HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Զարուհի Փոստանջյանի գործն ուղարկվել է դատարան

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի գործն ուղարկվել է դատարան։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

Գործը մայիսի 12-ին մակագրվել է դատավոր Ռոբերտ Պապոյանին։ «Դատալեքս»-ում առկա տեղեկատվության համաձայն՝ Զարուհի Փոստանջյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի մարտի 15-ին Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Առաքելյան փողոցի թիվ 66 շենքին հարակից տարածքում գտնվող պուրակում տեղադրված «Սողոմոն Թեհլերյանի» արձանի մոտ, հասարակության բազմաթիվ անդամների ներկայությամբ ունեցած ելույթի ընթացքում, ՀՀ-ում հետապատերազմյան իրադրությամբ պայմանավորված հասարակության մոտ առկա տրամադրությունները և սոցիալ-հոգեբանական խոցելի իրավիճակն օգտագործելով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և անձանց խմբի նկատմամբ քաղաքական ու այլ հայացքներով պայմանավորված դիտավորությամբ հնչեցրել է բռնությունը՝ սպանությունը, հրապարակայնորեն արդարացնող կոչեր:

Հիշեցնենք, որ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը 2021 թվականի ապրիլի 30-ին հաղորդագրությամբ հայտնել է Փոստանջյանին մեղադրանք առաջադրելու մասին՝ տեղեկացնելով նաև, որ վերջինիս նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

«Երկիր ծիրանի» կուսակցությունը տարածված հաղորդագրությանը կից ներկայացրել է նաև Փոստանջյանի ելույթի տեքստը։

 «Սիրելի՛ հայրենակիցներ, մենք գտնվում ենք Երևանի Աջափնյակ թաղամասում: Այս հուշարձանը՝ մեր սիրելի Թեհլիրյանի, կառուցվել, դրվել է այստեղ 2003 թվականին: Եթե հուշարձանը տեղադրված լիներ ավելի վաղ, միգուցե մենք ունենայինք այնպիսի երիտասարդ սերունդ, որն այսօր՝ այս վիճակում, չէր հայտնվի Հայոց խորհրդարանում: Մենք կունենայինք այնպիսի հայեցի դաստիարակություն և կրթություն, որը թույլ չէր տա, որ մենք ունենայինք ներքին թուրք, որն այսօր ունենք և որն այսօր որոշումներ է կայացնում մեր ազգի ճակատագրի վերաբերյալ: Թեհլերյանի արած աշխատանքը՝ դա թուրքական դատարանի կողմից արձակված մահապատժի դատավճռի ի կատար ածումն էր, այդ ի կատար ածումը հանգեցրեց նրան, որ նրան ճանաչեցին արդար, նրան դատարանը արդար ճանաչեց: Այսօր մեր դատը արդա՛ր է, մեր պայքարն արդա՛ր է, հետևաբար, այս պայքարի ճանապարհին եթե մենք ի կատար ածենք դատավճիռը՝ հայ ազգի դատավճիռը, որն ուղղված է ներքին թուրքին, որը այսօր հանգրվանել է Հայաստանի կառավարական շենքում, դա նույնպես արդար է լինելու: Հերթ են կանգնած, և այդ հերթը կանգնած են ոչ միայն տղամարդիկ, այլ նաև կանայք, մենք հետապնդելո՛ւ ենք մեր դատը, մենք հետապնդելո՛ւ ենք դատավճռի ի կատար ածումը, այն բոլոր անձանց նկատմամբ, ովքեր հանձնեցին մեր հայրենիքը, ովքեր նորից՝ 21-րդ դարում, ցեղասպանեցին մեր հայրենակիցներին: Մենք դրանց ճանաչում ենք անուն առ անուն, առաջինը դա Նիկոլն է՝ Նիկո՛լ, գալու ենք հետևիցդ: Թալեաթին (փոքր ինչ խոսքը ընդհատվում է) կրակեց Թեհլիրյանը՝ և գիտես ինչ եղավ, սպասի՛ր ամեն օր՝ վախը սրտումդ, 6 տարի անց 1915 թվականից հետո: Միգուցե մի փոքր ուշացնում ենք, բայց գալո՛ւ է այդ օրը, վախը սրտումդ սպասիր, դու և բոլոր քո գործընկերները: Քեզ ոչ Էրդողանն է օգնելու, ոչ Ալիևն է օգնելու, նրանք հենց առաջինն են քեզ փակելու, որովհետև դու Դուշամբեում՝ վերելակի մեջ, այդ հանդիպման ժամանակ Ալիևի հետ ստացար քո մահվան համբույրը: Մահվան համբույրը ճաշակել ես, ուրեմն սպասիր՝ սպասիր, որ գլխիցդ քեզ խփելու են, հերթ են կանգնած, ոչ միայն (կանայք) տղամարդիկ, այլ նաև կանայք: Այսօրվա խորհուրդը դա է...  Ցավալի է, բայց հուշարձանը չպետք է լինի միայն Աջափնայակ թաղամասում, հուշարձանը պետք լինի Երևանի բոլոր թաղամասերում, Երևանի կենտրոնում: Եվ նաև Հայաստանի այլ բնակավայրերում, այսպես մենք պետք է դաստիրարակենք և կրթենք մեր երեխաներին, որպեսզի այսպիսի ճիվաղներ չհայտնվեն վաղը, մյուս օր, մի քանի տարի անց՝ կառավարական շենքերում»,- ասել է Զարուհի Փոստանջյանը։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter