
Բաքուն հայտարարել է սահմանի հարցով Երևանի հետ բանակցությունների մասին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ուրբաթ օրը՝ մայիսի 14-ին, ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Ռիկերի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանում լարվածության վերացմանը և բանակցություններ է վարում Հայաստանի հետ սահմանին տիրող իրավիճակի շուրջ։ Այդ մասին նշվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
«Կողմերը քննարկել են տարածաշրջանում ընթացիկ իրավիճակը, մտքեր փոխանակել` Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առկա լարվածության շուրջ։ <...> Նախարար Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանում լարվածության վերացմանը։ Նա զրուցակցին տեղեկացրել է, որ սահմանին իրավիճակի շուտափույթ լուծման նպատակով շրջան է գործուղվել Ադրբեջանի Հանրապետության Սահմանապահ պետական ծառայության ղեկավարությունը և հակառակ կողմի հետ ընթանում են բանակցություններ»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ։
Զրուցակիցները նաև ընդգծել են բանակցությունների միջոցով լարվածության լուծման կարևորությունը։
Մեկնաբանել