HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գիտուժ»-ի հայտարարությունը՝ Կառավարության՝ մայիսի 13-ի որոշման վերաբերյալ

«Գիտուժ» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել գիտաշխատողների բազային աշխատավարձերի բարձրացման՝ Կառավարության մայիսի 13-ի որոշման վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք. 

Գնահատելով գիտության զարգացմանը միտված հերթական դրական քայլը՝ «Գիտուժ»-ը վերահաստատում է իր պահանջը

Գիտաշխատողների բազային աշխատավարձերի բարձրացումը հերթական դրական քայլն է ճիշտ ուղղությամբ։ Այն աննախադեպ է իր բնույթով և ծավալով, սակայն, ցավոք, հիմնաքարային փոփոխություններ իրականացնելու տեսանկյունից հերթական կիսաքայլն է։ Գնահատելով և տոնելով դրականը՝ «Գիտուժ»-ը վերահաստատում է իր պահանջը։

«Գիտուժ» նախաձեռնությունը բարձր և դրական է գնահատում գիտաշխատողների բազային աշխատավարձերի բարձրացման հանձնառությունը։ Այդ քայլն ինքնին անհրաժեշտ դրական ազդակ է գիտական համայնքի համար, որը, միանշանակ, կառաջացնի որոշակի աշխուժություն։ Սակայն ժամանակն է դրական և նույնիսկ աննախադեպ քայլերից անցնել ռազմավարական և համակարգային գործողությունների։

Մտահոգիչ է, որ այդպես էլ չի գիտակցվում հենց-հիմա-և-այստեղ շեշտակի ներդրում անելու հստակ և անքննարկելի անհրաժեշտությունը։ Լավ է, որ բազային աշխատավարձերի բարձրացման հանձնառությունը 1-2 տարով չի սահմանափակվում և համեմատաբար երկարաժամկետ է(մինչև 2025թ.), սակայն, ցավոք, սկսվում է միայն հաջորդ տարվանից և բավարար շեշտակի չէ։

Ստիպված ենք հիշեցնել Հայաստանի զարգացման և անվտանգության առջև ծառացած խնդիրների օրհասական բնույթը, որն անընդունելի է դարձնում ժամանակի ցանկացած կորուստ։ Առկա գիտական ներուժում ներհոսքի և արտահոսքի ծայրահեղ բացասական հարաբերակցությունը հատել է բոլոր կարմիր գծերը, և ամեն մի կորցրած ամիսն ու տարին հետագայում վերականգնելը պահանջելու է շատ ավելի մեծ ներդրումներ և ժամանակ կամ, պարզապես, դարձնելու է անհնարին։ Կորցրած ժամանակը բազմապատիկ չափով է հետաձգելու երկրի զարգացման հնարավորությունները՝ կրթությունից մինչև անվտանգություն։

«Գիտուժ» համայնքը բարձրաձայնել և շարունակելու է բարձրաձայնել համակարգային և ռազմավարական ներդրումների անհրաժեշտության մասին։ Տեղային կիսաքայլերը, ինքնին դրական լինելով, կարող են նույնիսկ կողմնակի բացասական հետևանք ունենալ՝ առաջացնելով բարձր արդյունավետության սպասումներ, որոնց չարդարացումը կբերի բնական հիասթափության և վերջնարդյունքի գնահատակի խեղաթյուրման, որն էլ իր հերթին կարգելակի հետագա ներդրումները։ Մեկ ուղղությամբ դրական քայլը անհրաժեշտ է համադրել հարակից ուղղություններում համաչափ ներդրումների հետ համապատասխան արդյունավետության հասնելու համար։ Մասնավորապես՝ 

  • ասպիրանտական տեղերի ու կրթաթոշակների կտրուկ ավելացում,
  • Սփյուռքի գիտնականների և ճարտարագետների ներուժի ներգրավվում, հայրենադարձություն,
  • գերակա ուղղություններում գերազանցության կենտրոնների ստեղծում՝ առանձնակի ուշադրություն դարձնելով կիրառական հետազոտությունների վրա,
  • գիտական հետազոտությունների ու փորձարարական մշակումների պետական պատվերի ձևավորում, մասնավոր պատվերի խթանում,
  • պետական համաֆինանսավորման մեխանիզմով` արտասահմանյան գիտական դրամաշնորհների ներգրավում և մասնավոր հատվածից պատվերների խրախուսում։

Մենք վերահաստատում ենք մեր պահանջը և դրա լիակատար իրականացմանը հասնելու հաստատակամությունը։ Այս պայքարի ընթացքում «Գիտուժ» նախաձեռնության շուրջ ահռելի ինֆորմացիա, գիտելիք և ներուժ է կուտակվել, ինչով պատրաստ ենք կիսվել։ Բաց ենք համագործակցության համար` կարճ ժամկետներում Հայաստանում գիտության կտրուկ զարգացմանը միտված ռազմավարական քայլեր իրականացնելու ուղղությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter