնակիցներին առաջին օրը ծանոթացրեց Չիկագոյին և անձամբ ուղեկցեց Չիկագոյի կենտրոնում գտնվող «Հազարամյակի զբոսայգի» (Millennium park): Զբոսայգին բավականին երիտասարդ է' ծրագրվել է 1997-ին, կառուցումը սկսվել է 1998-ին և պաշտոնապես բացվել է 2004-ին: Զբոսայգին վերջին հարյուրամյակի Չիկագոյի կարևորագույն նախագծերից է համարվում, և կանաչապատ տարածքները' ծառերով, ծաղիկներով և այլ տնկիներով, գերակշում են զբոսայգում:

Բնապահպան Արման Վերմիշյանի հարցը' հնարավոր է արդյոք պարկում, որտեղ բավականին հարմար և բաց տարածքներ կան, տեղադրել առևտրի տաղավարներ, պրոֆեսորի համար անտրամաբանական թվաց, սակայն պատասխանը հաստատակամ էր. «Քաղաքային իշխանություններն ուղղակի թույլ չեն տա»:

Քաղաքային զարգացման Չիկագոյի մոդելին ծանոթանալու և փորձի փոխանակման համար Հայաստանից Չիկագո մեկնած խումբը, բաղկացած ճարտարապետից, բնապահպանից, էկոլոգից և տրանսպորտի ոլորտի մասնագետից, քաղաքային իշխանությունների և հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումներին արծարծում էր Երևանի Մաշտոցի այգու շուրջ ստեղծված իրավիճակը: Վերոշարադրյալ հարցին սովորաբար պաշտոնյաների զարմանքն էր հաջորդում:

Սկոտ Վագըսփակը` աջից
Լուս.` Արսեն Կարապետյանի

Չիկագոյի քաղաքային խորհրդի անդամ, ավագանի Սկոտ Վագըսփակը (Scott E. Waguespack) դժվարությամբ ըմբռնեց հարցը, թե ինչ կաներ Չիկագոյի քաղաքապետը կամ ավագանին, եթե իրենց քաղաքի կենտրոնական զբոսայգում տեղադրվեին առևտրի կրպակներ: Չիկագոյի ավագանու անդամը խնդրի էությունն ըմբռնելուց հետո միանշանակ պատասխանեց. «Այլ տեղ կտեղափոխեինք այդ բուտիկները»: Ավելին, նա հավելեց, որ կպարզեին բուտիկների նպատակն ու նշանակությունը, և եթե հանրային շահը իսկապես կպանանջեր տեղափոխել դրանք, եթե նույնիսկ կնքված պայմանագրեր լինեին, ապա քաղաքը կառավարող մարմինը կխզեր այդ պայմանագրերը' փոխհատուցելով կրպակատերերին:

Սկոտ Վագըսփակը հավաստիացնում է' եթե հանրությունը պահանջում է տեղափոխել այդ բուտիկները, քաղաքապետը կարող է վստահ լինել, որ կատարելով հանրային պահանջը' կվաստակի այդ հանրության քվեն և միշտ իր մեջքին կունենա մի մեծ բանակ, որը անհամեմատելի կլինի օլիգարխների խոստացած գումարներին' նրա նախընտրական քարոզարշավը կազմակերպելու կամ քաղաքապետ դարձնելու հարցում (Չիկագոյում քաղաքապետը ընտրվում է 4 տարի ժամկետով-հեղ.):

Չիկագոյի փորձից կիսվելով' ավագանու անդամը նշեց, որ հանրային նշանակության ծրագրերը բաց են քննարկման համար, և որևէ ծրագիր իրականացնելիս ողջ փաթեթը ներկայացվում է հանրությանը, փորձագետներին և լրագրողներին:

«Հազարամյակի զբոսայգի»
Լուս.` Արսեն Կարապետյանի 

«Չիկագոյում մարդիկ մտածում են իրենց քաղաքի մասին, զարգացնում են իրենց քաղաքը ճիշտ տնտեսական և քաղաքաշինական քաղաքականությամբ, անընդհատ ավելացնում են կանաչ տարածքները, քանի որ գտնում են, որ դա, ի թիվս այլ դրական հականիշների, նաև բարձրացնում է մարդկանց աշխատանքի արտադրողականությունը»,- ասում է բնապահպան Արման Վերմիշյանը:

Չիկագո այցելած և քաղաքային զարգացման ծրագրի մասնակից, ճարտարապետ Արսեն Կարապետյանը երեք հիմնական պատճառ է նշում, ինչի համար Մաշտոցի այգու դեպքը չէր կարող պատահել Չիկագոյում: Առաջինը' հողօգտագործման կանոններն այնքան հստակ են և անձեռնմխելի այնտեղ, որ քաղաքապետարանի կամ որևէ այլ մարմնի կողմից հողի կարգավիճակի կամ օգտագործման ռեժիմի կամայական փոփոխությունը ուղղակի անհնար է, անհնար է նաև «ժամանակավոր» եզրի օգտագործումը, քանի որ դրա կիրառումը օրենքով սահմանված չէ:

Երկրորդ, ըստ ճարտարապետին, եթե Աբովյան փողոցի բուտիկների հարցն առաջանար Չիկագոյում, ապա նրանք ուղղակի չէին լինի այնտեղ, եթե դա լիներ անօրինական, իսկ եթե, այնուամենայնիվ, օրինական հիմքեր ունենային, ապա դրանց հանելը կլիներ միայն ուղղակի փոխհատուցման ձևով, եթե քաղաքի հասարակությունը պահանջեր:

«Քանի որ քաղաքի կառավարությունը ձևավորվում է ուղիղ ընտրությունների միջոցով, ապա եթե քաղաքապետարանի կողմից իրականացվող ինչ-որ նախագիծ նման հասարակական հակազդեցության հանդիպեր, ապա միանշանակ իշխանությունների կողմից համառությունը հավասարազոր կլիներ քաղաքական ինքնասպանության»,- ամփոփում է Արսեն Կարապետյանը' երրորդ պատճատը նշելով:

Չիկագո-Երևան

Մեկնաբանություններ (1)

Aram
Incidentally, Chicaago's weather is similar to Moscow's in winter and at least as hot as Yerevan's during summer months with high humidity.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter