
Արմեն Գրիգորյանը ներկայացրեց ՀԱՊԿ-ին դիմելու և պատասխան ստանալու ընթացակարգը
Խորհրդարանի արտահերթ նիստում շարունակվում է քննարկվել սահմանային իրավիճակը: Ներկա են նաև Կառավարության ներկայացուցիչներ, այդ թվում` վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրեց ՀԱՊԿ-ին դիմելու և այնտեղից պատասխան ստանալու ընթացակարգը:
Ըստ այդմ` ՀԱՊԿ անդամ երկրի ղեկավարը պետության տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար դիմում է ՀԱՊԿ նախագահողին, ինչից հետո` մեկ օրվա ընթացքում, վերջինիս հանձնարարականով ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստ է հրավիրվում: Այդ խորհրդի անդամներն են ՀԱՊԿ-ի մաս կազմող երկրների լիազոր ներկայացուցիչները: Նաև եռօրյա ժամկետում ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարների, ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների կոմիտեներում սկսվում են աշխատանքներ իրավիճակը գնահատելու համար:
«Ուզում եմ տեղեկացնել, որ Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարները, նաև ես նախնական աշխատանքներ այս ուղղությամբ իրականացնում ենք, խոսել ենք ՌԴ մեր գործընկերների հետ, ներկայացրել իրավիճակը: Նաև արտաքին գործերի ու պաշտպանության նախարարները խոսել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ, ուստի նախնական նախապատրաստական աշխատանքները սկսել ենք, որպեսզի եռօրյա ժամկետում մեր կոմիտեները կարողանան ընդհանուր իրավիճակի վերաբերյալ գնահատական տան»,-ասաց Արմեն Գրիգորյանը:
Ըստ նրա` եռօրյա ժամկետում կոմիտեները ընդհանուր գնահատական են տալու իրավիճակի վերաբերյալ, և կարող է ՀԱՊԿ նիստ հրավիրվել, սակայն այն պարտադիր չէ:
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը կարևորեց այն, որ ՀԱՊԿ-ն որպես միջազգային կառույց պարտավորություն ունի ռազմական օգնություն ցուցաբերելու իրեն անդամակցող երկրին: Գրիգորյանի խոսքով` Հայաստանը հարցի քաղաքական-դիվանագիտական լուծման կողմնակից է, բոլոր գործիքները կիրառելու է, որպեսզի ռազմական լուծումը բացառվի, սակայն անհրաժեշտության դեպքում Հայաստանը կգործարկի ՀԱՊԿ անվտանգության համակարգի այլ մեխանիզմներ, որ վերականգնի իր երկրի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը:
Մեկնաբանել