HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Արարատյան դաշտի արտեզյան գոտին կրճատվել է մոտ 67%-ով․ տարածաշրջանում ջրի զգալի դեֆիցիտ կա

«Արարատյան դաշտում ստորերկրյա ջրի անարդյունավետ օգտագործման մասին պատկերացում կազմելու համար անհրաժեշտ էին թարմ տվյալներ։ Օգտագործվող տվյալները մոտ 40 տարվա վաղեմություն ունեին, իսկ դրանով հնարավոր չէր նվազեցնել ստորերկրյա ջրառը առանց դրա իրական ծավալներն իմանալու»,- այսօր «Մարիոթ» հյուրանոցում հրավիրված խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանը։ Նա նշեց, որ ավելի քան 25 տարի ԱՄՆ-ի և Հայաստանի կառավարությունները համագործակցում են ջրային ոլորտի խնդիրները լուծելու նպատակով։

Վերջին տարիներին ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորումով այս ոլորտում իրականացվել է «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագիրը։ Աշխատանքներն իրականացվել են Հայաստանի պետական կառույցների, ԱՄՆ երկրաբանական հետազոտությունների կենտրոնի և այլ ամերիկյան ընկերությունների մասնագետների հետ։ Ծրագրի նպատակը գիտական, տեխնոլոգիական, նորարական նախաձեռնությունների և շահագրգիռ կողմերի համագործակցության միջոցով Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների կայուն կառավարմանն աջակցելն է և առաջադեմ փորձի կիրառումը։ 

Մասնագետների հաշվարկներով՝ ջրառաջարկի և պահանջարկի  գնահատումը վկայում է տարածաշրջանում ջրի զգալի դեֆիցիտի մասին, որը հիմնականում առաջացել է մարդու գործունեության և տարբեր ոլորտների կողմից ռեսուրսի գերօգտագործման արդյունքում։ Համաձայն տվյալների՝ Արարատյան դաշտի արտեզյան ավազանում ջրառաջարկի և պահանջարկի բացասական տարբերությունը 2016թ կազմում էր 1,120 մլն մ

Ջրային պաշարների գերշահագործումը կանխելու և ջրօգտագործողների գործունեությունը կարգավորելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան քաղաքականություն ու օրենսդրական ակտեր։ Այնուամենայնիվ,  ԳԱՏՕ ծրագրի տվյալները ցույց են տալիս, որ 2016թ-ին Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսներից փաստացի ջրառի ծավալը դեռևս 46%-ով գերազանցում է կառավարության կողմից հաստատված թույլատրելի ծավալը։

Արարատյան դաշտի արտեզյան ավազանն ունի ստորերկրյա ջրերի զգալի պաշարներ, որոնք օգտագործվում են կենցաղային, ոռոգման ձկնաբուծական  և արտադրական նպատակներով։ Ավազանի ջուրն օգտագործվում է նաև Մեծամորի ատոմակայանի հովացման համակարգի համար։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերջին տասնամյակում ստորերկրյա ջրերի մակարդակն իջել է միջինը  6-9 մետրով, որոշ տեղերում մինչև 15 մետր, իսկ արտեզյան գոտին կրճատվել է մոտ 67%-ով։ Գերշահագործման բացասական դինամիկան հանգեցնում է ջրային հաշվեկշռի խախտման և ստորերկրյա ջրերի վերականգնման ներուժի նվազման՝ տարածշրջանում առաջացնելով ջրի դեֆիցիտ, ռիսկի տակ դնելով երկրի պարենային ու էներգետիկ անվտանգությունը։ Պաշարների հյուծման հետևանքով Արարարտյան դաշտի ավելի քան 30 համայնք խմելու և ոռոգման ջրի խնդիր ունի։

Կլիմայի փոփոխության ազդեցության ներքո Արարարտյան դաշտ մուտք գործող մակերևույթային բնական հոսքի կանխատեսված արժեքների վերլուծությունները ցույց են տալիս, որ այն մինչև 2040թ-ը կնվազի 101 մլն մ3-ով, 2070թ-ին՝ 209 մլն մ3 և այլն։ Հաշվարկված օդի ջերմաստիճանի և մթնոլորտային տեղումների կանխատեսումային տվյալների կիրառմամբ գնահատվել է, որ Արարարտյան դաշտ մուտք գործող մակերևույթային բնական հոսքը մինչև 2040թ կնվազի 322 մլն մ3-ով, մինչև 2070թ՝ 653 մլն մ3-ով և այլն։

Փորձագետների  կարծիքով՝ ներկայացված կանխատեսումները կարող են հանգեցնել Արարարտյան դաշտի ստորերկրյա ջրավազան մուտք գործող ստորերկրյա հոսքի կրճատման՝ մինչև 2040թ մոտ 1%-2%-ով։ Արարարտյան դաշտում ստերկրյա ջրառի տարեկան թույլատրելի ծավալը սահմանելիս սա պետք է հաշվի առնվի։

ԳԱՏՕ ծրագրային թիմն առաջարկում է՝

Արարարտյան դաշտում ստորերկրյա ջրառի տարեկան ծավալն ընդհանուր  շահագործական պաշարի 92673 մլն մ3 արժեքին հասցնելու համար իրականացնել՝ 

  • Արարատյան դաշտում գործող ձկնաբուծական տնտեսություններից արտահոսող ջրերի օգտագործում ոռոգման նպատակով։ Ձկնաբուծարններից դեպի մակերևույթային հոսքեր հեռացվող ընդհանուր ջրաքանակից մոտ 350 մլն մ3 հնարավոր է օգտագործել ոռոգման նպատակով՝ առանց մեծ ներդրումներ պահանջող լուծումների։ 
  • Ստորերկրյա աղբյուրներից սնվող ոռոգման ավանդական համակարգերի վերանորոգում, ներտնտեսային ոռոգման բաց ցանցերի վերափոխում փակ խողովակաշարերով ցանցի, կաթիլային կամ կաթիլայինին մոտեցված ոռոգման համակարգերի ներդրում։
  • Ոռոգման նպատակով օգտագործվող հորատանցքերի հոսքի կագավորում փականներով։
  • Ձկնաբուծական տնտեսություններում ջրի շրջանառու համակարգերի կիրառում։   

2021թ դրությամբ Արարատյան դաշտում դեռ կան առանց ջրօգտագործման թույլտվության կամ ազատ ջրօգտագործման մասին դիմումի հիման վրա ջրառ և ջրահեռացում իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք։ Առաջարկվում է իրականացնել ստորև նշված միջոցառումները ստորերկրյա և մակերևութային ջրային  ռեսուրսների օգտագործման և ջրահեռացման ամբողջական հաշվառումը բարելավելու համար։

  • ԳԱՏՕ ծրագրի շրջանակներում 2016թ իրականացված Արարատյան դաշտի ստորերկրյա հորատնացնքերի, բանական աղբյուրների և ձկնային տնտեսությունների գույքագրման և հաշվառման տվյալների բազայի թարմացում 2017-2021թթ տվյալներով։ 
  • Նմանատիպ տվյալների բազայի ստեղծում մակերևույթային ջրային ռեսուրսներից ջրառի և ջրահեռացման վերաբերյալ տվյալների գրանցման համար։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter