
Մաշտոցի այգի. օլիգարխիան ճաքեր է տալիս (վիդեո)
Ապրիլի 15-ին Մաշտոցի պուրակի ապամոնտաժող խումբը նորից փորձ արեց ապամոնտաժել անօրինական բուտիկները: Այս անգամ ապամնոտաժողների քանակը տասնյակ անգամ աճել էր: Շուրջ 60 հոգի պատրաստակամություն էր հայտնել դեղին սաղավարտներով միանալ ապամոնտաժող խմբին: Թե ինչ կատարվեց այսօր Մաշտոցի պուրակում, կարող եք դիտել տեսանյութն առանց մեկնաբանության:
Մանվել Սարգսյան` քաղաքագետ ապամոնտաժող. «Ոստիկանությունը չի կարող հասկանալ, որ ավելորդ ռեզերվներ այստեղ չունի, դա ընդամենը Հայաստանի ոստիկանությունն է, իսկ մեր ռեզերվը` ամբողջ ժողովուրդն է: Մենք կշատանանք, կմեծանանք այնքան, որ մարդիկ ի վերջո հասկանան` ժողովրդի դեմ ոչ մի բան հնարավոր չի անել: Ոստիկաններն իրենց վրա վերցրել են Հայաստանի օլիգարխների պաշտպանի դերը»:
Անդրեաս Ղուկասյան` իրավաբան ապամոնտաժող. «Այսպես մենք ապամոնտաժելու ենք բոլոր անօրինական կառուցները մեր երկրում, լինի դա օլիգարխիա, լինի դա բուտիկներ, լինի դա ցանկացած անօրինականությունը»:
Նվարդ Մանասյան. «Ես կարծում են, որ իրենք լավ չգիտեն իրենց պարտականությունները: Բարոյական առումով էլ շատ բան չգիտեն: Եղած օրենքն են պաշտպանում ինչքանով, որ հասկանում են, իսկ բարոյականության հատվածը, դա այդեն քաղաքականության խնդիր է: Եթե քաղաքապետարանի որոշումը բարոյական չի, մենք ավելի շատ մեծ ուժ ունենք, քան քաղաքապետարանի որոշումը»:
Հարություն Մեսրոբյան`կառավարման փորձագետ. «Ոստիանությունը կառավարվում է այն չգրված օրենքներով, որոնք մեզ մոտ հիմնվել են այս 20 տարվա մեջ: Այսինքն ախպերական հասկացություններ, իսկ մարդիկ, ուղղակի, սկսել են ընդվզել, իրենք սկսում են զգալ իրենց այս հողի տերը: Մի կողմից կիսագողական հոգեբանություն, մյուս կողմից էլ` մարդկային հասարակական, ազգային հոգեբանություն»:
Էդգար Վարդանյան` քաղաքագետ. «Այն, որ այդ գործողությունն օրինական է, փաստում է նույնիսկ ոստիկանությունը, երբ հայտարարում է, որ այս ապամոնտաժող խմբի գործողություններում չկա ոչ հանցանք, ոչ զանցանք: Չնայած այդ ամենին` ոստիկանությունը խախտում է օրենքը, եթե չկա ոչ զանցանք, ոչ հանցանք, ո՞ր իրավունքով է մարդկանց ոստիկանական մեծ ուժերի միջոցով հրաման տալիս հանել արգելապատնեշներից այն կողմ»:
Թեհմինե Ենոքյան
Lragir
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել